Մենք մինչև հիմա չենք հասկացել, որ «Եվրատեսիլը» քաղաքական խնդիր չի լուծում. Լուսինե Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք մինչեւ հիմա չենք հասկացել՝ «Եվրատեսիլն» իրենից ի՞նչ է ներկայացնում, ունենք ձայնային լավ տվյալներով երգիչ-երգչուհիներ, որոնք պատկերացում էլ չունեն, թե ինչ է կատարվում եվրոպական երաժշտության աշխարհում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն:

Նա խոստովանեց, որ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցներից իր համար բացահայտում է «Ալտերնատիվ» խումբը. «Խմբի անդամների համար մրցույթը ջրի երես դուրս գալու հրաշալի հնարավորություն է: Այսքան տարի հայկական երաժշտական աշխարհի ներկայացուցիչների հետ շփվելուց, նրանց ծանոթ լինելուց հետո հաճելի է հետաքրքիր պոտենցիալով խումբ բացահայտելը»:

Սակայն այս տարվա մասնակիցների շրջանում, ինչպես ինքն է ասում, Իվետա Մուկուչյան չի տեսնում. «Նկատի ունեմ մեկին, ով ներդաշնակ կլինի Եվրոպա հասկացության հետ: Նրա նման կերպար, նրա ներկայացրած հոգեվիճակն է պետք եվրոպական բեմին»,-շեշտեց Լուսինեն:

Անդրադառնալով, օրինակ, «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Կամիլի (Արսեն Գրիգորյան) կերպարին` Լուսինեն կարծիք հայտնեց, որ նա հազիվ թե եվրոպական բեմում հայտնվելու դեպքում հաջողություն գրանցի. «Թեպետ ասեմ, որ նա ինձ համար շատ զվարճալի կերպար է: Ուղղակի եթե Ավստրիան ներկայացավ Կոնչիտայի կերպարով եւ ուշադրություն գրավեց, դա չի նշանակում, որ նմանատիպ կերպարները կարող են Եվրոպային գիշեր-ցերեկ դուր գալ»:

Լուսինեի խոսքով՝ ի տարբերություն շատերի, որոնք քննադատում են «Եվրատեսիլը», ինքն այդ մրցույթը շատ է սիրում եւ շատ լուրջ է վերաբերվում դրան. «Ինձ դուր են գալիս, օրինակ, Իտալիայի, Շվեդիայի լուրջ մոտեցումները «Եվրատեսիլին», երկրներ, որոնք Եվրոպայում ճաշակ են թելադրում: Մենք պետք է նրանցից սովորենք, ոչ թե Ֆրանսիայի պես կայացած արտիստի՝ Պատրիսիա Կաասի ուղարկենք մրցույթին, կամ հակառակը՝ աննշան մեկին: Մենք պետք է հասկանանք, որ «Եվրատեսիլը» կոնկրետ շանս է արտիստի համար, բացի այդ՝ այն մեծ հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկների ուշադրությունը քո երկրի վրա գրավելու առումով: Բայց քաղաքական խնդիր «Եվրատեսիլը» չի լուծում, իսկ մենք հակառակի պես շեշտը հիմնականում դնում ենք դրա վրա»,- եզրափակեց հաղորդավարուհին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս