Երբ ես դուրս եմ գալիս բեմ, տղաս սթրեսի մեջ է ընկնում և լալիս է, նույնիսկ եղել է, որ ելույթս չեղարկվել է. Գոհար Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը առաջիկա պլանների, ամուսնու՝ իր լավագույն խորհրդատուն լինելու եւ իր գործունեության վերաբերյալ երեխաների արձագանքի մասին զրուցել է երգչուհի Գոհար Հովհաննիսյանի հետ:

-Գոհա՛ր, առաջիկայում Ձեզնից նոր երգեր, տեսահոլովակներ սպասե՞նք:

-Այո՛, ունեմ երգեր, որոնք կատարելու եմ նորովի: Խոսքը մեր հին հայրենասիրական, ազգագրական երգերի մասին է՝ «Մենք անկեղծ զինվոր ենք», «Հայ ֆիդայիններ» եւ այլն: Ի դեպ, մարտին համերգով հանդես եմ գալու Ստավրոպոլում, այնուհետեւ մինչեւ մայիս-հունիս ամիսները՝ Վաշինգտոնում, Տորոնտոյում:

-Ձեր դիտարկումներով՝ արտերկրի հայ համայնքներից որո՞նք են համեմատաբար ակտիվ եւ որո՞նք՝ պասիվ:

-Ռուսաստանից, օրինակ, տարեկան մեկ-երկու անգամ համերգի հրավերներ են լինում, նախկինում բավական ակտիվ էին նաեւ Լոս Անջելեսի հայ համայնքի համերգային կազմակերպիչները: Բայց վերջին տարիներին այդ պասիվությունը մարել է: Երեւի դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հայ երգիչներ վերջին շրջանում բնակություն են հաստատել այնտեղ, եւ մեր կարիքն առանձնապես չի զգացվում:

-Երկրպագուները Ձեզնից սպասում են նաեւ զուգերգեր, առաջիկայում կարդարացնե՞ք նրանց հույսերը:

-Այո՛, կարծում եմ՝ այս տարի դուետներ կլինեն Աղասի Իսպիրյանի եւ Ռուբեն Սասունցու հետ:

-Գոհա՛ր, Ձեր զավակները էկրանին տեսնելով Ձեզ՝ ճանաչու՞մ են: Ինչպե՞ս են արձագանքում Ձեր գործունեությանը:

-Երկու զավակ ունեմ՝ որդիս վեց տարեկան է, աղջիկս՝ երկու: Ասեմ, որ տղաս փոքրուց այդքան էլ լավ չի արձագանքել իմ երգելուն: Նա հիմնականում նյարդայնանում է, երբ բեմում տեսնում է ինձ: Փոխարենը աղջիկս մեծ ոգեւորությամբ է դիմավորում ինձ բեմում: Նույնիսկ երբ նրան հումորով ասում են, թե իր մաման լավ չի երգում, վրդովվում է: Դուստրս հենց նստում է մեքենա, անպայման իմ երգն է միացնել տալիս: Իսկ տղայիս համար դա միեւնույն է: Երբ համերգների ժամանակ երկրպագուները գալիս են` ինձ հետ լուսանկարվելու, տղաս սթրեսի մեջ է ընկնում, ձեռքս բռնում ու լացում է: Անգամ եղել է համերգ, որի ժամանակ հայտարարել են իմ անունը, բայց ես բեմ դուրս չեմ եկել, որովհետեւ տղաս շոկի մեջ էր ընկնում, գոռալով լալիս էր, ասում էր՝ մի՛ երգիր: Կարծում եմ, որ մեծանա, կփոխվի: Երեւի որդուս մեջ այդ պահերին խանդն է խոսում:

-Գուցե նաեւ այն է պատճառը, որ համերգների պատճառով Ձեր երեխաներին «հասանելիք» ժամանակը վերցնում եք եւ տալիս հանդիսատեսին…

-Դա էլ կարող է լինել, բայց արի ու տես, որ աղջիկս իրեն այդպես չի պահում:

-Որքանով տեղյակ եմ, Ձեր ամուսինը եւս երաժշտական աշխարհի ներկայացուցիչ է: Նրա հետ ինչ-որ հարցերի շուրջ խորհրդակցո՞ւմ եք:

-Այո՛, ամուսինս դհոլահար է, նաեւ դասավանդում է Նորքի Հայորդաց տանը: Ընտանիքում, իհարկե, ամուսնուս հետ խոսում ենք գործնականից, նա իմ ամենամեծ խորհրդատուն է երգերի ընտրության հարցում, երգերիս ընտրությունը հիմնականում նրանն է լինում:

-Տարբեր խնջույքների ժամանակ հաճա՞խ են խնդրում Ձեզ երգել: Երբեմն այդ ամենը հոգնեցուցիչ չէ՞:

-Առհասարակ, սիրում եմ երգել նման առիթների ժամանակ: Եթե խնջույքի ես, պետք է նաեւ երգես, չէ՞ որ բոլոր հարազատները սպասում են դրան, իսկ ես մեծամտանալ չեմ սիրում, ուրեմն ինչո՞ւ հարազատների համար ուրախության առիթներ չստեղծել: Միաժամանակ փոքրուց որեւէ երգ պարտադրված չեմ երգում: Եթե համապատասխան մթնոլորտն ապահովված է, սիրում եմ կատարել հարազատներիս խնդրանքը:

-Գիտեմ, որ գործի բերումով հաճախ եք ճամփորդում: Հասցնու՞մ եք տան գործերն անել:

-Այո՛, լրիվ գործերն անում եմ, նույնիսկ բուրդ եմ լվանում եւ վերմակներ եմ կարում (ծիծաղում է): Ընդհանրապես, եկել եմ այն համոզման, որ մարդ որքան զբաղված է լինում, այնքան օպտիմալ է օգտագործում ժամանակը: Մարդու մտքին տեղ լինի…

-Եվ վերջում՝ հիմա ի՞նչ երազանք եք պահում:

-Երազում եմ, որ խաղաղ երկրում ապրենք, միմյանց առողջ տեսնենք եւ կարողանանք մեր երեխաներին հասցնել իրենց նպատակներին:

Անի Անտոնյան




Լրահոս