ՖՈՏՈ. Սելֆի անող ու քծնող մամուլի քարտուղարները. երբ լրագրողներին օգնելու փոխարեն խոչընդոտում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գերատեսչությունների մամուլի քարտուղարների թեման հավերժական է: Չնայած նրանց անմիջական պարտականությունն է ղեկավարի խոսքը հասցնել լրատվամիջոցներին, արդյունավետ դարձնել լրագրողի եւ իր ղեկավարի կամ այդ գերատեսչության միջեւ կապը, բայց մեզանում շատերը հակառակ կերպ են վարվում. փորձում են շեֆերին որքան հնարավոր է` հեռու պահել լրագրողներից: Ասել է, թե իրականում նրանք յուրօրինակ թիկնապահ են դարձել:

Մինչդեռ իրականում մամուլի քարտուղարի գործառույթը նաեւ այն է, որ շատ դեպքերում հանդես գա ղեկավարի կամ գերատեսչության անունից:

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայան

Ու որքան էլ քննադատենք ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին՝ լրատվամիջոցների միջեւ կողմնակալ վերաբերմունքի, լրատվամիջոցների հայտնի «սեւ ցուցակ»-ի հիմնադիր լինելու համար, սակայն նա բավական լավ է կատարում զուտ մամուլի խոսնակի գործառույթը: Շատ հարցերի շուրջ հենց ինքն է հայտնում ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը` տալով համապատասխան մեկնաբանություններ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան

Նույն իրավիճակն է նաեւ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի դեպքում. չկենտրոնանալով շատ հարցեր թաքցնելու նրա գործելաոճի, էմոցիոնալ մեկնաբանությունների ու ֆեյսբուքը պաշտոնական հարթակի հետ հաճախ շփոթելու սովորության վրա` փաստենք` մեկնաբանությունները լրատվականներն ընկալում են որպես պաշտպանության նախարարության պաշտոնական տեսակետ:

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյան

Այս կանոնը, սակայն, ընդհանրապես չի գործում Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի դեպքում: Բավարար չէ այն, որ նա բոլոր հարցերը հորդորում է ուղարկել գրավոր՝ էլեկտրոնային փոստի հասցեին, իսկ բանավոր, արագ պատասխանում է միայն «էլիտար» լրատվամիջոցներին, նաեւ երբեք նրանից չենք կարող լսել այս կամ այն հարցի վերաբերյալ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Բացառությունը թերեւս 2017 թվականին Դավիթաշենի հայտնի ծառահատումներ էին, երբ Վլադիմիր Հակոբյանը փոխանցեց, թե այդ դեպքերը Սերժ Սարգսյանը բարբարոսություն է որակել: Այլ նման դեպք, որ նա փոխանցի Սերժ Սարգսյանի պաշտոնական տեսակետը, դժվար է հիշել: Մինչդեռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակները նույնիսկ առանձին ասուլիսներ էին հրավիրում ու տեսակետներ հնչեցնում տարբեր հարցերի շուրջ:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանի աշխատանքի մասին խոսելն առհասարակ անիմաստ է: Եւ նա, եւ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը այս կամ այն հարցի պատասխանը միմյանց վրա են «գցում»` այդպես խուսափելով հստակ պատասխաներից: Բացի այդ` նրանք սովորություն ունեն ամբողջ օրն անհետանալու, չպատասխանելու զանգերին, ապա աշխատանքային օրվա վերջում հայտնվել ու պատճառաբանել, թե այլեւս չեն կարող հարցերի պատասխանել, քանի որ աշխատանքի վայրում չեն կամ զբաղված են: Բայց առաջին հերթին նրանց աշխատանքը պետք է լինի հենց լրատվամիջոցների հետ կապը, այլ ոչ թե այն ամեն կերպ խոչընդոտելը:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայան

Երեւանի քաղաքապետարանն ու Ազգային ժողովն այն կառույցներից են, որտեղ մամուլի խոսնակներ չկան. Արթուր Գեւորգյանը հանդիսանում է քաղաքապետարանի լրատվության վարչության պետը, Արսեն Բաբայանն էլ` ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի վարչության պետը: Նրանց երկուսից էլ լինում է ստանալ գերատեսչությանը կամ ղեկավարին վերաբերող հարցերի պատասխանները: Արթուր Գեւորգյանը, ինչպես պարզվեց, ավագանու նիստում տեղի ունեցած վերջին միջադեպից հետո նաեւ «կես դրույքով պարոն Տարոն Մարգարյանի թիկնապահ» է աշխատում. հիշում եք` լսելով շեֆի «դեմն առեք, շուտ-շուտ» հրամանը` ժամանակին նետվեց եւ կանգնեցրեց ավագանու ընդդիմադիր անդամին:

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյան

Բացի այդ` Արթուր Գեւորգյանն ավագանու այդ նիստի ժամանակ խոչընդոտել էր լրագրողների աշխատանքը` փորձելով թույլ չտալ տեսանկարահանել ՀՀԿ-ական ավագանիների բարբարոսությունը: Այլ վայրերում եւս նա չի մոռանում կանգնել Տարոն Մարգարյանի թիկունքում եւ իր ղեկավարի համար ոչ հաճելի հարցերի դեպքում փորձել ազատել նրան լրագրողներից: Այդպես է վարվում նաեւ Արսեն Բաբայանը, որ Բաբլոյանին «փախցնում է» լրագրողների ձեռքից, ավելին` նա հաճախ աչքի է ընկնում նաեւ սոցցանցի իր էջում ոչ սիրելի լրատվամիջոցների հոդվածների անձնական մեկնաբանություններով: Վերջերս էլ նրան կարող ենք տեսնել միայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի քաղաքական հայտարարությունները սրբագրողի դերում, ոչինչ ավելին:

Իսկ ինչպես են աշխատում այլ գերատեսչությունների մամուլի խոսնակները: Այստեղ եւս մեծապես տիրում է անլրջությունը: ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյան, կրթության եւ գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյան, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյան.

ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյան
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյան

թվարկվածներն այն խոսնակներն են, ումից ցանկացած պարագայում իրենց ղեկավարին մոտենալու դեպքում կարող ես լսել միեւնույն արտահայտությունը՝ «նա արդեն այդ հարցին պատասխանել է», «ժամանակ չունի», «շտապում է» եւ այլն: Սակայն զավեշտալին այն է, որ այդ նույն պատասխանից հետո նախարարները կանգնում եւ րոպեներ շարունակ զրուցում են լրագրողների հետ՝ թերեւս մոռանալով, որ «շտապում են», իսկ խոսնակներն այդ ընթացքում լարված հետեւում են, որ անցանկալի հարցեր չհնչեն, իսկ հետո թուլանալու համար սելֆիներ անում:

Թերեւս ավելորդ է խոսել այն խոսնակների մասին, ովքեր փորձելով պաշտպանել իրենց ղեկավարին` անհասանելի են լինում լրագրողի համար: Խոսքն առաջին հերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսնակ Անուշ Դանիելյանի մասին է: Ինչպես նախարարն է սիրում թաքնվել, այնպես էլ խոսնակը: Մյուս նախարարությունների խոսնակների մասին, թերեւս, անիմաստ է խոսել. օրինակ` սպորտի եւ երիտասարդության հարցերի, մշակույթի նախարարության խոսնակներն ուղղակի լուռ ու մունջ են:

Ի դեպ, ՀՀ կառավարության` հունվարի 18-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Օրինագծում առաջարկված փոփոխություններում նշված է, որ նախարարություններում մամուլի քարտուղարը միաժամանակ նշանակվում է հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավար: Մամուլի քարտուղարի պաշտոն կարող են զբաղեցնել հասարակայնության հետ կապերի կամ լրագրության բնագավառում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ ունեցող եւ 30 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Մինչդեռ հիմա, ինչպես հայտնի է, գրեթե բոլոր գերատեսչություններում առկա են ե՛ւ մամուլի քարտուղարներ, ե՛ւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարներ:

Պետք է հուսալ, որ արված փոփոխությունները կարող են նպաստել դաշտում տիրող իրավիճակի կանոնակարգմանը, եւ մամուլի խոսնակները կդառնան իսկապես լրագրող-ղեկավար կապի ապահովողը, այլ ոչ թե զբաղված կլինեն «ջրիկ» սելֆիներ անելով` լրագրողների շրջապատ ձեւավորելով եւ նախարարին լրագրողներից պահելով:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս