Ազգային ժողովում մեկնարկել են գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից նախաձեռնած խորհրդարանական լսումներ, որը նվիրված է Բարձրագույն կրթության մասին օրենքի նոր նախագծին:
Ելույթով հանդես եկավ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով նշեց, որ այն համակարգային փոփոխություններ է ենթադրում, սակայն դոգմատիկ փաստաթուղթ չէ, հնարավոր է ենթարկվի փոփոխությունների, բայց մինչև այդ հարկավոր է քննարկել՝ անհրաժե՞շտ է բարձրագույն կրթության մասին օրենք ունենալ, եւ ինչպիսի՞ խնդիրներ պետք է լուծի այս օրենքը:
Նախարարը խոսեց բարձրագույն բուհական համակարգի թերացումների մասին: «Մեր մասնագիտական կրթության 70 տոկոսոը հումանիտար առարկաներ են: Գիտությունը համարյա ներկայացված չէ այսօր մեր բարձրագույն կրթության սպեկտրում: Ոչ պետական համակարգն էլ առանձնապես ներկայացվածություն չունի: Մենք ունենք բնագիության, գիտությունների պահպանման խնդիր, որը փոխելու համար պետք է փոխել դպրոցները»,- նշեց նա:
Նախարարը կոչ արեց «անհատական, անձնային, ծանոթական» համակարգից վեր կանգնել, հասկանալ կրթության համակարգի, գիտության ապագան. «շատ երկրներ կան, որոնք գիտություն չունեն, ապրում են սպասարկման ոլորտով, մենք նման բան անելու իրավունք չունենք, գիտական պոտենցիալը կորցնելու իրավունք չունենք: Բոլոր ներկաներին ես ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ երեսուն տարի լինելով ամբիոնի վարիչ` չեք դաստիարակել փոխարինող սերունդ»: