Երեւանի ավագանու նիստին տեղի ունեցած խայտառակ միջադեպի շուրջ կրքերը չեն դադարում: Ավելին` նոր հարցեր են ի հայտ գալիս: Արդյո՞ք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղաջրերի, մեղմ ասած, անմխիթար վիճակը շտկելու համար քաղաքապետի կողմից հանձնարարական է տրվել, ինչո՞ւ միջադեպին չեն միջամտել Երեւանի քաղաքապետի անվտանգության աշխատակիցները:
Այս եւ այլ հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից:
-Պարո՛ն Գեւորգյան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնարարական տրվե՞լ է` «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքի կոյուղաջրերի հարցը լուծելու համար:
-«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տարածքում կոյուղաջրերի խնդրի լուծումը «Նուբարաշեն» ՔԿՀ տիրույթում է: Քաղաքապետարանը դեռեւս մեկ տարի առաջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ին պատրաստակամություն հայտնել` աջակցելու խնդրի լուծմանը: Քաղաքապետարանը չի կարող ինքնագլուխ մուտք գործել այդ տարածք:
-Իսկ արդյո՞ք «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանու անդամները տեղյակ չեն դրանից, որ որոշել էին կոյուղաջուր բերել քաղաքապետարանի նիստերի սրահ:
-«Երկիր ծիրանի»-ն շատ հարցերից տեղյակ չէ:
-Պարո՛ն Գեւորգյան, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անվտանգության աշխատակիցներ ունի՞, թե՞ ոչ:
-ՀՀ բոլոր այն պաշտոնյաները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:
-Իսկ կոնկրետ քաղաքապետի դեպքո՞ւմ...
-Ես արդեն նշեցի. բոլոր այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:
-Եւ քաղաքապետը անվտանգության քանի՞ աշխատող ունի:
-Ես արդեն պատասխանել եմ…
-Պարո՛ն Գեւորգյան, իսկ քաղաքապետարանը անվտանգության աշխատողներ ունի՞, թե՞ ոչ…
-Ես արդեն պատասխանեցի Ձեր հարցին. ՀՀ բոլոր այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով կարող են ունենալ անվտանգության ծառայողներ, բոլորը նման իրավունքից օգտվում են:
-Քաղաքապետը անվտանգության քանի՞ աշխատող ունի…
-Ներողություն, ես արդեն ավարտել եմ Ձեր հարցին պատասխանելը…
-Ո՛չ, չեք ավարտել: Դուք իմ հարցին չեք պատասխանել…
-Ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի…
-Դուք նշում եք, որ բոլոր պաշտոնյաները նման իրավունքից օգտվում են, քաղաքապետը ե՞ւս օգտվում է…
-Ես արդեն պատասխանել եմ:
-Իսկ նախօրեին քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի ժամանակ որտե՞ղ էին անվտանգության աշխատողները:
-Ես արդեն պատասխանել եմ:
Եւ անջատեց հեռախոսը:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ