Փետրվարի 24-25-ն Էջմիածնում կկայանա երիտասարդների Հայաստանի առաջնությունը, իսկ մեկ շաբաթ անց նույն վայրում տատամի կմտնեն ուժեղագույն մեծահասակ թաեքվոնդոյիստները: Վաղ ժամկետները պայմանավորված են կարեւոր միջազգային մրցաշարերի ժամանակացույցով:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանն ասաց, որ պետք է հասցնեն ձեւավորել հավաքական թիմերը եւ կազմակերպել մարզական գործընթացը:
«Երիտասարդներին (մինչեւ 17 տարեկաններ) սպասվում է Թունիսում կայանալիք աշխարհի առաջնությունը (ապրիլի 6-8), իսկ դրանից մի քանի օր անց նույն վայրում կմեկնարկի վարկանիշային մրցաշար, որտեղ կխաղարկվեն Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Թունիս կմեկնենք ապրիլի 4-ին: Օլիմպիական վարկանիշ նվաճելու համար պետք է անցնել ընտրական մրցաշարի 1/8 եզրափակիչ:
Աշխարհի առաջնությունում տասը քաշային կարգ կլինի, վարկանիշային մրցաշարում՝ հինգ: Յուրաքանչյուր երկիր առավելագույնը 3 օլիմպիական ուղեգրի իրավունք ունի: Անպայման նախատեսում ենք մարզիկներ ներկայացնել 63 եւ 68 կգ քաշային կարգերում, իսկ Հայաստանի առաջնության արդյունքներով կորոշենք երրորդ քաշը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների վերջնական քանակը կորոշի ազգային ֆեդերացիան: Լավ մարզիկներ ունենք, օրինակ 2017 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Ռոման Հայրապետովը եւ Անդրանիկ Խաչատրյանը: Այնպես որ, հիմնավոր հույսեր ունենք:
Մեծահասակների Եվրոպայի առաջությունը տեղի կունենա Կազանում (ՌԴ) մայիսի 7-13-ը: Մեր մարզաձեւում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները հերթով են անցկացվում՝ մեկ տարվա հաջորդականությամբ: Այստեղ եւս կպայքարենք մեդալների համար: Ունենք փորձառու մարզիկներ՝ Սերգեյ Վարդազարյանը, Սերգեյ Ավանեսովը եւ այլք: Հեռանկարային երիտասարդներ եւս ի հայտ են եկել»,- եզրափակեց Վարդան Ղահրամանյանը: