ՄԱՐԶԵՐՈՒՄ` ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՎ ՇԱՏ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ՀՀ իշխանություններն առիթը բաց չեն թողնում` ոգեւորված հայտարարելու, թե ամեն քայլ ձեռնարկում են ՀՀ մարզերի համաչափ զարգացման ուղղությամբ, սակայն ստեղծված պատկերը հակառակն է ապացուցում: Ե՛ւ գործազուրկների թվով, ե՛ւ աշխատավարձի չափով ՀՀ մարզերը գտնվում են ավելի վատ վիճակում, քան Երեւանը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը անցած տարվա ընթացքում կազմել է 194 հազար դրամ` մոտ 400 դոլար:
Հայաստանում միջին ամսական ցածր աշխատավարձը ՀՀ Արագածոտնի մարզում է գրանցվել. այն կազմել է 122 հազար դրամ: Այս առումով երկրորդ տեղում Շիրակի մարզն է, որտեղ միջին աշխատավարձը կազմել է 132 հազար դրամ: Հիշեցնենք, որ Շիրակի մարզում է աղքատության ամենաբարձր ցուցանիշը` մոտ 44 տոկոս: Նաեւ նշենք, որ նախորդ տարի ամենաշատ գնաճն էլ արձանագրվել է Երեւանում, Գյումրիում ու Վանաձորում՝ 3.1-3.2 տոկոս:
«Ժողովուրդ» օրաթերթը Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանից հետաքրքրվեց պատճառների մասին: «Հիմնականում պետական ոլորտի աշխատողներն են՝ դպրոցների, բուժհաստատությունների: Միայն դպրոցներում 2300 մանկավարժ ունենք, գումարած ուսումնաօժանդակ անձնակազմը: Նրանց գերակշիռ մասը պետբյուջեից է աշխատավարձ ստանում: Գործարաններ, որտեղ սովարաբար միջին ամսական աշխատավարձը բարձր է լինում, մեզ մոտ, դժբախտաբար, քիչ են: Կարծում եմ, որ մասնավոր հատվածում զբաղվածների տեսակարար կշռի փոքր լինելն է դրա պատճառը: Բայց մենք ծրագրեր ունենք պլանավորած…, աշխատատեղեր բացելու մասին մտածում ենք»,- ասաց նա:
Նշենք, որ պաշտոնապես Հայաստանում անցած տարվա ընթացքում ամենաբարձր աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում. այնտեղ միջինը կազմել է 242 հազար 900 դրամ, Երեւանում` 208 հազար 500 դրամ:
Ինչպես հայտնի է` հանքարդյունաբերական ընկերությունները, որոնք ոսկու, պղնձի հանքեր են շահագործում, հիմնականում գտնվում են Սյունիքի մարզում: Սա է պատճառը, որ ողջ Հայաստանում ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը Սյունիքի մարզում է: Իսկ ՀՀ մյուս մարզերում ոչ միայն աշխատավարձի չափն է ցածր, այլեւ գործազուրկների թիվն է ավելի: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ միայն հանքարդյունաբերության ոլորտում անցած տարվա նոյեմբերին միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 390 հազար դրամ
Իսկ, ընդհանրապես, ամենաբարձր աշխատավարձը անցած տարվա նոյեմբերին գրանցվել է տեղեկատվության եւ կապի ոլորտում` կազմելով 440 հազար դրամ: Էլեկտրականության, գազի գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 250 հազար դրամ: Շինարարության ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 214 հազար դրամ, պետական կառավարման պաշտպանության եւ պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում` 235 հազար դրամ:
Հատկանշական է, սակայն, փաստը, որ մեր հանրապետությունում ամենացածր աշխատավարձ ստացել են մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ոլորտի աշխատողները` 116 հազար դրամ: Իսկ կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատավարձը կազմել է 122 հազար դրամ: Այս պատկերը, համաձայնեք, խիստ մտահոգիչ է եւ վկայում է այն մասին, որ իշխանությունները պարզապես անտեսում են կարեւորագույն այդ ոլորտները:
Ինչեւէ, խնդիրները, սակայն, այսքանով չեն սահմանափակվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն անցած տարվա դեկտեմբերին Հայաստանում աշխատանք փնտրող մարդկանց թիվը կազմել է 85 հազար 983 մարդ, նրանցից 70 հազար 236-ը գործազուրկ է: Բնականաբար, թվով շատ գործազուրկ բնակիչ ունի Շիրակի մարզը` 12 հազար 886: Նշված մարզում դեկտեմբերին աշխատանք փնտրել է 16 հազար 17 քաղաքացի: Գործազուրկների թվի աճով Շիրակին հաջորդում է Երեւանը, որտեղ դեկտեմբերին 13 հազար 594 մարդ է աշխատանք փնտրել: Մայրաքաղաքում դեկտեմբերին գործազուրկները 10 հազար 129 էին: Գործազուրկների թվի առումով մտահոգիչ է նաեւ Կոտայքի մարզը, որտեղ դեկտեմբերին աշխատանք փնտրել է 10 հազար 446 մարդ, որից 8287-ը գործազուրկ է: Վատ ցուցանիշներ ունի նաեւ Լոռու մարզը, որտեղ դեկտեմբերին 9526 մարդ աշխատանք է փնտրել: Ի դեպ, նրանցից 9065-ը գործազուրկ է: Արարատի մարզում կա 6258 գործազուրկ, իսկ դեկտեմբերին աշխատանք փնտրել է 7409 մարդ: Արմավիրում դեկտեմբերին գործազուրկների թիվը կազմել է 5885, բայց աշխատանք փնտրել է 7380 մարդ: Տավուշի մարզում աշխատանք փնտրել է 5282 մարդ, նրանցից 4524-ը գործազուրկ է:
Վիճակագրական այս տվյալները, թերեւս, վկայում են մեկ բանի մասին. տարիներ շարունակ իշխանությունները խոսել են մարզերը համաչափ զարգացնելու մասին` առաջ քաշելով նաեւ դեմքով դեպի գյուղացին շրջվելու թեզը: Բայց իրականությունը միանգամայն այլ է. ծրագրեր գրելուց եւ ճառեր հնչեցնելուց բացի` այս ոլորտում որեւէ ռեալ քայլ չի արվում: Ու սա է պատճառը, որ մարզերի բնակիչները տեղափոխվում են Երեւան` ավելի բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու ակնկալիքով` նպաստելով մարզերի դատարկվելուն:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԷԼԵԿՏՐԱԲՈՒՍՆԵՐ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի հասարակական տրանսպորտի բարեփոխումների անցկացման աշխատանքային խմբի ղեկավար, փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի փոխանցմամբ` Երեւանի փողոցներում կարող են էլեկտրաբուսներ հայտնվել: Նրա խոսքով` մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագրի շրջանակում քննարկվում է էլեկտրաբուսների ներդրման հարցը: «Էկոլոգիապես մաքուր տրանսպորտ է: Խնդիր է, սակայն, արժեքը եւ համապատասխանաբար ներդրումների անհրաժեշտության մեծացումը»,-նշել է Նիկոյանը:
Նրա կարծիքով` տրանսպորտի բարեփոխումները ենթադրում են, որ ուղեւորը ստիպված չի լինի վճարել տեղափոխումների համար: Ըստ նրա` տեղափոխումների առավելագույն քանակը երեքն է: «Սկզբունքը հետեւյալն է. տոմսային համակարգը կկառուցվի այնպես, որ մարդը, տեղափոխումներից անկախ, մեկ երթուղու համար վճարի մեկ անգամ: Դեռ հայտնի չէ նաեւ, թե որքան կկազմի հասարակական տրանսպորտի ուղեվարձի չափը: Եթե կարելի է մեծ ավտոբուսներ օգտագործել, որոնք ավելի շատ ուղեւորներ կարող են տեղափոխել ավելի ցածր գնով, ինչո՞ւ չօգտագործել դրանք»,-նշել է փոխքաղաքապետը:
Կանգառների թիվը հնարավոր է ավելացնել 840-ից մինչեւ 1180, սակայն այս հարցը դեռեւս բաց է մնում: Խոսելով ծրագրի իրականացման ժամկետների մասին` փոխքաղաքապետը նշել է, որ ժամանակացույցից շեղումներ դեռ չկան, եւ տարեվերջին նախատեսվում է կնքված պայմանագրեր ունենալ: «Եթե պայմանագրերը կնքվեն, ավտոբուսները ճանապարհին կլինեն»,- պարզաբանել է Նիկոյանը:

 

 

ՉԱՓԱՔԱՆԱԿ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրամանով սահմանվել են 2018 թվականի Հայաստանի ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները: Ըստ այդմ, 2018թ. կսահմանվեն արդյունագործական որսի հետեւյալ կենդանատեսակները եւ դրանց չափաքանակները.
Կարաս` ջրային բոլոր տարածքներում անսահմանափակ, խեցգետին` Սեւանա լճում մինչեւ 500 տոննա: Ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը` 0.5 մմ-ից պակաս եւ ցանցավանդակի չափը` 100 մմ-ից պակաս:
Խեցգետնի ձվադրման եւ բազմացման ժամանակահատվածում Սեւանա լճում խեցգետնի որսը ժամանակավորապես դադարեցվում է` համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի հրամանի:

 

 

ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ
Դատական դեպարտամենտից տեղեկանում ենք, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակը սպառվել է: Հայտարարվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակի կազմման մասին: Երկշաբաթյա ժամկետում (մինչեւ սույն տարվա փետրվարի 15-ը) ՀՀ դատական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 139-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք կարող են արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ:

 

 

ՊԱՏԱՆԴ Է ՎԵՐՑՐԵԼ
«Փաստինֆոյի» տեղեկացմամբ` Եղվարդ քաղաքում քաղաքացուհին, որի անունը, ի դեպ, չի հրապարակված, պատանդ է վերցրել իրեն պարտք կնոջ 10-ամյա դստերը եւ պահանջել վերադարձնել գումարը: Երեխայի մայրը հաղորդել է, որ ծանոթ մի կին իր հետ գումարային խնդիրներ ունենալու պատճառով իր 10-ամյա դստերը խաբեությամբ` խանութ գնալու պատրվակով, տարել է իր տուն եւ պահում է այնտեղ` պահանջելով` պարտքը տալու պարագայում վերադարձնել երեխային: Մոր դիմելուց հետո երեխային հանձնել են ծնողին: Երեխան սովորում է 3-րդ դասարանում:

 

 

77 ՀԱՄԱՐԻ ՏԱԿ
Հայտնի է, թե «Արսենալ»-ի կազմում Եվրոպայի լիգայի խաղերին որ համարով հանդես կգա ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Արսենալ»-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` Մխիթարյանը Եվրոպայի լիգայում հանդես կգա 77 համարի ներքո: Իսկ այս համարը նա ընտրել է, քանի որ չի կարող հանդես գալ իր 7 համարի մարզաշապիկով, քանի որ այդ համարի խաղաշապիկով լոնդոնցիների կազմում Եվրոպա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում արդեն հանդես է եկել Ալեքսիս Սանչեսը, եւ մրցաշարի օրենքները թույլ չեն տալիս, որ նա ընթացիկ մրցաշրջանում եւս կրի նույն համարի խաղաշապիկը:

 

 

ԳԻՐՔ` ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ
Ուիլյամ Ռեմփելը ամերիկահայ բարերար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գրքում եզակի պատմություններ է ներկայացրել՝ գրելով. «Քըրք Քըրքորյանը խաղացող էր, հանգիստ ռիսկի էր գնում, սակայն նա նաեւ եզակի ազնվության տեր մարդ էր եւ ուներ այնպիսի վստահություն, որ իր խոսքը համարժեք էր գրավոր պայմանագրի»:
Գրքի հեղինակի խոսքով, Քըրքորյանը չէր վախենում ամեն ինչ կորցնել, որովհետեւ սկսել է իր վերելքը բացարձակ զրոյից: Մանկուց չունենալով ոչինչ՝ Քըրք Քըրքորյանը միշտ պատրաստ էր ռիսկի գնալ ապագայում, սակայն դա այլ կարգի, վեհանձն ռիսկ է. «Քըրքի նպատակն էր գումար վաստակել, որպեսզի բաժանի այդ գումարը»:




Լրահոս