ԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼԾԱԿԸ ԲԱՑ ՉԻ ԹՈՂՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Ու քանի որ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, փորձ է արվում պետական կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ողջ օրենսդրությունը հենց այդ տրամաբանությամբ գրել` օծելով նրան լայն լիազորություններ: Ու բանն այնտեղ է հասել, որ ներկայացված օրենսդրական նախագծերն իրենց բովանդակությամբ արդեն հակասությունների մեջ են մտնում Սահմանադրության հետ:
Ըստ երկրի մայր օրենքի 135 հոդվածի` նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով ներում է շնորհում դատապարտյալներին: Բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրինագծի համաձայն` նախագահը ներում շնորհելու է վարչապետի առաջարկությամբ: Այսինքն` մինչեւ համապատասխան առաջարկը նախագահին ներկայացնելը ներման հետ կապված ողջ գործընթացը կարգավորելու է վարչապետը: Ավելին` եթե նախագահը համառի եւ չընդունի վարչապետի առաջարկը, այնուամենայնիվ, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով: Ասել է, թե այս հարցում որոշողը լինելու է վարչապետը:
Օրենսդրությունն այս տրամաբանությամբ գրելը, թերեւս, պատահական չէ. ինչպես հիշում եք` վերջին տարիներին համապետական բոլոր ընտրությունների նախաշեմին իշխանությունների օգտին աշխատելու դիմաց բանտերից ազատ արձակվեցին քրեական տարրերը, որոնք տեղամասերի մոտ արդյունավետ կազմակերպում էին ընտրական պրոցեսը: Եւ հիմա Սերժ Սարգսյանն այս կարեւոր գործիքը պահում է իր ձեռքում նաեւ հաջորդ ընտրությունների ժամանակ անարգել գործածելու նպատակով: Բացի այդ` նա ապահովագրում է իրեն, որպեսզի հանկարծ իր հրահանգով կալանավորված որեւէ քաղբանտարկյալ ազատ չարձակվի:

 

 

Վերջին երեք տարիներին հետեւողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերը, թեեւ այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկատուների ցանկը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հարկերը նվազեցրել է այն դեպքում, երբ ՀՀ-ում գազմատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2015թ. ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 649.9 մլն դրամ, 2016թ.` 42 մլրդ 381.1 մլն դրամ, իսկ արդեն 2017թ. ռուսական ընկերության վճարած հարկերը կազմել են 39 մլրդ 717.6 մլն դրամ: Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, պարզ չէ. 2016թ., նախորդ տարվա համեմատ, գազի սպառման ծավալները ավելացել էին, առայժմ հրապարակված է 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, եւ կրկին սպառման ծավալների աճ կա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց «Գազպրոմ Արմենիա», որտեղից խոստացան մեր հարցմանը պատասխանել առաջիկայում:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ազգային անվտանգության ծառայությունը վերջերս բացահայտել է, որ մի շարք անձինք կեղծ ավտովթարներ են կազմակերպել, որպեսզի այդկերպ ապահովագրական ընկերություններից որպես փոխհատուցում մեծ գումարներ կորզեն: Միայն 2016-17թթ ընթացքում Երեւանում կազմակերպվել է 15 նման վթար, եւ այդկերպ մոտ 31 մլն դրամի հափշտակության փորձ է արվել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ բացահայտած գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ մեկ ճանապարհային ոստիկանի, որը հիմա գտնվում է կալանքի տակ: ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով այս գործին առնչվող հարցին, տեղեկացրել է, որ քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, որը իմանալով վթարների կեղծ լինելու մասին` ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը»:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել էր նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ հաշմանդամների կազմակերպած բողոքի ակցիային: Հիշեցնենք` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը փորձում է ոլորտից դուրս մղել հնաբնակներից գերմանական «OTTO-BOCK» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչին: Եւ, ահա, մեզ հայտնի դարձավ, որ այդ բողոքի ակցիայից հետո նախագահի վերահսկողական ծառայությունը սկսել է զբաղվել պրոթեզավորման ոլորտով, մասնավորապես վերահսկողության ծառայության աշխատակիցներն այցելել են մրցույթում հաղթած կազմակերպություններին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հաստատել է կատարվածը՝ տեղեկացնելով, որ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցները Ս.Սարգսյանին ուղղված նամակի հետքերով «այցելել են ինչպես մրցույթի մասնակից «Ինտերօրթո» ՍՊԸ, «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ եւ հաշմանդամների աջակցության «Սատար» ՀԿ, այնպես էլ մրցույթին առնչվող գերատեսչություններ: Հարցի ուսումնասիրությունն այս պահին ընթացքի մեջ է»: Ի դեպ, այսօր նախարարությունը խոստացել է վերջնական արդյունքները հայտնել:

 

 

 

ՔԾՆԱՆՔԻ ՇՔԱՀԱՆԴԵՍԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Դժվար չէ կռահել ԱԺ-ում ՀՀ նախագահի առաջիկա ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ականների ելույթների բովանդակությունը. իշխանական խմբակցության պատգամավորներն առանձնահատուկ էնտուզիազմով սկսելու են հաճոյանալ ու քծնել Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Արմեն Սարգսյանին: Ընդ որում, խոսելու են ոչ միայն նրանք, ովքեր մեկ-երկու անգամ կարճատեւ առիթ են ունեցել առնչվելու Արմեն Սարգսյանի հետ: Նախագահի թեկնածուի մասին իրենց «հեղինակավոր» կարծիքն են հայտնելու նաեւ նրանք, ովքեր մինչ այդ դեմքով անգամ չէին ճանաչում /ի դեպ, փորձը ցույց է տվել, այդ անձինք ավելի էնտուզիազմով են գովերգում/: Եւ նրանց համար կարեւոր չէ, թե որքանո՞վ են ճանաչում թեկնածուին: Կարեւորը այդ անձնավորությունն ունի շեֆի «դաբրոն»: Մնացածը տեխնիկայի հարց է՝ հայրենասիրական պաթոսով համեմված վերամբարձ նախադասությունների շարան, որոնք պետք է արտասանվեն խրոխտ ձայնով, հպարտ կեցվածքով, կուրծքը՝ դուրս ցցած: Այդպես վարվել են միշտ, այդպես կվարվեն նաեւ հետագայում:
Բայց ժամանակը նաեւ ցույց է տվել, որ հանրապետականները նույն ջանասիրությամբ վաղը կարող են հարձակվել ու հոշոտել նույն այդ անձնավորությանը, որին մինչ այդ հաճոյանում էին. բավական է՝ Սերժ Սարգսյանը հնչեցնի «ֆաս» հրամանը: Նորանկախ Հայաստանի 26-ամյա պատմության ընթացքում նման տեսարանների բազմիցս ենք ականատես եղել: Ժամանակին նրանք քծնում էին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց նույն ջանասիրությամբ քննադատում էին իշխանափոխությունից հետո: Հետո հիշում եք` ՀՀԿ-ականների պահվածքը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին, երբ պարզապես սողում էին նրա առաջ, միայն թե որեւէ պաշտոն ստանան /Քոչարյանից նաեւ առանձնահատուկ վախ ունեին/: Երբ իր պաշտոնավարման ավարտից հետո Քոչարյանը սկսեց քննադատել Սերժ Սարգսյանի իշխանությանը, նույն այդ ՀՀԿ-ականները, փրփուրը բերաններին, հարձակվեցին նրա վրա` մեղադրանքներ հնչեցնելով: ՀՀԿ-ականները Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահության եւ վարչապետության ժամանակ ամեն կերպ քծնում էին նրան, փորձում սիրաշահել: Բայց բավական էր՝ Աբրահամյանը դուրս գա ՀՀԿ-ից, եւ նրա առաջ նախկինում սողացողները սկսեցին արդեն հարձակվել ու կծոտել: Այնպես որ, իշխող կուսակցության կարկառուն ներկայացուցիչները բացարձակ չեն հասկանում եւ չեն կարեւորում խոսքի արժեքը: Կարեւորը այսրոպեական շահն է: Ու դա է պատճառը, որ ամեն նորաթուխ գործիչ իր պարտքն է համարում այս կամ այն իրադարձության վերաբերյալ կարծիք հայտնելը: Հանուն արդարության նշենք, որ նույն այդ խնդիրը կա նաեւ քաղաքական դաշտի մյուս գրեթե բոլոր կուսակցություններում: Մինչդեռ երբեմն խելամտորեն լռելը չէր խանգարի:




Լրահոս