ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որտեղից Բժշկական համալսարանին այդքան գումար, որ հիվանդանոց է գնել. պարզաբանում է ռեկտորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում հավանության է  արժանացել  «Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամի կողմից «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ձեռքբերման մասին որոշման նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ զրուցեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ:

-Պարո՛ն Մուրադյան, բժշկական համալսարանում կային ֆինանսական խնդիրներ, դրանց շուրջ նաեւ աղմուկ բարձրացավ։ Հիմա որտեղի՞ց Միքայելյանի անվան ինստիտուտը ձեռք բերելու համար 2,5 մլրդ դրամ գումարը։

-Նախ` բժշկական համալսարանը շատ կայուն ֆինանսական վիճակում է գտնվում։ Իհարկե, մենք ինքներս էլ ունեինք ե՛ւ վարկերի, ե՛ւ պարտքերի խնդիր. ե՛ւ մեզ էին պարտք, ե՛ւ մենք էինք պարտք։ Մենք կազմակերպեցինք աշխատանքներն այնպես, որ փաստացի այն պարտքերը, որ գոյացել էին համալսարանին, կարողացանք հավաքագրել եւ, իհարկե, մարել մեր պարտավորություններն այլ կառույցներին։

-Հիմա համալսարանը պարտքեր չունի՞։

-Մենք հիմա պարտք չունենք, մենք ունենք հնարավորություններ, փորձում ենք հստակ ձեւավորել զարգացման մեր ուղղությունները։ Եվ, իհարկե, այս գործընթացը, որ անում ենք` Միքայելյանի հետ կապված, զարգացման հեռանկարներ հարթելու միտում ունի։ Մենք միջազգայնացման գործընթաց ենք իրականացնում, եւ այդ հիվանդանոցային համալիրը պետք է ամբողջությամբ լինի նոր ստանդարտների շրջանակներում, լինի կազմակերպված` նոր մոտեցումներով։ Համոզված եղեք, որ այն իր նպատակին ծառայելու է։

-Ձեռքբերման համար գումարը միանվա՞գ է տրամադրվելու, թե՞ համալսարանը մաս-մաս պետք է վճարի։

-Համալսարանը համագործակցում է բանկերի հետ, որոնք եւս իրենց հնարավորություններով սոցիալական ծրագիր են իրականացրել եւ շատ ցածր տոկոսադրույքով տրամադրելու են երկարատեւ վարկ` շատ լավ պայմաններով` 10 տարով: 3 տարի մենք միայն տոկոսներն ենք փակելու, որը մեզ համար շատ բարենպաստ է։ Առհասարակ, այս ամբողջ գործարքը շատ բաց, թափանցիկ է կազմակերպված եղել:

-Հետագայում 4,5-ից 5 մլրդ դրամ ներդրում պետք է արվի` զարգացման համար։ Իսկ այդ գումարն ինչպե՞ս պետք է ներդրվի։

-Համալսարանը մշակել է զարգացման երկարամյա ծրագիր։ Մենք աշխատում ենք խոշոր միջազգային կառույցների հետ, որոնց հետ հեռանկարային բիզնես-պլաններ ենք մշակում։ Այսօր կարող եմ արդեն հստակ ասել, որ բրենդ մարքեթինգ է իրականացվել Շանհայ վարկանշային համակարգում։ Այո՛, մեր համալսարանը դեռեւս 1000+-ում է գտնվում, առաջին հազարում չենք: Բայց պետք է ասեմ Ձեզ, որ մենք իրականացնում ենք համեմատական մարկետոլոգիական գործընթաց. ինչ ունենք եւ ինչ ենք ուզում: Եվ այդ գործընթացը թույլ կտա, որպեսզի մենք մի քանի տարվա ընթացքում լինենք առաջին հազարի մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում

Մերի Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս