Նստեինք, նայեինք, թե մեր գլխին ոնց են լցնելո՞ւ, հա՞. ՀՀԿ խմբակցության ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 13-ին Երեւանի ավագանու` իսկական շոուի վերածված նիստի շուրջ շարունակվում են քննարկումները: «Երկիր Ծիրանի խմբակցության ավագանու անդամներից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պաշտպանելու հանձնառությունն իրենց վրա վերցնողների թվում էր Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցելէ նրա հետ` փորձելով հասկանալ, թե ինչու կնոջ հետ նման կերպ վարվեցին:

-Պարո՛ն Մկրտչյան, ինչո՞ւ Դուք եւ Ձեր գործընկերները հասաք ու քաշքշեցիք Մարինա Խաչատրյանին:

-Ես այնտեղ կին չեմ տեսնում:

-Բայց ինչո՞վ էր վտանգավոր «Երկիր Ծիրանի»-ի կին անդամը, որ այդքան դաժան վարվեցիք:

-Այդ ժամանակ, երբ իրենք տարաներով մոտենում էին առջեւի նստածներին, ընդհանրապես ուրիշ թեմաներով էր խոսակցություն գնում: Միգուցե արժեր հայտարարել, որ այսպիսի բան կա, բերում ենք, Ձեզ ցույց տանք` Դուք ինքներդ էլ տեսնեք: Այնտեղ նստածներից ոչ ոք չգիտեր, թե այդ տարաների մեջ ինչ կա: Դա ի՞նչ է նշանակում. իրենք իրենց ապահովագրում են մասկաներով, ձեռնոցներով, մնացածի հերն էլ անիծած, հա՞:

-Եթե նորից նման դեպք լինի, ի՞նչ կանեք:

-Իսկ ի՞նչ եք առաջարկում. նստեինք, նայեինք, թե մեր գլխին ոնց են լցնելու, հա՞: Իսկ Դուք ինչպե՞ս կվարվեիք:

-Ինձ Ձեր կարծիքն է հետաքրքիր:

-Ինձ էլ Ձեր կարծիքն է հետաքրքիր: Դաժան կլինեիք, չէ՞:

-Տարոն Մարգարյանն իր «հասեք, դեմն առեք» հրահանգով վա՞տ դրության մեջ դրեց իր գործընկերներին:

-Հրահանգ չի եղել: Եվ նա մեզ վատ դրության մեջ չի դրել: Մենք արել ենք այն, ինչ պետք է անեինք:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս