Երեւանի քաղաքապետարանում ավագանու սկանդալային նիստի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 եւ 118 հոդվածների հատկանիշներով՝ խուլիգանության եւ ծեծի հոդվածներով: Ավագանու նիստին ՀՀԿ-ականների պահվածքն, իհարկե, համապատասխանում էր խուլիգանությանը, ականատես եղանք նաեւ ծեծի, երբ ՀՀԿ-ական տղամարդիկ խփում էին Մարինա Խաչատրյանին, քաշում մազերից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ տվյալ դեպքում գործ ունենք պաշտոնյաների հետ, նշենք՝ նրանց արարքը հիշեցնում էր ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցանք՝ ինքնիրավչություն, ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդվածի հատկանիշներով: Սակայն այդ հանգամանքը շրջանցվել է: Մ. Խաչատրյանը եւս ապտակել էր ավագանու անդամներից մեկին, իսկ իր արարքը պատճառաբանել էր ՀՀԿ-ականների կողմից սեռական ոտնձգության փորձերով: Բայց այդ հանգամանքն էլ չի արժանացել իրավական գնահատականի:
Նկատենք նաեւ, որ ավագանու նիստում փորձել էին խոչընդոտել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը՝ թույլ չտալով տեսանկարահանում կատարել. սրա համար էլ ՀՀ քրեական օրենսգքրի 164 հոդվածն է պատասխանատվություն սահմանում: Այդ փաստն էլ է անտեսվել: Հիմա հարուցված գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Դեռեւս չկան կասկածյալներ ու մեղադրյալներ: Փոխարենը քաղաքապետարանը փորձում է սահմանափակել լրագրողների գործունեությունը. Տարոն Մարգարյանը հանձնարարել է կանոնակարգումներ մտցնել: Չի բացառվում` շուտով նաեւ ավագանու նիստերը փակ անցկացվեն: