ՀՎԿ-ն վերադառնում է «աղջկական ազգանվանը». Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը` քաղաքական լուսանցքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանն այս ընթացքում հանդիպումներ ունեցավ ինչպես խորհրդարանական, այնպես էլ մի շարք արտախորհրդարանական ուժերի հետ: Բայց հատկանշական է փաստը, որ այդ ցանկից դուրս մնաց Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ»` նախկին «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Սա այն դեպքում, երբ Արմեն Սարգսյանը հարկ էր համարել հանդիպել անգամ քաղաքական դաշտում զրոյական ազդեցություն ունեցող այնպիսի կուսակցությունների հետ, որոնցից միայն անունն է մնացել՝ Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, ՍԴՀԿ, ՀՌԱԿ: Ու ստացվում է, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը նույնիսկ Դեմկուսի, ՀՌԱԿ-ի կամ Առաջադիմական միացյալ կոմկուսի չափ չկա:

Մինչդեռ, հիշեցնենք, ՀՎԿ-ն ոչ վաղ անցյալում (երբ դեռ ՕԵԿ էր) քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկն էր, որը հասցրել էր մի քանի անգամ իշխող կոալիցիայի մաս կազմել: 1998թ. հիմնադրված այս կուսակցությունը 1999-2017թթ. ընթացքում մշտապես ներկայացված է եղել խորհրդարանում` ունենալով առանձին պատգամավորական խմբակցություն: 2003-2006թթ. ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը: 2008-2014թթ. Արթուր Բաղդասարյանը ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր: 2006-2008թթ. այս կուսակցությունն ընդդիմադիր դիրքերից էր ներկայանում, բայց մարտի 1-ի սպանդից առաջ դարձավ իշխանության մաս:

Հետո այս կուսակցությունն ընդդիմադիր ճամբարում հայտնվեց 2014թ., վիրավորվել էին, որ ՀՀԿ-ն իրենց անձնուրաց ծառայությունները չի գնահատում եւ մի քանի պաշտոն ավել չի տալիս: Բայց ՕԵԿ-ն իր գոյության մոտ 20 տարիների այս ընթացքում այնքան շատ էր փոխել իր քաղաքական կողմնորոշումը, որ վաստակեց անսկզբունքային, քցող, դավաճանական կեցվածք ընդունող կուսակցության իմիջ: Հավանաբար, դրա համար ՕԵԿ-ը որոշեց անվանափոխվել` վերածվելով «Հայկական վերածնունդ» կուսակցության, բայց նրանց վերածնունդը չօգնեց, դեռ ավելին՝ ՕԵԿ-ը վերջին ԱԺ ընտրություններին դուրս մնաց խորհրդարանից:

Հավանաբար ՕԵԿ-ի այս վայրիվերումներն ու վարկաբեկված լինելն է պատճառը, որ Արմեն Սարգսյանը որոշեց չհանդիպել վարկաբեկված կուսակցության հետ` վերջինիս թողնելով լուսանցքում` հավասարեցնելով մարդ-կուսակցություններին:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՎԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանին, որն ասաց, թե Ա. Սարգսյանի կողմից հանդիպման առաջարկ «Հայկական վերածնունդ»-ին դեռեւս չի արվել: Իսկ թե առաջարկի դեպքում ինչպիսի՞ն կլինի մոտեցումը, նա նշեց, որ եթե առաջարկ լինի, այդ ժամանակ «կուսակցությունն իր մոտեցումը կներկայացնի»:

Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանն էլ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ասաց, թե այս պահին դեռ չկա ՀՎԿ-ի հետ հանդիպելու պայմանավորվածություն: Ըստ նրա` Արմեն Սարգսյանը խորհրդարանական ուժերի հետ հանդիպել է սեփական նախաձեռնությամբ, իսկ արտախորհրդարանականների դեպքում` նախաձեռնությունը հիմնականում եղել է հենց տվյալ ուժերի կողմից: Պետրոսյանը նաեւ նշեց, որ առաջիկայում այլ հանդիպումներ դեռեւս տեղի են ունենալու:

Միայն թե, նկատենք, եթե անգամ առաջիկայում Ա. Սարգսյանը հանդիպի ՀՎԿ-ի հետ, միեւնույն է` դրանով չի արժեւորի այս կուսակցությանը մեկ պարզ պատճառով. Արմեն Սարգսյանը, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշում կայացնելու համար ժամանակ էր խնդրել, արդեն ասել է, որ արդեն պատրաստ է հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ, հայտնելու դիրքորոշումը: Այսինքն՝ նա իր մեջ կայացրել է որոշումը, եւ առաջիկա օրերի հանդիպումներն արդեն ձեւական բնույթ են կրելու, ուղղակի սիրաշահելու համար դիմացինին:՝

Դարձ ի շրջանս յուր

Մինչ այդ, մեկ ուշագրավ փաստ. պարզվում է` «Հայկական վերածնունդ»-ն օրերս համագումար է անցկացրել եւ որոշում է կայացրել կրկին «Օրինաց երկիր» կոչվելու մասին: Հետաքրքիրն այն է, որ այդ համագումարն արվել է փակ դռների ետեւում` առանց լրատվամիջոցների: Իսկ տեղեկությունը հայտնի դարձավ միայն այն բանից հետո, երբ ՀՎԿ-ն մամլո հաղորդագրություն տարածեց համագումարի մասին: Թե որտեղ է անցկացվել համագումարը, պարզ չէ. կարելի է ենթադրել՝ նույն Արթուր Բաղդասարյանի աշխատասենյակում, մի քանի հոգով: Ինչպես երեւում է` այս ուժը որոշել է կրկին վերադառնալ «ակունքներին»: Պարզապես այստեղ հետաքրքիրն այն է, որ 2015 թվականի հունիսից ի վեր, երբ պաշտոնապես հայտարարվեց ՀՎԿ-ի ձեւավորման մասին, կուսակցության անդամներն ամեն կերպ ջանում էին ազատվել ՕԵԿ-ական անցյալից, սրբագրել նախկինի սխալները: Նրանք խիստ վիրավորվում էին անգամ ՕԵԿ հապավումը լսելիս: Իսկ հիմա ի՞նչ է ստացվում. իրենք վերադառնում են «աղջկական ազգանվանը»` ընդունելով, որ այս տարիներին եղել են նույն ՕԵԿ-ը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս