Մարտակերտում հանդիսավոր նիստ է տեղի ունեցել՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթից՝ ավելացնելով, որ մինչ միջոցառման մեկնարկը կենտրոնի նախասրահում կազմակերպված էր Արցախյան շարժման թեմատիկայով լուսանկարների ցուցադրություն: Այնուհետև կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Նվեր Սաիյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ելույթներով հանդես են եկել Արցախյան շարժման ակտիվիստներ Ժորա Առաքելյանը, Գառնիկ Իսրայելյանը, 1988-ի փետրվարի 20-ի հանրագումարի մասնակից Լենա Ղահրամանյանը: Ելույթով հանդես է եկել նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Նա շնորհավորեց ներկաներին՝ շարժման 30-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով Մարտակերտի դերը Արցախյան շարժման և հետագա հաղթանակի գործում: Միջոցառման 2-րդ մասում համերգային ծրագրով հանդես են եկել Մարտակերտի մշակույթի եւ երիտասարդության կենտրոնի երաժիշտները:

Հանդիսավոր նիստին ներկա էին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Սերգեյ Հարությունյանը, շարժման ակտիվիստներ, ՊԲ սպաներ, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, ուսուցիչներ, աշակերտներ և հյուրեր:




Լրահոս