«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 17-ին Վահրամ Ավագյան օգտատերը ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել, որը դարձել է սոցիալական ցանցում քննարկվող թիվ մեկ թեման: Երիտասարդը նշել էր, որ փետրվարի 18-ին 25 տարեկան է դառնում եւ որոշել է ճոխ խնջույք անելու փոխարեն գումարն ուղղել բանակի որեւէ կարիքի համար: Նա նաեւ հիշատակել էր բանակում լվացքի մեքենաների խնդրի մասին: Ֆեյսբուքում երիտասարդի վրա մեծ հարձակում է սկսվել, նրան ծաղրում են եւ ինքնափիարի համար քննադատում:
«ՀԺ»-ն ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս զորամասերում առկա է լվացքի մեքենաների խնդիր, որ այսպես մտահոգության առիթ է դարձել:
Պարոն Հովհաննիսյան, զորամասերում զինվորներն իրենց հագուստն ինչպե՞ս են լվանում: Լվացքի մեքենաներ կա՞ն, թե՞ զինվորները ձեռքով են լվանում իրենց հագուստը:
Լվացքի մեքենաներ կան:
Բոլոր զորամասերում կա՞ն:
Այո: Ընդհանրապես, լվացքատուն հասկացություն կա բոլոր զորամասերում:
Իսկ տեղյա՞կ եք, որ ֆեյսբուքում հիմա քննարկվում է մի երիտասարդի գրառումը, որ նշել է, թե սահման պահող զինվորը լվացքի մեքենա չունի եւ ցրտին ձեռքով է լվացք անում:
Ֆեյսբուքում շատ բան է քննարկվում: Հնարավոր է, որ զորամասերից մեկում լվացքի մեքենաներից մեկ-երկուսը փչացած լինի կամ մեկ այլ զորամասում համալրման կարիք լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: