«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ վրաթներ կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղել 30-ից ավել վարորդներ եւ մեկ ոստիկան:
Իսկ ինչպե՞ս է գործել խումբը
2 վարորդ միմյանց հետ պայմանավորվել են «թեթեւ» ավտովթար բեմադրել եւ ապահովագրական ընկերություններից գումար աշխատել: Եւ որպեսզի ամեն ինչ «օրինական» լինի, գործին խառնել են նաեւ օրենքի մարդկանց՝ ՀՀ ճանապարհային ոստիկաններին:
Պարզվում է` ճանապարհային ոստիկանության համապատասխան աշխատակիցները` նախապես տեղեկացված լինելով, որ վթարները կեղծ են, աչք են փակել կեղծիքի վրա, արձանագրել վթարը՝ այդպիսով հնարավորություն տալով վարորդներին գումար աշխատել: Հասկանալի է, որ ճանապարհային ոստիկաններն իրենք էլ են շահագրգռված եղել եւ, այսպես ասած, մասնաբաժին են ունեցել գործարքից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կեղծ վթարների գործում ներգրավված են եղել տասնյակից ավել վարորդներ, որոք հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության: Ավելին` ԱԱԾ-ն կեղծ վթարներ կազմակերպելու գործով կալանավորել է ճանապարհային ոստիկանության մի աշխատակցի: Եւ այս օրերին հերթով հարցաքննության են հրավիրում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին՝ հասկանալու համար, թե նրանք որքանով են ներգրավված եղել այս բանդայի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը իր ունեցած տեղեկությունը փորձեց պարզել գործը բացահայտած եւ նախաքննություն իրականացնող մարմնից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանին ուղարկված մեր հարցումների մեջ էր նաեւ այն տեղեկությունը, թե քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ապահովագրական ընկերություններից շուրջ 10 միլիոնը գերազանցող գումարների հափշտակության դեպք, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել նշված գործի կապակցությամբ:
Ի պատասխան` ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերություններից կեղծ վթարների արդյունքում գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույնպես դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի այս դեպքում եւս ստիպված եմ սեղմ տվյալներ ներկայացնել: Կարող եմ փաստել, որ գործով մեղադրվող անձինք 2016-2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել:
Հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, ով գտնվում է կալանքի տակ: Ըստ նախնական տվյալների` վերջինս, տեղեկացված լինելով վթարների կեղծ լինելու մասին, ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը:
Հանցագործության կազմակերպիչների կողմից կեղծ վթարներին որպես վարորդներ ներգրավվել են շուրջ 30 անձինք, որոնց մի մասը` շահադիտական նպատակներով, մյուս մասը` շահ չհետապնդելով եւ չկարեւորելով իրենց արարքի հետեւանքները, համաձայնել են մասնակցել խաբեությանը, ուստի նրանց գործողություններին եւս տրվելու է քրեաիրավական գնահատական: Մանրամասն վերլուծվում են նաեւ վերը նշված ապահովագրական ընկերությունների այն աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը եւ կապը հանցագործությունը կատարած անձանց հետ, ովքեր իրենց գործառույթներով պայմանավորված անմիջական մասնակցություն են ունեցել կեղծ վթարների ձեւակերպմանը:
Առանձնակի ցանկանում եմ նշել, որ քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական մարմինն ակտիվ համագործակցել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ՝ ստանալով անհրաժեշտ եւ բազմակողմանի օժանդակություն»:
Այսպիսով` դեռ անհայտ է, թե կծիկն ուր կհասնի, եւ քանի մարդ կհայտնվի մեղադրյալի աթոռին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐՆ ՈՒ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ
10 օրից կլրանա գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության երեք տարին, սակայն վերջինիս մահը դեռեւս մնում է առեղծված: Նրա անվան շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում: Բանն այն է, որ գործարարից բնակարան գնած անձինք շարունակում են դիմել դատարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատարան դիմած անձանց թվում են նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանի դուստրը` Նաիրա Սարգսյանը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը:
2015 թվականի փետրվարի 15-ին գործարարն իր առանձնատանը ինքնասպան էր եղել եւ մահվանից առաջ նամակ էր թողել` նշելով անուններ, թե ով հասցրեց իրեն այս վիճակին: Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:
Հիշեցնենք՝ Աբրամ Ամիրխանյանը Երեւանի «ամենայուղոտ» հատվածներում էլիտար շենքեր էր կառուցում ու վաճառում: Սայաթ-Նովա-Չարենց փողոցների խաչմերուկում գտնվող բարձրահարկերը, Չարենց, Խանջյան փողոցների վրա գտնվող առանձին բազմաբնակարան շենքերը, Աճառյան փողոցի նորակառույց, շքեղ հյուրանոցային համալիրը եւ այլ շինություններ պատկանում էին նրան: Ամիրխանյանի կողմից կառուցված, Սայաթ-Նովա 40 հասցեում գտնվող շենքում բնակարաններ են գնել, օրինակ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը, Հանրային հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, երգիչ Արման Հովհաննիսյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին 16 անձ դիմել են Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասություն` ընդդեմ «Ամիրխանյան» ՍՊԸ-ի: Բանն այն է, որ մի շարք քաղաքացիներ բնակարան էին գնել գործարարից, իսկ կառուցված տներն էլ գրավադրված են եղել բանկերում, եւ գործարարի մահից հետո մարդիկ դիմել էին դատարան, որ կարողանային փրկել իրենց սեփականությունը:
Իսկ որպես պատասխանող դատարանում հանդես է գալիս Լեւոն Ամիրխանյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանը, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ, Հայաստան» ՓԲԸ-ն, իսկ գործը նախագահում է դատավոր Սամվել Թադեւոսյանը
Հավելենք, որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւս 2016 թվականին հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ ինքնասպան եղած գործարարի ընկերության:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՎԿԱՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
Լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու` Եղիշե Խաչատրյանի սպանության գործով հերթական դատական նիստում որպես վկա հարցաքննվել է Սանասար Բադալյանը: Նա դատարանին հայտնել է, որ ընկերություններից մեկում որպես վարորդ է աշխատել, երբ ականատես է եղել դեպքին: Ս.Բադալյանը դատավարության կողմերին տեղեկացրել է` առանց իր մեքենայից իջնելու տեսել է, որ մի խումբ տղաներ, մասնավորապես երեք հոգի, վիճաբանում են, իսկ նրանց մոտ տարեց կին (սպանվածի մայրն է` Էմմա Աբրահամյանը) եւ մի աղջիկ կար: «Ինձ թվաց` վթար է եղել, դրա համար են վիճաբանում: Ապակին իջեցրի, ասի` ամոթ է, արա՛, թարգեք…, հետո մտա ավտոտեխսպասարկման կետ` որդուս տուն տանելու համար»,-պատմել է նա: Հիշեցնենք, որ Է. Աբրահամյանի պնդմամբ` վերոնշյալ երիտասարդները ձեռքերով, ոտքերով հարվածելով իր որդուն` սպանել են վերջինիս: Վկան նաեւ նշել է, որ իր` դեպքի վայրում եղած ժամանակ հարվածներ ու, առհասարակ, ծեծկռտուք չի տեսել:
ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է «Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագրին ուղղված սպառանալիքները: «Լրատվամիջոցների դեմ հարձակումները, օրինակ, վերջերս «Մեդիալաբ»-ի տնօրենին ուղղված սպառնալիքներն ատելության դրսեւորումներ են ժողովրդավարության համար կենսական մամուլի ազատության դեմ»: Պաշտպանության նախարարի ծաղրանկարի հրապարակումից հետո կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանին սոցիալական ցանցի մի օգտատեր սպառնացել է` հիշեցնելով ֆրանսիական երգիծական պարբերականի` «Շարլի Էբդոյի» հետ տեղի ունեցածը, երբ խմբագրության վրա հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել, եւս 10-ը վիրավորվել էին: Խմբագրի դեմ սպառնալիքներն այնուհետեւ շարունակվել են` վերածվելով նրա երեխային ուղղված հստակ ակնարկների, որոնց առնչությամբ հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն: Այնտեղից էլ տեղեկացրել էին, թե հնչեցված սպառնալիքների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները դատախազությունն ուղարկել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն` «ստուգողական գործողություններ կատարելու նպատակով»:
ԿԱՆԽԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել է, որ Հայաստանը կանխել է Բելառուսի եւ Ադրբեջանի միջեւ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման պայմանագիրը: «Մենք ցանկանում էինք «Պոլոնեզներ» վաճառել Ադրբեջանին: Բայց դրան դեմ էր Հայաստանը` ՀԱՊԿ-ում մեր գործընկերը: Գործարքը չկայացավ: Ամենայն հավանականությամբ «Պոլոնեզի» առաջին գնորդը կլինի Ղազախստանը»,- ասել է նա: Այնուամենայնիվ, վերլուծաբանը նշել է, որ Բելառուսի խոշորագույն հաճախորդներից մեկը Ադրբեջանն է, որին մատակարարում են ՀՕՊ համակարգեր, մասնավորապես «Բուկ-ՄԳ» արդիականացված զենիթահրթիռային համալիրներ: Նա նաեւ նշել է, որ, ամենայն հավանականությամբ, շուտով Բելառուսը զենք կմատակարարի նաեւ Հայաստանին: