ԿՈՃԱԿ ՍԵՂՄՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այցելեց ԱՄՆ Կոնգրես ու ելույթ ունեցավ ամերիկյան իշխանության բոլոր ճյուղերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջ: ԱՄՆ-ում նման ավանդույթ կա` ամեն տարի` հունվարի վերջին, նախագահը այցելում է խորհրդարան ու բացատրում երկրի իրավիճակը` ներկայացնելով իր հաջողություններն ու ակնկալիքները: Սա Թրամփի առաջին «հաշվետվությունն» էր, որը անցավ թրամփյան ոճով:

Հունվարի 31-ին ԱՄՆ Կոնգրեսում երկրի դրության մասին իր ելույթի առյուծի բաժինը Թրամփը հատկացրեց Միացյալ Նահանգների ներքին խնդիրներին: Այդպես նա կրկին ամրագրեց մեկ տարի առաջ իր մեսիջը, ըստ որի` իր վարչակազմի առաջնային հարցը ԱՄՆ խնդիրների լուծումն է: Նախագահը ներկայացրեց իր վարչակազմի կատարած քայլերը հարկային հարաբերությունների, առեւտրի ու տնտեսության այլ հարցերի կազմակերպման, վերահսկողական մեխանիզմների ներդրման, ներգաղթային քաղաքականության ոլորտներում: Կարելի է ասել, որ Թրամփն այդպիսի ելույթով ամերիկացիների ուշադրությունն ամբողջովին գրավեց պետության ներքին հարցերի կարգավորման վրա` ստիպելով վերլուծաբաններին քննարկել առաջին հերթին իր ներքին քաղաքականությունն ու դրա հաջողությունները: Մասնագետները արդեն իսկ հասցրել են արձանագրել, որ Թրամփի ելույթի 80 տոկոսը վերաբերում էր մեկ տարվա մեջ իր վարչակազմի կատարած աշխատանքին եւ միայն 20 տոկոսն էր ապագայի մասին: Թրամփը քանիցս հայտարարեց կուսակցական բաժանարար գծերին վերջ տալու եւ միասնաբար առաջնահերթ խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին: Սակայն դրան հասնել սոսկ ելույթներով, պարզապես հնարավոր չէ: Այդ մասին են խոսել գրեթե բոլոր նախագահները նախկինում: Ավելին` կուսակցական մասնատվածության հարցը թերեւս չի շրջանցվում աշխարհի որեւէ երկրում, սակայն դրա հաղթահարումը սոսկ հռչակագրային մակարդակով չի կարող կատարվել: Այս առումով Թրամփը իսկապես խնդիր ունի եւ հազիվ թե լուրջ հաջողությունների կարողանա հասնել: Եթե ազատական Օբամային դա չհաջողվեց, դժվար թե էգոցենտրիկ Թրամփը դրական անակնկալներ մատուցի:
Ըստ էության, Թրամփը Օբամայի հակապատկերն է ինչպես մարդկային հարաբերությունների առումով, այնպես էլ քաղաքական գործունեությամբ: Արտաքին քաղաքականության մեջ Օբամայի գրեթե բոլոր քայլերը վերանայելուց հետո Թրամփը նույնպիսի դիրքորոշում որդեգրեց նաեւ ներքաղաքական հարաբերություններում: Նա վերացրեց ԴԱԿԱ-ն` ներգաղթային արտոնյալ համակարգը, ջանք չխնայեց չեղարկելու ապահովագրության համակարգը, փոփոխեց հարկային-տնտեսական կարգավորումները եւ այլն: Եվ ահա վերոնշյալ ելույթի ժամանակ նա հայտարարեց Կուբայում գործող ամերիկյան Գուանտանամո բանտը փակելուն ուղղված միջոցառումների դադարեցման մասին: Եթե Օբաման խոստանում էր փակել բանտը, որը իրավապաշտպանների շրջանում համարվում է չարիքի կենտրոն, որտեղ անմարդկային տանջանքների են ենթարկում հանցանքի մեջ կասկածվող անձանց, եւ այդ ուղղությամբ մի շարք քայլեր էր ձեռնարկել, ապա այժմ դրանք ընդհատված են: Թրամփը ազդարարեց Գունատանամոյի բանտը բաց պահելու ու նաեւ դրա միջոցով ահաբեկչության դեմ պայքարի մասին: Մինչդեռ արտաքին քաղաքականության հարցում նա բավականին հակիրճ գտնվեց: Նախ չանդրադարձավ ռուսական հետքի շուրջ ընթացող հետաքննությանը որեւէ դրվագով: Այնուհետ խոսեց հակառակորդներին արժանի պատասխան տալու մասին` այս եզակի անգամը անվանապես նշելով Ռուսաստանին ու Չինաստանին: ԱՄՆ նախագահը նաեւ խոսեց Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերանայման, ինչպես նաեւ համաշխարհային ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ մեծացնելու մասին: Նա խոստացավ չկրկնել նախորդ նախագահների սխալները եւ լուծել Հս. Կորեայի հարցը ժամ առաջ:
Կոնգրեսի առաջ ելույթով, իսկ փաստացի` հաշվետվությամբ հանդես գալու ավանդույթը Միացյալ Նահանգներում նախ եւ առաջ Սահմանադրության պահանջն է: Սակայն մինչեւ 1913 թվականը ԱՄՆ նախագահները սոսկ գրավոր հաղորդում էին ուղարկում Կոնգրես, իսկ Վուդրո Վիլսոնից սկսած ելույթի պրակտիկան անխախտ դարձավ: ԱՄՆ նախագահները, հատկապես հակառակորդ կուսակցության հետ լուրջ տարաձայնություններ ունենալու դեպքում, այնքան էլ շահագրգռված չեն լինում Կոնգրես այցելելու ու հաշվետվություն տալու: Դա օգտագործելով հանդերձ սեփական PR-ի համար` ԱՄՆ նախագահները ստիպված են ժամանել օրենսդիր իշխանության դուռը ու ներկայացնել մեկ տարվա իրենց կատարած աշխատանքը: Քարոզչական ու անձնական քաղաքական դիվիդենտներ քաղելով հանդերձ` գործադիրի ղեկավարը պարտավորված է հաշվի նստել օրենսդիր իշխանության հետ` ինքնաբերաբար հակակշիռների մեխանիզմն աշխատեցնելով: Հայաստանում, սակայն, նման ոչ ավանդույթ կա, ոչ էլ սահմանադրական նորմ, Թեպետ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախագահության շրջանում հաճախ էր գնում Ազգային ժողով: Սկզբում նա անգամ հանդես էր գալիս հաշվետվություններով, ներկայացնում իր արտաքին այցելությունների մանրամասները, տեղեկատվություն տալիս խորհրդարանին երկրի դրության մասին: Շատերը կհիշեն նաեւ 1997թ. աշնանը նրա` ավելի քան երկու ժամ տեւած ասուլիսը, երբ պատասխանել էր ոչ միայն ներկա լրագրողների, այլեւ համացանցով հնչեցված հարցերին: Ռոբերտ Քոչարյանին առհասարակ պառլամենտարիզմն էր չափազանց խորթ թվում: 1998-99 թթ. խորհրդարանը դեռեւս ՀՀՇ-ի ժառանգությունն էր, իսկ 1999թ. խորհրդարանը պատկանում էր Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին: Այս պայմաններում զարմանալի չէր, որ Քոչարյանը հաշվետվություն տալու բարդույթ ուներ, չնայած մարզային այցերի ժամանակ երբեմն ասուլիսներ էր անում` պատասխանելով լրագրողների հարցերին: 2003 թվականից ի վեր Հայաստանում խորհրդարան է ձեւավորվում բացառապես իշխանության առաջին դեմքի անձնական քմահաճույքով: Ուստի Քոչարյանն ու Սարգսյանը պարզապես չեն կարող հաշվետվություն ներկայացել իրենց հպատակներին, որոնց գործուղել են ԱԺ` կոճակ սեղմելու համար: Անգամ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո Սերժ Սարգսյանը չբարեհաճեց ժամանել ԱԺ` մեկ ամիս առաջ վերջինիս ղեկավարությանը կանչելով Բաղրամյան 26:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամներ ՀՀ վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության` 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, ըստ որի` դադարեցվել են համայնքի ավագանու այդ 5 անդամների լիազորությունները: Նշենք, որ 2018թ. մարտի 11-ին Ազատամուտի ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել:

Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի կերպով բացակայել է ավագանու նիստերի ավելի քան կեսից: Ազատամուտի ավագանու` արդեն նախկին անդամ, մասնագիտությամբ շինարար Ալիկ Էլարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կառավարության այդ որոշումը օրենքի խախտումով է ընդունվել, բացի այդ` ճիշտ չէ այն տեղեկությունը, որ ավագանու նշված անդամները բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելիից, իրենք նիստերին մասնակցել են, սակայն նիստերն արձանագրողներն իրենց մասնակցությունը չեն գրանցել: Ա. Էլարյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե մարտի 11-ին Ազատամուտում ավագանու ընտրություններ են, վարչական դատարանը մինչ այդ կհասցնի՞ իրենց հայցով որոշում կայացնել, պատասխանեց. «Հայաստանի դատարաններից դժվար է գլուխ հանել»: Ա. Էլարյանը դեռ չի որոշել` արդյո՞ք մարտի 11-ի ընտրություններում իր թեկնածությունը դնելու է, թե՞ ոչ:
Մինչ այդ, սակայն, տեղեկացնենք, որ Ազատամուտի ավագանու անդամները նիստերին շատ քիչ էին ներկայանում, քանի որ համայնքի ղեկավար ժորա Մարտիրոսյանը ավագանու անդամներին չի տրամադրել համայնքի` 2016թ. ծախսերի, 2017թ. բյուջեի մասին տեղեկատվությունը, չի փոխանցել այն անձանց անունները, ովքեր համայնքի բյուջեից աշխատավարձ եւ սոցիալական օգնության գումարներ են ստացել: Հավելենք, որ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի «Համայնքի ղեկավար եւ ավագանի» ենթաբաժնում ներկայումս տեղադրված են Ազատամուտի ավագանու 9, այդ թվում` ավագանու նշված 5 անդամների անունները:

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ, 2-րդ խմբի հաշմանդամ, 1930թ. ծնված Սահակ Խաչատրյանը, որ մեղադրվում էր իրենց գյուղապետ Արթուր Ղազարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ, արդարացվել է: Ըստ մեղադրական եզրակացության` Խաչատրյանը 2016թ. մայիսի 7-ին` ժամը 20-ի սահմաններում, համայնքապետ Ղազարյանի առողջությանը վնաս պատճառելու նպատակով վերջինիս անձնական օգտագործման «Պռադո» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ կողմի դռան բռնակի վրա լցրել է սեւ գույնի փոշու տեսքով մկնդեղանման զանգված, սակայն Ս. Խաչատրյանի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Հարուցված քրեական գործի շրջանակներում Ս. Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով` սպանության փորձ: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացած դատավարության ընթացքում Ս. Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել, որ ինքը նախկին գյուղապետ Արթուր Ղազարյանի հետ թշնամություն չի ունեցել, ընդհակառակը, նա իր տան առաջ ցայտաղբյուր է տեղադրել, ինքն ամեն օր օգտվում է դրանից եւ շնորհակալ է նրան: Նա հայտնել է, որ ինքը երբեւէ մկնդեղ չի ունեցել եւ որեւէ նպատակով այն չի օգտագործել:
Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի է առել, որ նշված քրեական գործով ապացուցված չէ սպանելու վերաբերյալ Ս. Խաչատրյանի մտադրությունն ու դիտավորությունը, Ս. Խաչատրյանը, տուժող Ա. Ղազարյանն ու վկաները ցուցմունք են տվել, որ երբեւէ Ս. Խաչատրյան ու Ա. Ղազարյանը որեւէ խնդիր չեն ունեցել, նրանք գտնվել են ջերմ հարաբերությունների մեջ: Դատարանը հաշվի է առել, որ գործով տուժողի եւ վկաների ցուցմունքները բոլոր հարցերում իրար հակասում են: Գործի տվյալներով` Ս. Խաչատրյանը դեպքի վայրում եղել է առանց դիմակի եւ ձեռնոցների, մկնդեղը ձեռքով մեքենային քսելու դեպքում նրա ձեռքերին պետք է մնային տվյալ նյութի հետքերը, հավանական է, որ նա կթունավորվեր դրանից, սակայն գործով նման փաստ առկա չէ: Ս. Խաչատրյանի այն հարցին, թե ինչո՞ւ իրեն տեղում չբռնեցին, եթե տեսան, որ մեքենայի բռնակի վրա մկնդեղ է լցնում, ոչ ոք չի պատասխանել: Տուժողի եւ վկաների նախաքննական ցուցմունքներով` իրենք ընդհուպ մոտեցել են մեքենային եւ տեսել, որ Ս. Խաչատրանը շարունակում է նյութ քսել, որ նա նկատելով իրենց` փախել է իր տուն: Սակայն եթե դա տեսել են, պետք է ինչ-որ բան ձեռնարկեին, եթե ցանկանային բռնել, նա չէր կարող փախչել տուն, քանի որ տուժողն ու վկաները ջահել են, իսկ Ս. Խաչատրյանը` ձեռնափայտի օգնությամբ շարժվող ծերունի: 2018թ. հունվարի 31-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Սահակ Խաչատրյանին արդարացնել արարքում հանցակազմի բացակայության պատճառով:
Հետաքրքիր է, սակայն, թե ո՞վ է պատասխանատվություն կրելու` Խաչատրյանին կեղծ մեղադրանք ներկայացնելու եւ այսքան ժամանակ դատական քաշքշուկներով անհարմարություն պատճառելու համար:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս