Լուսանկարն արվել է Լոռու մարզում
Լոռու մարզի Գարգառ համայնքում, մեքենաներից բացի, փաստորեն, ձիերն էլ են գազալցակայաններից օգտվում:
ՀԱՐՑ. Եթե անձը հաշմանդամության կարգ ստանալու համար դիմել է բժշկասոցիալական փորձաքննության մարմին եւ մերժում է ստացել, ապա ե՞րբ կարող է քաղաքացին վարչական բողոք ներկայացնել:
Ջուլյա Մարկոսյան (63 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ջ. Մարկոսյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից (բժշկասոցիալական փորձաքննական որոշում ընդունելու օրվանից) 6 ամսվա ընթացքում: (Հիմք` «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը վերացնելուց հետո վարույթի մասնակիցը կարող է բողոք ներկայացնել 15 օրվա ընթացքում` նշելով ժամկետը բաց թողնելու պատճառը: Վարչական մարմինը, որի վարույթում է գտնվում վարչական բողոքը, վերականգնում է բաց թողնված ժամկետը եւ բողոքն ըստ էության քննարկում եւ լուծում է, եթե բողոքով կամ բողոքի քննարկման ընթացքում հիմնավորվում է բողոք բերողից անկախ պատճառներով բողոքարկման ժամկետը բաց թողնելու հանգամանքը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` եթե չկատարված հարկային պարտավորության վճարումը ապահովելու նպատակով հարկային մարմնի կողմից արգելանք է դրվում, ապա վճարողի բոլո՞ր բանկային հաշիվների վրա է դրվում արգելանք:
Լարիսա Մանուկյան (42 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման արդյունքում արգելադրվում է հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները, եւ արգելադրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որեւէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա առեւտրային բանկն իրավունք ունի հարկ վճարողի հանձնարարության հիման վրա տրամադրելու տեղեկատվություն տվյալ բանկում վարվող հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ:
Նշված հանձնարարությունը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առեւտրային բանկը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հարկ վճարողի բանկային հաշիվները սպասարկող մյուս առեւտրային բանկերին եւ հարկային մարմնին` իր մոտ վարվող տվյալ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա հարկային պարտավորության չափով արգելադրված գումարի վերաբերյալ:
Եթե որեւէ առեւտրային բանկ այլ առեւտրային բանկերից ստացված հաղորդագրությունների հիման վրա պարզում է, որ հարկ վճարողի այլ առեւտրային բանկում բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներն արգելադրված են նույն արգելադրման մասին որոշմամբ սահմանված գումարի չափով, ապա տվյալ առեւտրային բանկը պարտավոր է հաղորդագրությունները ստանալուց հետո` առավելագույնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում, արգելանքից հանել իր մոտ վարվող հարկ վճարողի` տվյալ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելադրման մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա: