Արցախում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 54.8%-ով. առաջատարը Մարտակերտն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարվա ընթացքում Արցախում փաստացի գներով, թողարկվել է 97.5 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, որից իրացվել է 96.2 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրին ԱՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ համեմատության համար նշելով, որ 2016 թվականին փաստացի գներով, թողարկվել է 59 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, որից իրացվել է 58.6 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2016 թվականի նկատմամբ արդյունաբերական արտադրանքը աճել է 54.8%-ով՝ այդ թվում հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը՝ 2,6 անգամ, մշակող արդյունաբերությունը` 3.2%-ով, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը՝ 16.2%-ով և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակումը՝ 36.2%-ով:

Արդյունաբերական արտադրանքում հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը կազմել է 53.4%, մշակող արդյունաբերությունը` 21.3%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը` 24.3% և ջրամատակարարումը, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը՝ 1%:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2017թ.-ի արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, կազմել է 99.6%, ընդ որում՝ աճ է արձանագրվել մշակող արդյունաբերության և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում, համապատասխանաբար` 4.5 և 4 տոկոսներով:

Ստեփանակերտ քաղաքի արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է ընդհանուր արդյունաբերական արտադրանքի 28.3 %-ը, իսկ շրջաններից ամենամեծ մասնաբաժինը Մարտակերտի շրջանինն է՝ 56.5%:

Արդյունաբերական կազմակերպությունների ընդհանուր քանակում գերակշռել են գերփոքր և փոքր կազմակերպությունները, որոնց տեսակարար կշիռները կազմել են, համապատասխանաբար` 68.9 և 24%:

Հատկանշական է, որ 92.9% կազմող գերփոքր և փոքր կազմակերպությունները թողարկել են արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալի 19.4 %-ը, այն դեպքում, երբ կազմակերպությունների ընդհանուր թվաքանակում 7.1% կազմող միջին և խոշոր կազմակերպություններին բաժին է ընկել արդյունաբերական արտադրանքի ամբողջ ծավալի 80.6 %-ը:

Լուսանկարը՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության կայքէջի




Լրահոս