Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատակազմի իրավաբանական վարչությանը, քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին և աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանին հանձնարարել է ներկայացնել ավագանու կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին առաջարկություններ՝ դրանք նախապես քննարկելով Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների հետ:
Աշխատակազմի իրավաբանական, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություններին, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին էլ հանձնարարվել է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն:
Երևանի քաղաքապետը աշխատակազմի իրավաբանական վարչությանն ու աշխատակազմի քարտուղարին նաև հանձնարարել է ներկայացնել առաջարկություններ՝ Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում աշխատանքային ռեժիմը, մուտքն ու ելքը, ինչպես նաև այլ աշխատանքները կանոնակարգելու վերաբերյալ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն