Գյուղտեխնիկայի մաշվածությունը անցնում է 60 տոկոսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան մարզերի մեծ մասում գյուղատնտեսական տեխնիկա չունենալու կամ մաշված լինելու պատճառով հարյուրավոր հեկտարներով բերրի հողատարածքներ մնում են անմշակ: Դեռ ավելին` մեր հանրապետությունում գյուղեր կան, որտեղ ընդամենը մեկ տրակտոր է սպասարկում: Քիչ չեն նաեւ այն գյուղերը, որտեղ գյուղտեխնիկա ընդհանրապես չկա: Հատկապես խոտ հնձելու շրջանում գյուղացիները ստիպված են կա՛մ ավանդական մեթոդներով առաջնորդվել՝ ապավինելով սեփական բազկին, կա՛մ հարեւան գյուղերից գյուղտեխնիկա խնդրում, բերում` խոտհունձը կազմակերպելու համար:

Ըստ մասնագետների` տարիների ընթացքում առկա գյուղատնտեսական տեխնիկան այնքան է մաշվել, որ դրանց մի մասն ուղղակի շարքից դուրս է եկել. ի վերջո, եղած տեխնիկայի գերակշռող մասը շահագործվում է ավելի քան 30 տարի, իսկ մաշվածության աստիճանն անցնում է 60 տոկոսից: Ուշագրավ են այս առումով պաշտոնական թվերը. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկաներից տրակտորների քանակը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմել է 12 հազար 85: ԱՎԾ տվյալներով` դրանց թիվը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 125-ով ավելացել է: Ի դեպ, Հայաստանում կա 15 հազար 413 տրակտոր, որից միայն 12 հազար 85-ն է սարքին:

Ստացվում է, որ 3 հազար 328 հատ տրակտոր սարքին չէ: Օրինակ` Գեղարքունիքի մարզում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ սարքին տրակտորների թիվը կազմում է 2 հազար 250, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում` 2 հազար 240: Նշենք, որ Վայոց ձորի մարզը տրակտորներից ամենաաղքատն է. բայց չնայած սրան` մեկ տարվա ընթացքում այս մարզում տրակտորները 5-ով ավելացել են: Այս մարզում հունվարի 1-ի դրությամբ տրակտորների թիվը կազմել է 553` նախորդ տարվա 548-ի դիմաց:

Գյուղտեխնիկաներից հացահատիկային կոմբայնների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 16-ով: Դրանց քանակությունը ամբողջ Հայաստանում կազմում է 1352, որից միայն 1047-ն է սարքին: Հայաստանում կա 1802 հատ սարքին տրակտորային խոտհնձիչ: Այս տեսակի գյուղտեխնիկայից Լոռու մարզում կա 380 հատ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Լոռիում մեկ տարում ընդամենը մեկ խոտհնձիչ է ավելացել: Իսկ իշխանությունները դեռ խոսում են դեմքով գյուղն ու գյուղացին շրջվելու եւ, ընդհանրապես, մարզերի համաչափ զարգացման մասին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս