ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐՈՂ Է ԻՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանական կառավարման պարագայում երկրի առաջնորդը լինելու է վարչապետը: Իսկ նախագահի լիազորությունները լինելու են շատ սահմանափակ, թեեւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը միանգամայն այլ բան էր պնդում: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:

-Պարո՛ն Սահակյան, խորհրդարանական կառավարման պարագայում հանրապետության նախագահի լիազորությունները սահմանափակվելու են: Այս դեպքում նախագահը ինչպե՞ս կարող է ազատ գործել, եթե հիմնական իշխանությունը վարչապետի ձեռքում է լինելու:
-Երբ անցում եք կատարում խորհրդարանական կառավարման, բառն ինքնին հուշում է, որ գոյություն ունի հետեւյալը. հիմնական որոշումները կայացնում է խորհրդարանը, այսինքն՝ կոլեգիալ մարմինը: Այն որոշումները, որոնք, օրինակ, նախկինում նախագահն էր կայացնում, հիմա վարչապետն է կայացնում՝ խորհրդարանի հետ կազմակերպելով կառավարման գործընթացը: Նախագահը որպես ներկայացուցչական է, որպես պետության գլուխ մեր Սահմանադրությամբ ունի որոշակի գործառույթներ, օրինակ` երբ որ, ասենք, ներկայացնում են հաստատման այս կամ այն գործընթացի մեջ պաշտոնյայի, եթե համաձայն չէ, կարող է պատճառաբանություններով դիմել Սահմանադրական դատարան, որն էլ քննելով, ասենք, եթե լուրջ որոշումներ կան, կարող են որոշում կայացնել, մերժել: Իսկ մնացած բոլոր գործառույթները, այն, ինչ որ ունի կիսանախագահական եւ նախագահական կառավարման ձեւի դեպքում նախագահը, բնականաբար, խորհրդարանական կառավարման ձեւի պարագայում նախագահն այդ լիազորությունները չունի:
-Հանրապետության նախագահը հետեում է Սահմանադրության կատարմանը, ի՞նչ է ենթադրում այդ հոդվածը, նախագահի ո՞ր լիազորություններն են ծանրակշիռ ու ազդեցիկ:
-Ծանրակշիռ ու ազդեցիկ լիազորությունները հետեւյալն են. ինքը` որպես պետությունը ներկայացնող, նաեւ որպես պետության նախագահ, պետք է լինի այնպիսի մարդ, որը կկարողանա այդ դիրքը, պաշտոնը, ազդեցությունն օգտագործել տարբեր հարաբերություններում՝ սկսած միջազգային հարթակներից, երբ որ ներկայանում է հանդիպումներին: Իսկ ինչ վերաբերում է Ձեր մատնանշած հոդվածին, ապա մենք ունենք Սահմանադրություն, որտեղ սեւով սպիտակի վրա տարբեր դրույթներ են ամրագրված, դա ենթադրում է հետեւել դրանց կատարմանը, ընթացակարգերին եւ այլ քայլերին: Եթե դրանք չկան, կարողանում է դիմել Սահմանադրական դատարան:
-Ամեն դեպքում, ըստ Սահմանադրության` նախագահը համարվում է պետության գլուխը:
-Դրա համար նշեցի, որ լիազորությունն ավելի համակարգող, ավելի ներկայացուցչական, ավելի ծանրակշիռ է: Եթե հաշվի առնենք նաեւ անցած ճանապարհ կամ որոշակի գործընթացների մեջ թրծված… ազդեցության առումով պետք է այնպիսին լինի, որ խոսքը ծանրակշիռ լինի, եւ տարբեր առումներով, նաեւ որպես պետության գլուխ՝ ֆորմալ եւ ոչ ֆորմալ առումներով, կարողանա լիազորությունները կյանքի կոչել:
-Բայց ՀՀ-ում ինչպե՞ս է հնարավոր լինել ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահ եւ թեկուզ անկուսակցական լինելով` քաղաքական առումով իշխող կուսակցությունից կախում չունենալ:
-Իհարկե, հնարավոր է, որովհետեւ այդ ձայների շեմը հաղթահարելու համար պետք է մեծամասնությունն իրեն առաջադրի: Եթե ավելի փոքր քաղաքական ուժ առաջադրի, այդ ձայները չունեն: Խորհրդարանական կառավարման ձեւը հենց սա է, որ որոշակի առումով համագործակցի բոլոր քաղաքական ուժերի հետ եւ ունենա ավելի լայն վստահություն: Արմեն Սարգսյանն այն, ինչ անում է այս օրերին՝ հանդիպելով տարբեր շրջանակների հետ, հենց խորհուրդը դա է: Միգուցե ձայների առումով առաջադրելու իրավունքը ՀՀԿ-ին է պատկանում, բայց ամբողջ շերտերի ներկայացուցիչն է:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՆՇԵԼ ԻՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՏՈՆԸ

Փետրվարի 20-ին լրանում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը: Իշխանությունները, սակայն, այնքան էլ ակտիվություն չեն դրսեւորում` նորագույն պատմության կարեւոր էջերից մեկի` շարժման հոբելյանը նշելու հարցում: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց խորհրդային տարիների քաղբանտարկյալ, գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, անկախական գործիչներից Ազատ Արշակյանի հետ:

-Պարո՛ն Արշակյան, մոտենում է Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, սակայն իշխանության կողմից պասիվություն է նկատվում այն նշելու առումով: Փոխարենը այլ առիթներ նշվում են մեծ շուքով: Ինչո՞վ եք բացատրում այս հանգամանքը:
-Երկու կարեւոր պատճառով. Ղարաբաղյան շարժումը նաեւ ազգային-ազատագրական շարժում էր: Հայաստանը ստացավ անկախություն, անկախացավ Սովետական Միությունից: Սովետական Միություն ասելով` պետք է հասկանանք ռուսական իմպերիան: Այդ շարժումը հակառուսական, հակաիմպերիական շարժում էր: Հիմա դա նորաձեւ չէ: Այսօրվա իշխանությունը ազգային-ազատագրական ազատություն, ժողովրդավարություն դրանցից հեռու է, եւ նա դա չի կարող նշել, քանի որ նա հակաժողովրդավարական է, հակահայկական է: Երկրորդ` այն մարդիկ, ովքեր շարժումը սկսեցին եւ բերեցին իր տրամաբանական ավարտին` Հայաստանն անկախ հռչակեցին, նրանք այսօրվա քաղաքական իշխանությունից հեռացվել են: Այդ տոնը նշել եւ հիշել նրանց, նշանակում է` հիշել, որ նրանք հեռացվել են իշխանությունից, հիշել, որ իշխանությունները Արցախյան շարժման, Հայաստանի անկախության հակառակորդներն են: Իշխանությունը չի կարող նշել իր մրցակիցների տոնը:
-Այսինքն` այս իշխանությանն այս պահին ձեռնտո՞ւ չէ նշել տոնը:
-Իհարկե, ձեռնտու չէ: Մարդիկ, ովքեր կերտեցին անկախությունը, հեռացված են եւ հեռացված են, ոչ թե հենց այնպես բացակայում են, այլ հեռացված են եւ այսօր էլ համարվում են անցանկալի եւ իմպերիայի համար, ռուսական իմպերիան ունի տարբեր մականուններ, դա ռոմանովների կայսրությունն էր, հետո դարձավ Սովետական Միություն, հիմա ԵԱՏՄ: Սա ընդամենը մականուն է: Իրականում այս մարդիկ վերադարձել են նախաարցախյան շարժման կարգավիճակին: Արցախյան շարժման հոբելյանին պետք է նախօրոք պատրաստվեին, ակցիաներ պետք է անցկացվեին: Դա մեկ, երկու օրում չեն անում: Բացի այդ` այս տարի Առաջին Հանրապետության ստեղծման 100-ամյակն է լրանում: Ընդհանրապես, ամբողջ տարին պետք է անկախության տարի հռչակվեր: Բայց իշխանությունը, որը երկիրը հանձնել է, անկախությունը հանձնել է, նա ինչպես պետք է նշի անկախության տոնը: Դա նշանակում է, որ հենց ինքն իրեն պետք է հակահերոս հայտարարի, հակահայկական, հակաարցախյան: Եթե ժողովրդավարություն չկա, անկախություն չկա, Արցախը կգնա այն կարգավիճակին, որ ունեցել է մինչեւ Ղարաբաղյան շարժումը: Մինչեւ անկախացումն Արցախը եղել է գերի:
-Ո՞ր իշխանությունը պատշաճ ձեւով կնշեր անկախությունը:
-Այն իշխանությունը, որն անկախությունը եւ ազատությունը համարում է արժեք: Այն իշխանությունը, որը համարում է, որ Արցախը Հայաստան է: Այդպիսի իշխանությունը կնշեր ե՛ւ անկախությունը, ե՛ւ միացումը:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԿՐԿԻՆ ԾԻՏՆ ՈՒ ԲԼԴԻՆ
Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները քաղաքաշինության, բնապահպանության եւ կոմունալ հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ խանգարել են վերջինիս բնականոն ընթացքը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ավագանու` այդ հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, «Ելք»-ից ցանկացել են հարցեր ուղղել, սակայն ՀՀԿ-ականները հորդորել են արագացնել ու ավարտել նիստը: Սամսոնյանը հանձնաժողովի նախագահին խնդրել է կարգավորել հարցը, սակայն վերջինս, նրա փոխանցմամբ, չի կարողացել դա անել: Խնդիրը շտկելու նպատակով «Ելք»-ի անդամները ներս են հրավիրել մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների, որպեսզի վերջիններս զսպեն ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամներին: Սա տեսնելով` ավագանու հանրապետական անդամներ Արմեն Սահակյանը եւ Հովհաննես Ավանեսյանը՝ հայտնի Ծիտն ու Բլդին, խուճապահար են եղել: Ի դեպ, երեկ համացանցում տեղադրված էր այդ նիստի տեսագրության հատվածը, որտեղ երեւում էր, թե ինչպես ՀՀԿ-ականները` տեսնելով տեսախցիկներով «ներխուժողներին», հապշտապ փորձում են փախչել. նրանք դուրս են եկել սենյակից, հետո վերադարձել՝ փորձելով թաքցնել շփոթմունքը: Հիշեցնենք, որ ավագանու այս երկու անդամները նախկինում աչքի են ընկել իրենց «անբռնազբոսիկ» վարքագծով, երբ ավագանու նիստին փորձել էին խանգարել ընդդիմադիր խմբակցությունների անդամների ելույթները, վիրավորել նրանց:

 

 

ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՀԱՐՈՒՍՏԸ
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Սենիկ Վարդանյանը, չնայած այդքան էլ բարձր աշխատավարձ չունի, բայց դրամական միջոցներից խեղճ չէ: Ըստ նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրի՝ ունի մեկ բնակարան եւ «Nissan Tida 1.8 I» մակնիշի մեկ ավտոմեքենա: Պաշտոնյայի ունեցած փոխառությունը կազմում է 15 մլն դրամ: Իսկ դրամական միջոցները կազմում են 80 հազար դոլար, 35 հազար եվրո եւ 17 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Վարդանյանը որպես եկամուտ հայտարարագրել է ստացած աշխատավարձը, որը ամսական կազմում է 338 հազար դրամ: Միայն թե, հետաքրքիր է, ինչպե՞ս է պարոն Վարդանյանն իր այդ աշխատավարձով այդքան մեծ եկամուտ կուտակել:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ ՀՀ ԿԳՆ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի: Այս ՓԲԸ-ն համալսարանից պահանջում է 52 միլիոն 427 հազար 499 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ինժեներ Լիգա» ՓԲԸ-ն շինարարական ծառայություն է մատուցել համալսարանին, բայց դրա դիմաց չի ստացել նախատեսված գումարը: Եւ հիմա ընկերությունը ծառայությունների համար նախատեսված գումարը ստանալու համար ընկել է դատարանի դռները:




Լրահոս