ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարությունը շարունակո՞ւմ է «քերթել»գործարարներին.. ինչ է պարզաբանում ՊԵԿ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ֆինանսական ոլորտի նախարարները մի ժամանակ պնդում էին, թե դադարել են բիզնեսից գերավճարներ հավաքագրել, դեռ ավելին՝ վերադարձնում են նախորդ տարիներից կուտակված գերավճարները, պաշտոնական վիճակագրությունը միանգամայն այլ բանի մասին է վկայում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 160.8 մլրդ դրամ գերավճար:

Մինչդեռ նախորդ տարի այս թիվը համեմատաբար քիչ էր. 2017թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների ունեցած գերավճարը կազմել էր 138.2 մլրդ դրամ: Այլ կերպ ասած, գերավճարներն ավելացել են 22.6 մլրդ դրամով:

Փաստորեն այս կառավարությունը եւս չի փոխել իր գործելաոճը` շարունակելով «քերթել» գործարարներին եւ այդպես հավաքելով հնարավորինս շատ հարկեր, ընդ որում՝ նրանք գործարարներին ստիպել են կատարել ոչ միայն ընթացիկ տարվա հարկային պարտավորությունները, այլ նաեւ կանխավճար մուծել: Մինչդեռ գործարարներն այս գումարը կարող էին շրջանառության մեջ դնել ու լրացուցիչ եկամուտներ ստանալ:

Այս անչությամբ ՊԵԿ լրատվական ծառայությունից այս առնչությամբ պարզաբանում են ներկայացրել, որն էլ ներկայացնում ենք ստորև: «Ներկայումս (01.01.2018թ-ից սկսած) խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների թիվը կազմում է 1258 հարկ վճարող, որոնց հարկային գերավճարները 01.01.2017թ-ի դրությամբ կազմել են 183.6 մլրդ դրամ, իսկ 01.01.2018թ-ի դրությամբ՝ 176.0 մլրդ դրամ, այսինքն՝ գերավճարները նվազել են 7.6 մլրդ դրամով կամ 4.1%-ով:

Հաշվի առնելով ակցիզային հարկի և հարկային գործակալի կողմից պահվող ոչ ռեզիդենտի շահութահարկի գծով գերավճարների առկայության առանձնահատկությունները (հաշվարկների ներկայացման համար սահմանված են ավելի ուշ ժամկետներ և այդ մասով գերավճարների աճը կամ նվազումը ընդհանուր հաշվարկում հաշվի առնելը նպատակահարմար չէ), ապա կստացվի, որ գերավճարների հանրագումարը 01.01.2017թ-ի դրությամբ կազմում է 157.0 մլրդ դրամ, իսկ 01.01.2018թ-ի դրությամբ՝ 142.6 մլրդ դրամ, այսինքն՝ գերավճարները նվազել են 14.3 մլրդ դրամով կամ 9.1%-ով: Այդ թվում՝ ԱԱՀ-ի գծով գերավճարները նվազել են 1.949,8 մլն դրամով, շահութահարկի գծով՝ 10.500,5 մլն դրամով, իսկ ԵՏՄ երկրներից ներմուծումների ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով՝ 2.456,4 մլն դրամով»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս