Վրեժ Կիրակոսյանը հանդես կգա նախ՝ անսպասելի ժանրում, հետո՝ անակնկալ դուետով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իքս ֆակտոր 1» երաժշտական մրցույթի հաղթող, երգիչ Վրեժ Կիրակոսյանը, ով հայտնի է իր դասական կատարումներով, առաջիկայում հանդես կգա նոր, անսպասելի ժանրում: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ աշխատում է նոր երգի վրա, որը դասականի եւ ռոքի միքս է. «Երգն արդեն պատրաստ է, այն Հայաստանի մասին է, հեղինակները սփյուռքահայեր են: Երգի միջոցով համայն հայությանը միավորվելու կոչ կանեմ: Ստեղծագործության հիման վրա մինչեւ ամառ կնկարահանվի նաեւ տեսահոլովակ»:

Վրեժը տեղեկացրեց, որ կա եւս մեկ երգ, որի վրա աշխատում է. այս անգամ խոսքը զուգերգի մասին է. «Շատ անսպասելի համագործակցություն է սպասվում հայ աստղերից մեկի հետ, երգը նեոդասական ժանրում է, այլ մանրամասներ չեմ հայտնի»:

Ի դեպ, նշենք, որ 2017 թվականից հինգ տարի ժամկետով Վրեժ Կիրակոսյանը նշանակվել է Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն: Մենք հարցրինք` Վրեժը հանդիպումներ, անձնական զրույցներ ունենո՞ւմ է քոլեջի սաների հետ, նրանց խորհուրդներ տալի՞ս է. «Իհարկե, լինում են հանդիպումներ: Ես շատ անմիջական մարդ եմ` անկախ պաշտոնից, ինձ շատ են գրում, խնդրում են հանդիպել, լինում է, որ ամբողջ ընտանիքով են գալիս, նստում ենք, զրուցում ենք, արտերկրից են զանգահարում, խորհուրդներ են հարցնում: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ քոլեջն ունի լավ, ամուր հիմքեր եւ ավանդույթներ: Ինձնից առաջ այն Նադեժդա Սարգսյանն էր ղեկավարում, իսկ նրա դպրոցը ամբողջ հանրապետության մասշտաբով ուժեղ դպրոց է: Շարունակում ենք պահել նրա դրած ավանդույթները»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ ուրախությամբ հայտնեց, որ այն բանից հետո, ինչ 2017 թվականին «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթում հաղթեց քոլեջի սանը` Էրիկ Մկրտչյանը, քոլեջը մրցույթի կազմակերպիչների հետ պայմանագիր է կնքել, ըստ որի` թե՛ մանկական, թե՛ մեծերի «Սլավյանսկի բազարում» Հայաստանը պաշտոնապես կներկայացնի քոլեջը. «Ստեղծվելու է պրոֆեսիոնալ ժյուրի, լինելու են նախընտրական փուլեր, եւ այն, որ մեզ նման գործառույթ է վստահվել, իսկապես մեծ ձեռքբերում է մեզ համար»,-եզրափակեց Վրեժ Կիրակոսյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս