Առաջարկ ԱԺ պատգամավորներին. անվավեր ճանաչեք «Թեղուտին» տրված լիցենզիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի 200 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ ԱԺ պատգամավորներին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան անվավեր համարելու առաջարկով: Նամակում գրված է. «Հարգելի պատգամավորներ, խնդրում ենք կազմել պատգամավորական ժամանակավոր հանձնաժողով` մեր բարձրացրած խնդիրներին լուծում տալու համար: «Թեղուտ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ մեզ պատճառում է տնտեսական վնասներ և հրաժարվում է փոխհատուցում տալուց: Մեր հողերը, շենք-շինությունները յուրացրեց առանց համարժեք փոխհատուցման: Հայաստանում անտառները վաճառքի ենթակա չեն, բայց «Թեղուտ» ՓԲԸ-ն տարբեր տարիների կեղծված փաստաթղթերով և սեփականության իրավունքով հեկտարը 357.000-225.000 դրամով գնել է տասնյակ հեկտար անտառներ:

Պահանջում ենք այդ կեղծ գործարքները համարել անվավեր: Դեբեդի ավազանից առանց լիցենզիայի հարյուր հազարավոր խորամետր ավազ է արդյունահանվել: Թեղուտ գյուղը գազաֆիկացնելու փոխարեն «Թեղուտ» ՓԲԸ-ն Շնողից Թեղուտ միացնող գազատարը ապամոնտաժեց:

Տարիներ առաջ կառուցած շենք-շինությունները կադաստրում չգրանցելով` խուսափեց գույքահարկ մուծելուց: Համայնքապետարանից վարձակալությամբ վերցրած հողերի յուրաքանչյուր մ2-ին տարեկան վճարում է 7,2 դրամ, երբ մեկ ուրիշ կազմակերպություն նույն տարածքում 400 անգամ ավել է վճարում: Պոչամբարի կիրճի սևահողը մնում է պոչանքի տակ: Հետագայում ռեկուլտիվացիայի համար 150.000մ3 սևահող է պահանջվելու: «Թեղուտ» ՓԲԸ-ն հանքի շահագործման ժամանակ առաջացող տնտեսական իրական վնասները թաքցնելով է լիցենզիա ստացել: Քանի որ հանքի շահագործման լիցենզիան ձեռք է բերվել խաբեության միջոցով, և շահագործումն էլ կատարվում է շրջակա միջավայրին ու բնակչությանը վնասներ պատճառելով, առաջարկում ենք «Թեղուտ» ՓԲԸ-ին տրված լիցենզիան համարել անվավեր»:




Լրահոս