ՆԵՐԿՈԱԼԻՑԻՈՆ «ԲԱԶԱՐՆԵՐ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլին սպասվող նոր կառավարության ձեւավորմանն ընդառաջ` ՀՅԴ-ն կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՀԿ-ի հետ փորձում է շանտաժի լեզվով խոսել` նպատակ ունենալով իշխանության ներսում ընդլայնել իր ներկայացվածությունը: Այդ մասին է վկայում ՀՅԴ բյուրոյի եւ ԳՄ վերջին նիստում ընդունված հայտարարությունը, որտեղ թափանցիկ ակնարկներ կան իշխանության հասցեին` ընդ որում, ձեռքբերումները վերագրելով իրենց, ձախողումների մեղքը բարդելով ՀՀԿ-ի վրա: Միաժամանակ ՀՅԴ-ն ներկայացրել է իր տեսլականը, թե ինչ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել իրական առաջընթացի, եւ այդ քայլերի թվում ՀՅԴ-ն առանձնացրել է կադրային քաղաքականությունը: «Վարել բարձր որակավորում ունեցող, մրցունակ ու վստահելի մարդկային կապիտալ ձեւավորելուն ուղղված արդար ու թափանցիկ կադրային քաղաքականություն»,-նշված է այնտեղ: Հասկանալի է՝ այս ակնարկը պատահական չէ եւ խոսում է ՀՅԴ ցանկությունների մասին: Մեկ փաստ էլ. հայտարարության մեջ ՀՅԴ-ն խոսել է ԸՕ-ում գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգը վերանայելու մասին: Սա, ինչպես հայտնի է, օրենսդրական հնարավորությունն էր, որի արդյունքում ՀՀԿ-ին հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել: Ու հիմա ՀՅԴ-ն բարձրաձայնում է այդ հնարավորությունը վերացնելու մասին: Բայց, դե, հասկանալի է՝ մի քանի պաշտոն ավել ստանալուց հետո ՀՅԴ-ն կմոռանա այս պահանջների մասին, մանավանդ, հիշում եք՝ ժամանակին նրանք կողմ քվեարկեցին ռեյտինգային ընտրական համակարգ սահմանող ԸՕ-ին:

 

 

2017թ. ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.7 տոկոս, եւ սա մեծ հրճվանք է պատճառել իշխանություններին. ամեն քայլափոխի գործադիրի ներկայացուցիչները փորձում են պարծենալ արձանագրված հաջողությամբ: Պարզվում է, սակայն, տնտեսական աճի հարցում մեծ դերակատարություն ունեցել են արտերկրից Հայաստան փոխանցված գումարները, որոնք վերջին տարիներին դարձել են ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժը: ԿԲ հրապարակած վիճակագրական տվյալներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում ֆիզիկական անձանց անունով ՀՀ մուտք է եղել 1 մլրդ 756.4 մլն դոլար, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 1 մլրդ 532.8 մլն դոլար էր: Այս գումարի ահռելի մասը՝ 1 մլրդ 64 մլն դոլարն ուղարկվել է ՌԴ-ից, իսկ 183 մլն-ը՝ ԱՄՆ-ից: Եւ դժվար է պատկերացնել՝ եթե չլինեին այս գումարները, արդյո՞ք իշխանություններին կհաջողվեր տնտեսական աճ գրանցել:

 

 

ՄԻՊ եւ ՍԴ աշխատակազմերն իրականացրել են ՀՀ սահմանադրական դատարանի` 2015-2016 թվականների որոշումների կատարման վիճակի համատեղ ուսումնասիրություն: Պատկերը բավական հիասթափեցնող է. ՍԴ որոշումներում մարդու իրավունքների ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ իրավական պահանջներից շատերն այդպես էլ կատարված չեն: Ասել է, թե ԱԺ-ն հակառակ ՍԴ որոշումներին` այդպես էլ չի փոխել հակասահմանադրական ճանաչված օրենսդրական մի շարք դրույթներ: Սա, մեղմ ասած, խայտառակություն է, քանի որ ՍԴ որոշումները սովորաբար ենթակա են պարտադիր կատարման: Մինչդեռ մեզանում հակառակ վիճակն է եւ այդպես է տարիներ շարունակ: Մյուս կողմից, սակայն, նկատենք՝ դժվար է ասել, թե ո՞վ պետք է ստիպի խորհրդարանին փոխելու հակասահմանադրական դրույթները, եւ դրանք չանելու դեպքում ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառվել: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի հետ. «Կան կատարված եւ չկատարված որոշումներ»,- նշեց նա, սակայն չցանկացավ մանրամասնել ուսումնասիրության արդյունքները:

 

 

Չնայած տարածքային համաչափ զարգացման մասին իշխանությունների հայտարարություններին, Հայաստանի մարզերում սոցիալ-տնտեսական վիճակը տարբերվում է էապես: Սա երեւում է նաեւ միջին աշխատավարձի չափերից: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ 2017թ. ընթացքում ամենացածր աշխատավարձը վճարել են Արագածոտնի մարզում, միջինը՝ 122 հազար դրամ, երկրորդ տեղում ՀՀ ամենաաղքատը համարվող մարզն է՝ Շիրակը. այստեղ էլ վճարում են միջինը 132 հազար դրամ: Իսկ ահա ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում. միջին աշխատավարձը կազմել է 242 հազար 900 դրամ, Երեւանում` 208 հազար 500 դրամ: Ինչպես հայտնի է` հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք ոսկու, պղնձի հանքեր են շահագործում, հիմնականում գտնվում են Սյունիքի մարզում: Սա է պատճառը, որ բարձր աշխատավարձի առումով Սյունիքի մարզն առաջին տեղում է, իսկ Երեւանում աշխատավարձը բարձր է, քանի որ այն մայրաքաղաք է, եւ հետո՝ այստեղ էլ ՏՏ ոլորտն է զարգացած:

 

 

ԳԼՈՒԽ Է ԳՈՎՈՒՄ
Վարչապետ Կարեն Կարապետյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում խոսել է 2017թ. ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալներին, նույնիսկ հրապարակել մի քանի ցուցանիշ, բնականաբար, աճի մասին: Ըստ Կարեն Կարապետյանի` 2017թ. ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առեւտրի ծավալն աճել է շուրջ 25 տոկոսով: «Նույն ժամանակահատվածում արձանագրվել է Հայաստանից դեպի ԵԱՏՄ շուկա արտահանման մատակարակումների աճ՝ 40.4 տոկոսով, ինչպես նաեւ ներմուծման մատակարարումների աճ՝ 18.9 տոկոսով, – ասել է նա ու նույնիսկ խոսել Հայաստանի տնտեսական վիճակի մասին,- նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 7.7 տոկոս, եւ ակնակալում ենք, որ ՀՆԱ-ի աճը մոտավորապես նույն մակարդակի է լինելու»:
Կարեն Կարապետյանի հայտարարած թվերն առաջին հայացքից բավական տպավորիչ են հնչում, հատկապես, եթե չես խորանում մանրամասների մեջ: Իսկ մանրամասների մեջ խորանալուց հետո միանգամայն այլ պատկեր է պարզվում: Սկսենք նրանից, որ 2016թ. տնտեսության մեջ, այդ թվում՝ առեւտրաշրջանառության ոլորտում տխուր վիճակ էր. բավական է միայն հիշել, որ տնտեսական աճը 0.2 տոկոս կազմեց, նաեւ շատ փոքր էին առեւտրաշրջանառության ծավալները: Ու այս պարագայում բնական է, որ 2017թ. ընթացքում տնտեսության մեջ ցանկացած դրական տեղաշարժը պետք է մեծ աճ թվար: Տոկոսային հարաբերությամբ աճը մեծ է, բայց որակապես այն դեռեւս բավարար մակարդակի վրա չէ, որպեսզի ՀՀ քաղաքացին իր մաշկի վրա զգա իշխանությունների նվաճումների հետեւանքները: Խնդիրը, սակայն, միայն այսքանով չի սահմանափակվում. ՀՀ վարչապետը խոսել է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առեւտրաշրջանառության ծավալների 25 տոկոս աճի մասին: Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրներից ՀՀ-ն միայն ՌԴ-ի հետ ունի մեծ ծավալների առեւտրաշրջանառություն. ՌԴ-ի հետ առեւտուրը կազմում է ընդհանուր առեւտրաշրջանառության 26.7 տոկոսը: Իսկ, ահա, ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալները շատ փոքր են, կարելի է ասել՝ աննշան: Բելառուսի հետ առեւտուրը կազմում է ընդհանուրի 0.7 տոկոսը, Ղազախստանի հետ առեւտուրը՝ 0.1 տոկոսը:
Նման պատկեր է նաեւ արտահանման ցուցանիշները դիտարկելիս. դեպի ՌԴ արտահանումն աճել է 44.6 տոկոսով, իսկ ահա դեպի Ղազախստան արտահանումը նվազել է 1.2 տոկոսով, իսկ դեպի Բելառուս՝ 48.3 տոկոսով: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ Ղրղզստանի հետ ՀՀ առեւտրաշրջանառության ծավալներին, ապա դրանք այնքան փոքր են, որ ԱՎԾ-ն առանձին տողով չի ներկայացնում: Եւ այսքանից հետո դեռ ՀՀ վարչապետը գլուխ է գովում:




Լրահոս