Դեսպանի ապտակը ՀՀ իշխանություններին. կամք չի դրսևորվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին օրերս բացահայտել է ՀՀ իշխանությունների կեղծիքները: Մասնավորապես նա անդրադարձել է Իրան-Հայաստան երկաթգծի ծրագրին` բաց տեքստով հասկացնելով, որ այն մինչեւ այժմ կյանքի չի կոչվել ՀՀ իշխանությունների կողմից նախաձեռնողականության բացակայության պատճառով: «Մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը, բայց Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի:

Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք»,-բառացի շեշտել է դեսպանը: Այսպիսով` Սաջադին բացահայտել է Իրան-Հայաստան այդպես էլ չիրականացված ծրագրի մութ մասերը` պարզորոշ հասկացնելով, որ երկաթգծի կառուցման ծրագրի տապալման մեղավորը հայկական կողմն է, որն այդպես էլ չփորձեց ներդրումներ անել այնտեղ: Եվ այս համատեքստում ուշագրավ է այն հանգամանքը, որ կառավարությունը ոչ վաղ անցյալում նշում էր, թե դեռ պետք է ուսումնասիրել` ծրագիրը տնտեսապես որքանով է ձեռնտու:

Խոշորամասշտաբ ու չափազանց կարեւոր տնտեսական նշանակություն ունեցող այս ծրագրի մասին վաղուց է խոսվում: 2008-ին Սերժ Սարգսյանը հանրությանն ու Ազգային ժողովին ուղղված իր ուղերձում հայտարարեց երեք խոշոր ծրագրերի մասին, որոնցից մեկը Իրան-Հայաստան երկաթգծինն էր: «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»,-շեշտեց նա: Սակայն երկար սպասված շինարարությունն այդպես էլ չմեկնարկեց: Իսկ այդ հայտարարությունից անցել է արդեն 10 տարի: 2012 թվականին կառավարության ծրագրում առաջին անգամ տեղ գտավ երկաթուղու շինարարության մասին դրույթը: 2013-ի ծրագրում նույնպես երկաթգծի ծրագրին անդրադարձ կար: Իսկ 2008-2012 թվականների ընթացքում երկու անգամ Իրան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել էր նաեւ երկաթգծի ծրագիրը: Կառավարությունը ստեղծեց «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՊՓԲԸ, պայմանագրեր ստորագրեց «Ռասիա ՖԶԷ» անվամբ ընկերության հետ, որն, ի դեպ, գրանցված էր օֆշորային գոտում:

Երկաթգծի շինարարությունը պաշտոնապես գնահատվեց 3,5 մլրդ դոլար: 2008 թվականից ի վեր իշխանությունները փորձում էին ներդրողներ գտնել` շինարարության մեկնարկը տալու համար: Սկզբում նրանց հույսն Ասիական զարգացման բանկն էր, հետո` օֆշորային «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը: Նախորդ տարվա նոյեմբերին էլ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտարարել էր, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի համար նախատեսված գումարից հնարավոր չէ առանձնացնել եւ տրամադրել Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը:

Իսկ իրանական կողմից մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն է դրսեւորվել` ծրագիրը կյանքի կոչելու: Սակայն այդ երկիրը չէր կարող փոխշահավետ ծրագրի համար փոխհատուցել նաեւ հայկական կողմի ծախսերը, մանավանդ, երբ ՀՀ իշխանությունները, ստացվում է, որպես այդպիսին շահագրգռված չեն եղել երկաթուղու կառուցմամբ: Եվ այսպիսով` տարիներ ի վեր հայտարարվող ու իբրեւ թե քննարկվող ծրագիրն այդպես էլ իրականություն չի դառնում: Մինչդեռ սրանով մեր երկրի տնտեսական դաշտն էապես կբարելավվեր: Ստացվում է` իշխանությունների կողմից պարզապես կամք չի դրսեւորվում` շահավետ նախագիծն իրականացնելու համար:

Նշենք, որ երկաթգծի կառուցման դեպքում այն կդառնա ամենակարճ ճանապարհը, որը կկապի Պարսից ծոցը Սեւ ծովին: Եվ մինչ մեր երկիրը մտածում է, թե որտեղից գումարներ գտնել, ինչի արդյունքում էլ ծրագիրը շարունակում է քնեցված մնալ, մարտ ամսին նախատեսվում է գործարկել Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածը: Դեսպանն ասել է, թե կապ չունի` հարեւան երկրում ինչ են անում: Պաշտոնյան շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները շատ լավ են, եւ իրենք պատրաստ են գործարկել երկաթգիծը:

Մերի Մարտիրոսյան




Լրահոս