Կռիվ` խոզի մսի համար. ընկերության հետևում բարձրաստիճան պաշտոնյաներ են Արցախից և Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարբեր գերատեսչություններին սննդամթերք մատակարարող «Տիսա» ընկերությունը կրկին հայտնվել է տհաճ պատմության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը հերթական անգամ է դիմել գնումների բողոքարկման խորհուրդ եւ պահանջել «Տիսա»-ին «սեւ ցուցակ» գցել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւս պայմանագիրը միակողմանի լուծել էր «Տիսա» ընկերության հետ այն բանից հետո, երբ վերջինս թթվասերի փոխարեն իրացրել էր թթվասերային արտադրանք: Այս ընկերությունը իր կատարած խախտումների պատճառով բազմաթիվ անգամ հայտնվել է ֆինանսների նախարարության «սեւ ցուցակում», հետո արագ դուրս եկել, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից մի քանի անգամ ստացել է նախազգուշացումներ, անգամ տուգանվել է:

Բայց սա չի խանգարում, որ այս ընկերությունը շարունակի սննդամթերք մատակարարել մանկապարտեզներին, մանկատներին, դպրոցներին, զորամասերին եւ այլ գերատեսչություններին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` խախտում իրականացրած ընկերության հետեւում կանգնած են բարձրաստիճան պաշտոնյաներ ոչ միայն Հայաստանից, այլեւ Լեռնային Ղարաբաղից, եւ հենց այս ամենի արդյունքում է, որ ամեն կերպ ջրից չոր է դուրս եկել:

Այս անգամ «Տիսա» ընկերության հետ միակողմանի պայմանագիրը խզել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անցած տարվա դեկտեմբերի 26-ին Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրինությունը գրությամբ դիմել է ֆինանսների նախարարություն: Իսկ «Տիսա»-ն գնումների բողոքարկման խորհուրդ դիմել է այս տարվա հունվարի 16-ին եւ իր դիրքորոշումը հայտնել. սոցապ նախարարության եւ «Տիսա» ընկերության միջեւ անցած տարվա դեկտեմբերի 8-ին կնքված գնման պայմանագրի շրջանակներում մանկատան կողմից էլեկտրոնային եղանակով ստացել են 200 կգ խոզի մսի մատակարարման հայտ: Եւ դեկտեմբերի 12-ին պահանջվող 200 կգ խոզի միսը մատակարարվել է Խարբերդի մանկատուն: Բայց ընդունող հանձնաժողովը չի ընդունել մատակարարված խոզի միսը` պատճառաբանելով, որ այն չի համապատասխանում տեխնիկական բնութագրին: Այսինքն` ամբողջական չէ ու բաղկացած է տարբեր կտորներից, ինչի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:

«Եթե պատվերի հայտով գոնե նշվեր` միսը ուղարկել ամբողջական մսեղիքի տեսքով, (ջանդաք) միգուցե ընդառաջեինք եւ կատարեինք այդ ապօրինի պահանջը: Սակայն Խարբերդի մանկատունը իր այս քայլով մեզ դրել է ծանր կացության մեջ, եւ հետագայում միսը ստիպված վաճառել ենք ինքնարժեքից շոշափելի ցածր գնով` կրելով շուրջ 200 հազար դրամի վնաս»,- պարզաբանում է «Տիսա» ընկերությունը:

Ապա դեկտեմբերի 14-ին դեկտեմբերի 19-ի համար մանկատան տնօրինությունը կրկին պատվիրել է 200 կգ խոզի միս: Ըստ «Տիսա»-ի` այս անգամ բանավոր է զգուշացրել, որ միսը պետք է լինի ամբողջական մսեղիքի` «ջանդակի» տեսքով: Բայց ընկերությունը հաշվի առնելով իրենց դիտավորյալ պատճառված վնասի չափը` նախապես` դեկտեմբերի 15-ին, էլեկտրոնային եղանակով պատվիրատոին իրազեկել է, որ միսը ամբողջական լինելու պահանջը չի բխում կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրից, ուստի այն չեն մատակարարելու: Ապա «Տիսա»-ն մանկատան ղեկավարությանը տեղեկացրել է, որ իրենց անօրինական պահանջը չփոխելու դեպքում կարող են միակողմանի լուծել պայմանագիրը` խոզի միս չափաբաժնի մասով:

Փոխարենը դեկտեմբերի 19-ին «Տիսա»-ն մանկատան ղեկավարության կողմից գրություն է ստանում այն մասին, որ որոշում է կայացվել միակողմանի խզել պայմանագիրը խոզի մսի չափաբաժնի մասով: Մինչդեռ «Տիսա»-ն պնդում է, որ հապճեպ կարգով պայմանագիրը մասամբ լուծելու որոշումը իրենց հնարավորություն չի տվել խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, ինչպես նշված է պայմանագրում: Ըստ «Տիսա»-ի` իրենք դարձել են այս դեպքում մանկատան ղեկավարության «կամայականությունների զոհը»` կրելով զգալի նյութական վնաս:

Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Լիաննա Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրւյցում հայտարարեց, որ այս պահին «Տիսա» ընկերության հետ իրենք չեն համագործակցում: «Մեր պահանջը ապօրինի չի եղել, ինչպես պնդում է «Տիսա»-ն: Մենք դրա գրավոր բոլոր պատասխանները ներկայացրել ենք: Այս պահին մենք չենք համագործակցում «Տիսա»-ի հետ: Մենք տարվա կտրվածքով «Տիսա» ընկերությունից թերի աշխատանքի շատ դեպքեր ենք նկատել»,- պատասխանեց մանկատան տնօրենը:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Տիսա»-ն դիմել է բողոքարկման խորհրդին եւ խնդրել է անվավեր ճանաչել մանկատան ղեկավարության` խոզի մսի չափաբաժնի մասով պայմանագիրը խզելու որոշումը: Նաեւ խնդրել է ստիպել Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարությանը ընկերությանը պատճառված 200 հազար դրամը փոխհատուցել:

Այս ամենի արդյունքում գնումների բողոքարկման խորհուրդը որոշում է կայացրել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով խորհրդում նախաձեռնված պաշտոնական ընթացակարգը մերժել: Ասել է, թե գնումների բողոքարկման խորհուրդը դարձյալ հիմքեր չի գտել ընկերությանը «սեւ ցուցակում» ներառելու:

Սյունէ համբարձումյան




Լրահոս