Տավուշի «ֆրանսիական օծանելիքը». գարշահոտության դեմ պայքարող չկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայից եւ պանրի արտադրամասից գարշահոտը տարածվում է միջպետական ավտոճանապարհին` այդ ճանապարհին երթեւեկողներին մեծ տհաճություն պատճառելով: Նշենք, որ այդտեղի արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Իսկ ահա Տավուշի մարզի խանութներում «ՀիմնաՏավուշ»-ի արտադրած պանիրը, այլ կաթնամթերքը չեն վաճառվում:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է: Նա հայտնեց, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Տավուշի մարզի գյուղերում մինչ այժմ 7 փոքր անասնաֆերմա է ստեղծել, ոռոգման ջրագծեր կառուցել, տավուշցի այգեգործներին պտղատու ծառերի տնկիներ է տրամադրել: Այժմ հիմնադրամը բիզնես ծրագիր է իրականացնում, բարձրորակ կաթնամթերք արտադրում` արտահանելով Ռուսաստան: Հովիկ Աբովյանը տեղեկացրեց, որ փետրվարի վերջին կկայանա հիմնադրամի աշխատանքային ժողով, որի ժամանակ կքննարկեն, թե 2018թ. «ՀիմնաՏավուշ»-ը ինչ ծրագրեր է իրականացնելու:

Հիմնադրամը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի կողմից, նրանք են որոշում, թե ֆինանսներն ինչ նպատակներով են ծախսվելու: Հ. Աբովյանի խոսքերով` «Հայաստան» համահայկական հիմնադրամը եւ Օ-դը-Սեն նահանգը նվազեցրել են «ՀիմնաՏավուշ»-ի ֆինանսավորումը, 2017թ. «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի բյուջեն ուղղված էր տնտեսության ուժեղացմանը, որպեսզի բիզնեսի միջոցով հիմնադրամը ինքնաբավ դառնա եւ բիզնեսից ստացված շահույթներով մարզի գյուղատնտեսական զարգացման ուղղված ծրագրեր իրականացնի: Հիմնադրամի տարածած գարշահոտի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` մարզպետն ասաց, որ համայնքային խնդիր է:

Իսկ դիտարկմանը, թե նշված անասնաֆերման գտնվում է Լուսաձորի տարածքում, սակայն միջպետական ավտոճանապարհի եզրին, դա համայնքային խնդիր չէ, մարզպետն ասաց` չնայած ինքն էլ է զգացել այդ հոտը, սակայն բնակիչներից այդ առթիվ բողոքներ չի ստացել: «Ցավոք սրտի, անասնագոմից ֆրանսիական դուխիի հոտ չի գալիս, որքան էլ կովերը ֆրանսիական լինեն»,- նշեց նա: Մարզպետ Աբովյանը, թերեւս, լավ հումոր ունի, սակայն այս իրավիճակում հումորը չի օգնում. հարկավոր են գործուն միջոցներ` խնդիրը լուծելու համար: Մնում է հուսալ, որ այս հրապարակումից հետո իշխանությունները ձեռնամուխ կլինեն շտկելու իրավիճակը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս