Ուրախ եմ, որ կարողացել եմ զավակներիս ընկերացնել՝ անկախ այն բանից, որ նրանք տարբեր մայրերից են. Սամվել Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է «Մեր մանկության տանգոն», «Մարիամ», «Փեսացուն կրկեսից» ֆիլմերից, «Կյանքի գինը», «Վերադարձ», «Կարմիր բլուր» սերիալներից հայտնի դերասան Սամվել Սարգսյանի հետ:

-Պարո՛ն Սարգսյան, հայ կինոյի զարգացման տեմպերը Ձեզ բավարարո՞ւմ են:

-Իհարկե ոչ: Իսկ մենք զարգացում ենք ապրո՞ւմ, այդ ի՞նչ ենք արել, որ զարգանանք, մի կինոյի անուն տվեք` բացի այն մեյմունություններից, որոնցից մեկում դժբախտություն եմ ունեցել նկարահանվելու նաեւ ես: Կամ գուցե կինո նկարահանվում է, ես չգիտեմ:

-Շատերն, օրինակ, այն համոզման են, որ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը մեկ քայլ առաջ էր այն ամենից, ինչ մինչ այդ ունեինք։

-Ի՞նչ Մհեր Մկրտչյան: Աբոյի տղե՞ն (նկատի ունի ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին-հեղ.): Ես չեմ տեսել այդ ֆիլմը, չեմ կարող կարծիք հայտնել: Իսկ, ընդհանուր առմամբ, երբ հայ ներկայիս կինոն համեմատում եմ այլ երկրների կինոյի հետ, հասկանում եմ, որ մնացել ենք հին տաշտակի առաջ: Գիտեք` ինձ համար միեւնույն չէ, թե ինչ ֆիլմում եմ նկարվում, ես եմ պատասխանատու իմ դերի համար: Եթե կինոն լավը չի, հո չե՞ն ասում` սցենարիստը, կամ ռեժիսորն էր վատը. առաջինը թիրախում հայտնվում է դերասանը: Հարցն այն չէ` ես կարո՞ղ եմ տվյալ դերը խաղալ, թե՞ ոչ, այլ այն, թե դա ինձ ոգեւերո՞ւմ է, թե՞ ոչ:

-1990-ականներին շուրջ 8 տարի խաղացել եք Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հիմա այնտեղ աշխատելու հրավեր, ցանկություն ունե՞ք:

-Ինձ թատրոն հրավիրում են հիմնականում կոլեգաներս: Ինչ-որ ներկայացումներ դուրս եկել են, որոշները` ոչ: Բայց երբ համեմատում եմ, օրինակ, Ռուսաստանում ոնց են աշխատում, ուր են հասել, ցավ եմ ապրում: Հասկանո՞ւմ եք` մենք դեռ «Պեպոյի» վրա ենք, չնայած` Պեպոն էլ կարելի է հետաքրքիր մատուցել: Ինչ վերաբերում է թատրոն վերադառնալուն, ապա այդ թեմայի շուրջ խոսակցություններ ունեցել եմ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի հետ: Մի օր նա ասաց` հեռախոսդ թող, զանգեմ, հանդիպենք, ասացի` զանգիր: Դեռ կոնկրետ առաջարկներ չեն եղել:

Չնայած կուզենայի վերադառնալ իմ տուն, որտեղ աշխատել եմ, բայց այնքան բան է փոխվել, չգիտեմ` որ մտնեմ, ինչ կլինի: Ժամանակին, երբ աշխատում էի Խորեն Աբրահամյանի հետ, ամեն բան ուրիշ էր, հիմա` ուրիշ:

-Մայր թատրոնն այսօր կատարո՞ւմ է իր ֆունկցիան:

-Եթե դա Մայր թատրոն է, ուրեմն պետք է «մերություն» անի (ծիծաղում է):

-Անո՞ւմ է:

-Առանձնապես բան չեմ նայել, չգիտեմ` ովքեր են այնտեղ, ինչի են ընդունակ, կարծում եմ` Արմենը կարող է ինչ-որ բան փոխել:

-Մի փոքր էլ սերիալներից խոսենք: Ի՞նչ եք կարծում` ո՞րն էր, օրինակ, Ձեր մասնակցությամբ «Կյանքի գինը» սերիալի հաջողության գրավականը: Գուցե այն, որ մեծ գումարնե՞ր էր ներդրված նախագծում, հիմա այդպիսի սերիալներ նկարահանվո՞ւմ են:

-Այո՛, նաեւ դա։ Հիմա, երբ սերիալներից հրավերներ եմ ստանում, եւ փողային հարցեր ենք քննարկում, ասում եմ` դուք գիտե՞ք` ես ինչքան եմ ստացել: Ինձ ասում են` հիմա ժամանակները փոխվել են, ասում եմ` լավ, գոնե նորմալ սցենար գրեք, որ հետաքրքիր լինի, թե չէ` նայում ես ու գիտես, թե հաջորդիվ ինչ է լինելու: Դա արդեն հետաքրքիր չէ: Կամ էլ պետք է, որ սերիալում հետաքրքիր դերասաններ խաղան, բայց այդպիսիք այսօր այնքան քիչ են: Վերադառնալով գումարին, իհարկե, այդ գործոնը եւս կարեւոր է ինձ համար, բայց դա չի նշանակում, որ լավ վճարելու դեպքում ինձ ինչ ասեն, կանեմ: Ես կարող եմ սցենարը կարդալ ու ասել` Էս ո՞վ է գրել էս ապուշությունը, ես սա չեմ խաղա, կա՛մ փոխեք, կա՛մ սցենարիստին զգուշացրեք, որ պրիմիտիվ, հիմար բաներ չգրի, ոչ թե նայի եսիմինչական սերիալ ու դա սարքի հայկական:

-Պետք է որ այդ պարագայում Ձեզ հետ աշխատելը դժվար լինի…

-Ես սկզբունքային եմ, ոչ թե կամակոր: Այն մարդիկ, որոնք ինձ առաջարկներ են անում, շատ լավ ճանաչում են ինձ:

-Մարդկային հարաբերություններում ի՞նչը չեք հանդուրժում:

-Դավաճանությունը, սրիկայությունը, ատելությունը, ոչ պունկտուալ լինելը:

-Որդի եւ դուստր ունեք: Նրանց հանդեպ խի՞ստ եք:

-Առաջնեկս առաջին կնոջիցս է, լուրջ տղա է, զինվորական, իսկ դուստրս` ուրիշ կնոջից: Երկուսին էլ շատ սիրում եմ, ուրախ եմ, որ կարողացել եմ այնպես անել, որ քույր եւ եղբայր ընկերանան` անկախ այն հանգամանքից, որ նրանք տարբեր մայրերից են: Նայում եմ, սիրտս փառավորվում է: Ի դեպ, ասեմ, որ տղաս եւ աղջիկս բավական ուշ տարքիում են իրար հետ ծանոթացել: Ընդ որում, աղջիկս գիտեր, որ եղբայր ունի, բայց տղաս չգիտեր, որ քույր ունի: Ասեմ, որ տղաս բնավորությամբ ինձ է նման, դուստրս էլ Սոս Սարգսյանի թոռնուհին է:

-Շատերին է հետաքրքրում` Դուք հիմա ամուսնացա՞ծ եք, թե՞ ոչ:

-Այսինքն` աղջիկներն են հարցնո՞ւմ: Չէ՛, ամուսնացած չեմ:

-Այսօր ինչի՞ մասին եք երազում:

-Որ առողջ լինեմ եւ կարողանամ լավ աշխատել, երեխեքիս տիրություն անել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս