«Փաստ» օրաթերթը գրում է. «Երևանի Սայաթ–Նովայի անվան երաժշտական դպրոցի աշակերտների մի շարք ծնողներից «Փաստ»–ը ահազանգ է ստացել: Մասնավորապես՝ դպրոցում պարտադրվել է առաջիկայում կայանալիք համերգի ամենաքիչը 2 տոմս գնել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 2000 դրամ է: Ծնողները նշում են, որ տոմսեր գնելը պարտադրվում է բոլորին, անկախ նրանից, թե իրենց երեխան մասնակցելու է համերգին, թե ոչ: Բացի պարտադրանքից, որն անընդունելի է, խնդիրն այն է, որ ուսման վարձերի թանկացման ու առանց այդ էլ առկա սոցիալական պայմանների ֆոնին ծնողներից ոչ բոլորն են ի վիճակի գնել տոմսերը:
Խնդրի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ դպրոցի տնօրեն Տիգրան Հեքեքյանից:
Ոչ հերքելով և ոչ էլ հաստատելով պարտադրելու հնարավորությունը, Տ. Հեքեքյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց. «Ավելի հակված եմ նրան, որ գուցեև ինչ–որ մի ուսուցիչ, ռուսի ասած՝ «перестаралась»: Բայց մենք մինչ այդ հարցրել ենք՝ կարո՞ղ եք գնել: Եթե կարող եք, ուրեմն՝ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ելույթ կունենանք: Դեռ հունվարին ենք հարցում արել ու ասել՝ եթե երկուական տոմս ենք վերցնում, կարողանում ենք տակից դուրս գալ: Երբ ուսուցիչները տալիս են իրենց համաձայնությունը, գործընթացը սկսում ենք: Հիմա եթե ինչ–որ ուսուցիչ որոշել է իրեն չափից ավելի «կոտորել», արդեն պետք է հասկանանք՝ ո՞վ է և ինչո՞ւ է այդպես արել: Իսկ եթե դա ծնողին թվացել է, դա ևս պետք է հասկանանք»:
Տիգրան Հեքեքյանը շեշտեց, որ «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի վարձակալության գումարը բարձրացել է, բայց այդ գումարը դպրոցը չունի: Դպրոցի դահլիճում էլ չեն տեղավորվում: «Դպրոցը մոտ 600 աշակերտ ունի: Այնպես չի լինում, որ ինչ–որ երեխա ինչ–որ համերգի չլինի: Իսկ այդ օրը համույթների համերգ է: Այս դեպքում անգամ մեծ դահլիճի պարագայում այն ռեսուրսը չկա, որ սաները կարողանան զգեստափոխվել և պատրաստվել: Կամերային երաժշտության տունը մի երկու անգամ վարձակալեցինք, 2–3 անգամ մատչելի էր վարձակալությունը, բայց էլի զգեստափոխվելու տեղ չկար»:
Նա նշեց, որ սովորաբար ծնողները գալիս ու իրեն հայտնում են բողոքը. «Կարելի է նստել ու հասկանալ իրար: Բայց մի բան էլ ասեմ, տեսեք՝ եթե հայրիկի ծնունդն է, բոլոր զավակներով հավաքվում են, հյուրերն էլ են գալիս: Հիմա տարին մեկ անգամ տեղի ունեցող մեր համերգն այդ հաշվետվությունն է: Եթե ես լինեի, կխնդրեի անպայման ինձ տոմս տալ, որ ես գնամ ու լսեմ, տեսնեմ՝ իմ երեխան ի՞նչ է անում: Ցավոք, հասել ենք այն վիճակի, որ ծնողը կարող է չգալ: Կարող է գնալ վարսավիրանոց, խաշ ուտելու, ինչով ասես զբաղվի՝ բայց բոլորովին չուզենա գալ համերգին: Իրեն թվում է՝ փողը տվեց, վարորդը երեխային բերեց ու տարավ, ինքն իր ծնողական պարտքը կատարեց»:
Դիտարկմանը, թե այստեղ խոսքը ոչ թե այդ ծնողների, այլ սոցիալական խնդրի, պարտադրանքի ու նրա մասին է, որ վերոնշյալ ծնողների երեխաները չեն մասնակցում համերգին, նա արձագանքեց. «Չկա այդպիսի երեխա, որ չմասնակցի, իսկ եթե երեխան չի մասնակցում, ծնողը կարող է չգնել: Ո՞վ է ասել, որ երեխան չի մասնակցում, ինքը պետք է անպայման գա: Հիմա մենք մի քիչ «փչացած հեռախոսի» դերում ենք, թող ծնողը մոտենա ինձ ու ասի, թե ով է պարտադրել: Բացի այդ՝ պետք է հասկանանք նաև, թե ինչու չի մասնակցում: Անշուշտ, մենք ունենք երեխաներ, որոնք ոչ միայն չեն մասնակցելու, այլև մնալու են նույն դասարանում, քանի որ համառորեն բացակայում են առարկաների դասերից: Հիմա չգիտեմ, եթե այդ ծնողն է, գալիս է ի՞նչ անի: Բայց, այնուամենայնիվ, ինչքան էլ ինձ համար դժվար լինի, ես տոմսը կգնեմ ու կգնամ համերգին, որ իմ երեխաներն էլ ուրախ լինեն, բայց եթե սոցիալական է խնդիրը, իհարկե, կարող է չգնել: Ես խիստ կասկածում եմ, որ սա սոցիալական խնդիր է: Նման դեպքերում մենք աջակցում ենք իրենց: Աջակցության տարբեր տարբերակներ ենք գտնում անգամ նրանց ուսման վարձի համար: Ծնողը պետք է մտահոգվի, թե իր երեխան ինչո՞ւ չի մասնակցում: Չեմ կարծում, որ չմասնակցելու հարցը վրիպում լինի, որովհետև մենք տարվա սկզբից հետևում ենք, որ բոլոր երեխաները մասնակցեն և ամեն ինչ նորմալ լինի: Իսկ եթե սոցիալական է, ապա թող ինձ դիմեն, եթե տվել են՝ հետ կվերադարձնենք, եթե չեն տվել՝ կիմանամ, ով է այդ ուսուցիչն ու կասեմ, որ իրավունք չունի պարտադրել»:
Տիգրան Հեքեքյանը հավաստիացրեց, որ անհատապես կզգուշացնի բոլոր ուսուցիչներին. «Մենք 100–ից ավելի ուսուցիչ ունենք, չեմ կարող ասել, թե ով կարող է լինել: Ամեն դեպքում կզգուշացնեմ, որ նման բան չլինի»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: