«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած Իսրայել այցելած ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարել է, որ Իսրայելի Քնեսեթի նախագահը կգա Հայաստան, մեր աղբյուրների փոխանցմամբ` այցը հարցականի տակ է: Յ. Էդելշտեյնը Հայաստան է գալու Հայաստանի առաջին հանրապետության հռչակման եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակների առիթով, սակայն` սեպտեմբերին: «Ինչպես ցեղասպանության, այնպես էլ Քնեսեթի նախագահի այցը իսրայելական կողմի համար գեոքաղաքական նշանակության է:
Կարծում ենք` այդ հարցերի վերջնական վերդիկտը կախված է մի շարք, այդ թվում` Աֆրինում տեղի ունեցող զարգացումներից. հասկանալի է` հերթական անգամ ցեղասպանության հարցի բարձրացումը Քնեսեթի ընդդիմադիր ուժի կողմից եւ այն էլ ոչ թե նախկինի պես փակ-գաղտնի` պաշտպանության եւ արտաքին հարցերի հանձնաժողովներում, այլ խորհրդարանի բաց նիստում` կրթության հանձնաժողովում, Իսրայելի կողմից մեսիջ էր՝ ուղղված Աֆրինում «խրված» Թուրքիային:
Հաջորդն էլ Նաթանյահուի հետ կապված կոռուպցիոն սկանդալն է, անհայտ է, թե այն ինչով կավարտվի. ցեղասպանության հարցը բարձրացրած ուժի ղեկավարը վարչապետի հավանական թեկնածուներից է»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, Իսրայելը «հետաքրքիր» երկիր է հատկապես վարչապետների սկանդալների եւ հրաժարականների առումով. հիշեցնենք, թե ինչպես վարչապետ Մոշե Քացավը հրաժարական տվեց, նրա նկատմամբ քրգործ հարուցվեց` 6 կին բռնաբարելու համար, ինչի առիթով Պուտինը հիացմունքով բացականչել էր. «Ա՛յ թե տղամարդ եմ ասել` հա՜»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: