Հասարակական-քաղաքական շրջանակները շարունակում են ակտիվորեն քննարել Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը: Այդ միջադեպի ժամանակ իր ագրեսիվ վարքով աչքի ընկավ նաեւ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նախկին ղեկավար, ավագանու անդամ Արայիկ Քոթանջյանը. երբ ամեն ինչ ավարտվել էր, նա որոշեց նույնպես հետ չմնալ իր գործընկերներից. հարձակվեց Մարինա Խաչատրյանի վրա, հրեց նրան:
Արայիկ Քոթանջյանի պահվածքը, թերեւս, պատահական չէ. ժամանակին, երբ նա թաղապետ էր, «բախտ է» ունեցել ճաշակելու գործընկերների հասցրած ապտակները: Հավանաբար, նրա ենթագիտակցության մեջ այդ միջադեպը խորը հետք է թողել, եւ հանդիպելով հարմար առիթի` Քոթանջյանը որոշել էր սուբլիմացվել:
Հիշեցնենք, որ 2005 թվականին Երեւանի քաղաքապետարանում քաղաքապետի գլխավոր խորհրդական Գրիգոր Մելքումյանի աշխատասենյակում մայրաքաղաքի թաղապետերից մի քանիսը Քոթանջյանին մի լավ քոթակել էին: Այն ժամանակ մամուլում գրվեց, որ իրենց բռունցքները գործի էին դրել հատկապես Էրեբունիի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանն ու Արաբկիրի թաղապետ Հովիկ Շահինյանը: Պատճառն էլ եղել էր այն, որ այդ դեպքից առաջ Արայիկ Քոթանջյանը դատախազություն «գործ էր տվել» իր նախորդի դեմ: Քոթանջյանը հանդիպում է ունեցել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ, տեղեկացրել է, որ նախորդ թաղապետ Ռ. Սինոյանը մոտ 80 հազ. դոլար է վերցրել թաղապետարանի բյուջեից, բայց ոչ մի տեղ այդ ծախսերը չեն երեւում: Այսինքն` կա՛մ թալանել է, կա՛մ վատնել: Երվանդ Զախարյանն էլ պատասխանել է, որ այդ դեպքում անհրաժեշտ է դիմել դատախազություն, թող գործին օրինական ընթացք տան: Արայիկ Քոթանջյանն այդպես էլ արել է: Որից հետո էլ տեղի է ունեցել հաշվեհարդարը Արայիկ Քոթանջյանի հետ:
Բանն այն է, որ Երվանդ Զախարյանը Քանաքեռ-Զեյթունի թաղապետի ընտրություններում աջակցել է Արայիկ Քոթանջյանի հիմնական մրցակցին` Վալերիկ Հարությունյանին, որովհետեւ վերջինս Երեւանի քաղաքապետի հին եւ մտերիմ ընկերներից է: Վ. Հարությունյանի պարտությունից հետո Երվանդ Զախարյանը առիթ է փնտրել որեւէ կերպ վրեժխնդիր լինել Արայիկ Քոթանջյանից: Այսինքն` վերջինիս խորհուրդ է տվել դիմել դատախազություն, եւ երբ Քանաքեռ-Զեյթունի թաղապետը հետեւել է այդ խորհրդին, Երվանդ Զախարյանը այդ մասին անմիջապես տեղյակ է պահել հարցերը «ճշտով» եւ «տղայականով» լուծելու կողմնակից թաղապետերին, ու նրանք «գործ տալու» համար քոթակել էին Արայիկ Քոթանջյանին:
Քնար Մանուկյան