ՀՀ ոստիկանությունն ու մշակույթի նախարարությունը ի՞նչ քայլեր են անում հուշարձանների պահպանության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը հուշարձանների պահպանության գործընթացներն ապահովելու նպատակով օրինազանցության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում ինչպես ՀՀ ոստիկանություն, այնպես էլ դատախազություն: Նախարարությունը 2016-2017թթ. կատարված մոտ 18 օրինախախտման դեպքերի կապակցությամբ հայցադիմումներ է ներկայացրել իրավապահ մարմիններին խախտում թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը:

Իսկ ոստիկանությունն ի՞նչ կոնկրետ մեխանիզմներ է մշակում` ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությունը կազմակերպելու համար, արդյո՞ք համագործակցում է, օրինակ, համայնքապետերի հետ` նման դեպքերը կանխելու համար:

Ոստիկանությունից «Ժողովուրդ»-ի հարցմանը պատասխանեցին, որ պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից պահպանվում են ՀՀ կառավարության` 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության առընթեր ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների եւ կազմակերպությունների շենքերի եւ շինությունների, ինչպես եւ կարեւորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» որոշման հավելվածներում ընդգրկված պատմամշակութային հուշարձանները: Այդ դեպքերում ֆինանսավորումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեից։

«ՀՀ կառավարության կողմից վերոհիշյալ որոշման մեջ նմանատիպ նոր օբյեկտներ ընդգրկվելու դեպքում դրանք նույնպես սահմանված կարգով կվերցվեն պահպանության ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից: ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ստորաբաժանումներն իրենց պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում համագործակցում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ»,- ասված է պատասխանում։

Իսկ տեխնիկական, մարդկային ի՞նչ ռեսուրսներ են հարկավոր` նման դեպքերից խուսափելու համար: Ոստիկանությունից նշել են, որ դրանք սահմանվում են պահպանվող օբյեկտի համար կազմված նախնական հետազոտման ակտի հիման վրա եւ յուրահատուկ են պահպանության վերցվող ամեն օբյեկտի համար, այսինքն` յուրաքանչյուր դեպքում ցուցաբերվում է անհատական մոտեցում։

Ոստիկանության, համայնքապետերի, մշակույթի նախարարության ցուցաբերած «անհատական մոտեցման» արդյունքը, սակայն, տարիներ շարունակ գործնականում տեսանելի չէ: Երբ վնասվում է, կողոպտվում է որեւէ հուշարձան (հիշենք, օրինակ, Դավիթ Բեջանյանի «Հավերժության ժապավեն» քանդակը վնասելու մասին դեպքերը։ Այն, ի դեպ, գտնվում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզային ծառայության պահպանության ներքո), մշակույթի նախարարությունը տվյալ հուշարձանի պահպանման եւ վերականգնման գործը գցում է համայնքի ղեկավության վրա, համայնքապետարանից իրենց հերթին նշում են, որ հուշարձանը պահպանելու կամ վերականգնելու համար միջոցներ չունեն, ոստիկանությունն էլ հաճախ լվանում է ձեռքերը: Այդպիսով` հուշարձանի փրկությունը լավագույն դեպքում ստանձնում է բարերարը:

«Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ մշակույթի նախարարությանը հետեւյալ հարցով` գերատեսչությունը կողոպուտի, թալանի, վանդալիզմի դեպքերից խուսափելու համար հուշարձանների պահպանության ի՞նչ կոնկրետ մեխանիզմներ է մշակում:

Նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը մեր հարցմանն ի պատասխան` տեղեկացրեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն հանձնված եւ նրա տնօրինության տակ գտնվող հուշարձանների հսկողությունն անմիջապես իրականացնում է սեփականատերը կամ օգտագործողը. «Վահանավանքի համալիրում Սյունյաց թեմի հետ համաձայնությամբ նշանակված է մոմավաճառ եւ հոգեւոր հովիվ, եւ կատարված թալանի դեպքը իրականացվել է թեմի կողմից գանձանակը տեղադրելուց հետո ոչ պատշաճ հսկողության պատճառով»,-ասված է նախարարի տեղակալի պատասխանում:

Ինչ վերաբերում է կոնկրետ մեխանիզմներին, փոխնախարարը պատասխանել է. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ստեղծվել է օպերատիվ արձագանքման բաժին եւ գործում է թեժ գիծ: «Միաժամանակ, ՀՀ մշակույթի նախարարությունում քննարկվում է առաջին իսկ հնարավորության դեպքում լուծել հուշարձանների տեխնիկական վերազինման հարցը (տեսախցիկների տեղադրում, լուսաձայնային ազդանշաններով ապահովում)»:

Հարց է ծագում` երբ եւ ինչ միջոցներով պետք է ընձեռվի այդ «առաջին իսկ հնարավորությունը», եթե հուշարձանների պահպանությունն ապահվելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ պետական բյուջեից սուբսիդավորման եղանակով տարեկան միջոցներ է հատկացնում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին. 2017 թվականին հատկացված միջոցները կազմել են ընդամենը 368 միլիոն 694 հազար դրամ, 2018-ին` 344 միլիոն 332 հազար դրամ: Ոլորտի մասնագետները բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ դա չնչին գումար է, եւ այդ միջոցներով հնարավոր չէ ապահովել հարյուրավոր հուշարձանների պահպանությունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս