Այսօր «Յունիբանկ» ԲԲԸ-ն եւ ՀՀ արտահանման ապահովագրական գործակալությունը կնքեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում արտահանմամբ զբաղված ՓՄՁ-ներին կտրամադրվեն մատչելի պայմաններով վարկեր`սկսած 8 տոկոս տարեկան տոկոսադրույքից: Վարկատեսակի մատչելի պայմանները համահունչ են Յունիբանկի կողմից վարկերի տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությանը:
«Յունիբանկ»-ը ձգտում է ոչ միայն բարելավել վարկավորման պայմանները, այլեւ պարզեցնել վարկերից տրամադրման գործընթացը: Այս վարկի պայմանները հասանելի են մեծ թվով արտահանող ձեռնարկատերերին, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն փաթեթն արագացնում եւ պարզեցնում է վարկային միջոցների ստացման գործընթացը: Ադպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս բանկին դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար: Հաշվի առնելով շուկայի եւ բիզնեսի աշխատանքի առանձնահատկությունները՝ «Յունիբանկ»-ը հաճախորդներին առաջարկում է վարկի մարման ճկուն եւ անհատական ժամանակացույց, իսկ վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների:
ՓՄՁ-ների վարկավորման ծրագրերի ընդլայնման շնորհիվ «Յունիբանկ»-ը նպաստում է ձեռնարկությունների աճին եւ նոր աշխատետղերի ստեղծմանը:
«Մենք 2018 թվականը նախատեսում ենք սկսել նոր գործիքներով, նոր քայլերով: Դրանցից մեկը այս համաձայնագրի ստորագրումն է, որի շրջանակներում նոր գործիքի ներառումն է«Յունիբանկի» ինչպես գործող, այնպես էլ նոր հաճախորդների համար: Լիովին համոզված ենք, որ այս գործիքը պահանջված կլինի մեր հաճախորդների համար: Բանկը ներկայումս մշակում է գործընթացներ, որոնք թույլ կտան առավելագույնս արագ եւ հարմար եղանակով հաճախորդներին տրամադրել այս գործիքից օգտվելու հնարավորությունը: Պարոն Շահնազարյանի (խոսքը ՀՀ արտահանման ապօահովագրական գործակալության գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանի մասին է) հետ մենք նաեւ քնարկում ենք այդ մեխանիզմները, մեթոդոլոգիան, որը հնարավորինս հարմար կդարձնի այդ գործիքի կիրառումը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Յունիբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Նրա խոսքերով, նմանատիպ գործիքների կիրառման պարագայում առավելագույնը հաճախորդի համար դա հարմարավետվությունն է, արագությունը եւ հասկանելիությունը: «Այսինքն ընկալելի լինելը հաճախորդի համար, որպեսզի նրա համար պարզ, հասկանալի լինի, թե ինչի համար է նա վճարում, ինչ է ստանում դրա դիմաց: Առավելապես, որ այստեղ լուծվում է գրավադրման խնդիրը. հաճախորդների համար լրացուցիչ գրավադրման խնդիր չկա, ամբողջությամբ 90 տոկոսով ռիսկը ծածկվում է ապահովագրության կողմից: Վարկերը կարճաժամկետ են, բնականաբար նախատեսված են արտահանման համար: Եւս մեկ անգամ ուզում եմ նշել, որ այս նախագիծը մեր բանկում կունենա հաջողություն»,- վստահեցրեց վարչության նախագահը:
Իսկ ահա ՀՀ արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը հույս հայտնեց, որ «Յունիբանկ»-ի հետ համագործակցության արդյունքում մեծ եւ շոշափելի արդյունքներ կգրանցվեն:
Ապա`տեղեկացրեց, որ արտահանման ապահովագրական գործակալությունը բանկերի հետ հուշագրերի ստորագրման նախաձեռնություն սկսել է դեռեւս 2014 թվականից: «Մենք շատ ուրախ են, որ առկա 7 բանկերի հետ ստորագրած հուշագրերին ավելանում է եւս մեկը: Մենք յուրաքանչյուր բանկի հետ ստորագրելը չենք համարում հերթականը, այլ` կարեւորագույն մեր արդյունքը, որի շնորհիվ բիզնեսը, մասնավորապես արտահանող ընկերությունները պետք է հնարավորություն ունենան բավականին մատչելի, շուկայական առկա պայմաններից եւ արագ եւ հնարավորինս դյուրին ստեղծել հնարավորություն թե′ ֆինանսական միջոցների, թե′ արտահանման ծավալների ավելացման»,- հայտարարեց Ա. Շահնազարյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ բանկի հետ աշխատելու են հիմնական երկու գործիքակազմերով: Խոսքը` արտահանման եւ նախարատահանման ապահովագրության մասին է:
«Չծանրաբեռնելով մանրուքների եւ մեխանզիմների մեջ` մենք երկու ընկերությունների միջեւ փոխադարձ կկազմակերպենք քննարկումներ եւ մեր կողմից կներկայացվի համապատասխան գործիքակազմեր եւ մեթոդոլոգիան եւ կնքվող բոլոր իրավական փաստաթղթերի ձեւաչափերը: Մենք առաջիկայում կունենաք առաջին կնքված պայմանագրերը`«Յունիբանկ»-ի եւ համապատասխան արտահանողների եւ արտահանման ապահովագրական գործակալության միջեւ»,- նկատեց Ա. Շահնազարյանը: Իսկ ահա «Յունիբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանն ավելացրեց, որ կան հաճախորդներ, որոնք պատրաստ են եւ սպասում են, թե երբ են երկու կողմերը այս համաձայնագիրը ստորագրելու:
Ըստ ՀՀ արտահանման ապահովագրական գործակալության տնօրեն Շահնազարյանի` 2015 թվականին կնքված պայմանագրերը, վկայագրերը եղել են շուրջ 400 մլն դրամի չափով, 2016 թվականին` 2.1 մլրդ դրամ: Իսկ ահա 2017 թվականի արդյունքները կազմել է 4.5 մլրդ դրամ: