Սերժ Սարգսյանն առաջին անգամ խոսեց այդ մասին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մենք այժմ բանակցություններ ենք վարում բոլոր շահագրգիռ կողմերի հետ Պարսից ծոց-Սեւ ծով տարանցիկ միջանցք ձեւավորելու համար՝ Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանը փաստացի առաջին անգամ հայտարարում է այդ նպատակի համար բազմակողմ բանակցություն վարելու մասին, թեեւ մանրամասներ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում: Ո՞ւմ հետ է Հայաստանը բանակցում, եթե խոսքը վերաբերում է «շահագրգիռ կողմերին»:

Հայտնի է, որ մի ակնառու շահագրգիռ կողմ է Իրանը, որը հայտարարել է Հայաստանը Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տարանցիկ ուղի դիտարկելու մասին: Այդ մասին խոսել է Իրանի նախագահը Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներում: Պետք է ենթադրել, որ մյուս կողմը Վրաստանն է, որն անկասկած նույնպես ունի այդպիսի հեռանկարով շահագրգռված լինելու մի շարք պատճառներ: Պետք է նկատել, որ կան Հայաստան-Վրաստան եւ Հայաստան-Իրան ձեւաչափով բանակցության նշույլներ:

Մյուս կողմից՝ երբ խոսքը վերաբերում է Հայաստանը տարանցիկ ուղի դիտարկելուն, ապա այստեղ առանցքային առնվազն երկու հարց սպասում է պատասխանի. ինչպե՞ս է դրան վերաբերվելու Ռուսաստանը՝ մի շարք պատճառներով, եւ հատկապես ի՞նչ տարանցման մասին է խոսքը:

Մոսկվան շահագրգռված չէ Հայաստանի տարանցիկ կարողության զարգացումով՝ հատկապես Իրանից դեպի Եվրոպա, քանի որ դա Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության գրավական է, մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն այդ ազդեցությունը գործադրում է որպես Հայաստանին այլընտրանքների ուղղությամբ լուրջ քայլերից հետ պահելու միջոց: Այդպիսով, Երեւանն ինչպե՞ս եւ ինչո՞վ է հաղթահարելու ռուսական այդ խոչընդոտը:

Մյուսը հանգամանքը, որը նաեւ ուղղակի կապակցված է առաջինին, այն է, թե ինչ տարանցման մասին է խոսքը: Օրինակ՝ եթե խոսքը տրանսպորտային բեռնափոխադրումների մասին է, ապա այստեղ Մոսկվայի դժգոհությունը զգալի կարող է լինել միայն Հայաստան-Իրան երկաթուղու դեպքում, որն առավել խորքային ռազմավարական հեռանկարներ պարունակող նախագիծ է՝ ի տարբերություն, օրինակ, ավտոբեռնափոխադրումների, որ կարող են իրականացվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհով:

Մյուս կողմից, սակայն, այդ ճանապարհի նախագիծն էլ շատ փոքր է, այսպես ասած՝ «շահագրգիռ կողմերի» հետ բանակցության առարկա լինելու համար, ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Սերժ Սարգսյանի խոսքը առավել մասշտաբային հեռանկար պարունակող նախագծերի մասին է: Դրանցից մեկն էլ գազամուղն է: Դրա վերաբերյալ իրանցիները Սերժ Սարգսյանին հարց էին ուղղել դեռեւս նախորդ տարի օգոստոսին, երբ նա պատասխանել էր, թե գաղափարը հետաքրքիր է, եւ Հայաստանը կողմ է դրան, եթե ապահովվեն բոլոր կողմերի շահերը: Պետք է ենթադրել, որ տվյալ պարագայում խոսքը հենց ռուսական կողմի մասին է, որը Հայաստանի հետ ունի ոչ միայն «Գազպրոմի» պայմանագիրը, այլ նաեւ շահագրգռված չէ, որ Հայաստանը այդպիսով ստանա ըստ էութան էներգետիկ անկախություն Ռուսաստանից:

Եվ այդպիսով, իրավիճակը երկու գործոններով հանգում է մի կետի՝ Ռուսաստան:

Օգոստոսին Սերժ Սարգսյանը գազամուղի մասով, օրինակ, ասել էր, թե հարցը ընդամենը փորձագիտական քննարկումների մակարդակում է: Այդ տեսանկյունից մոտ կես տարի հետո Սարգսյանի հայտարարությունը պետք է գնահատել առաջընթաց:

Այդ ամենով հանդերձ, սակայն, իրավիճակը անկասկած լինելով ուշադրության արժանի, այդուհանդերձ պարունակում է հարցեր, դրանցից առանցքային երկուսին հատկապես սպասող պատասխաններով՝ ո՞ր երկրների հետ է բանակցում Երեւանը, կա՞ Ռուսաստանը դրանց մեջ, հատկապես, որ Սերժ Սարգսյանը խոսում է այն մասին, որ հաջողության դեպքում շահող երկրների շրջանակը կլինի ավելի մեծ: Կա՞ Եվրոպան այդ բանակցության մեջ, եւ արդյոք ե՞րբ է Երեւանը պատրաստվում նախաձեռնել միասնական բանակցային ձեւաչափ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս