«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ:
-Պարո՛ն Սահակյան, պետական գույքի ոլորտում չարաշահումներ կատարող պաշտոնյաներն իսկապե՞ս պատժի կարժանանան, եւ ի՞նչ տեսքով դա կլինի:
-Միանշանակ: Ցանկացած պաշտոնյա, որն իր գործառույթների շրջանակում չի աշխատի եւ պետությանը վնաս կպատճառի, միանշանակ, մենք պետք է փորձենք պատժամիջոցներ կիրառել օրենքով սահմանված:
-Այդ դեպքում Ձեզնից չե՞ն նեղանա: Մտավախություն չունե՞ք, որ կարող են այլ խնդիրներ առաջանալ:
-Եթե մենք մտածենք, թե մեզնից ով կնեղանա մեր գործողությունների համար, այդպես, ես գտնում եմ, երկիր չեն կառուցում:
-Արտաքին գործերի նախարարության նախկին շենքը դեռ մնում է նույն վիճակում: Դուք ասել էիք` 5 աստղանի հյուրանոց պետք է լինի: Ի վերջո, ի՞նչ է լինելու շենքի ճակատագիրը:
-Տեսեք` դա ես չեմ ասել. պայմանագրով է նախատեսված: Եվ ես գիտեմ, որ այս պահին էլ «Տանգո» ընկերությունն իր գործառույթների շրջանակում աշխատանքներ է իրականացնում` շենքերի վերակառուցման հետ կապված:
-Եթե «Դվին» հյուրանոցի վերակառուցման աշխատանքները 2020 թվականին չավարտվեն, ներդրողին ի՞նչ է սպասվում:
-Մենք չպետք է կիրառենք նման խիստ մոտեցումներ, որովհետեւ անզեն աչքով էլ երեւում է, որ ներդրողն իր պարտականությունները կատարում է: Կարող է` 2020 թվականին մարդը չհասցնի, չկարողանա այդ խոշոր ներդրումներն իրականացնել, խնդրի, որպեսզի եւս մեկ տարի հետաձգվի: Մենք փորձելու ենք օժանդակել եւ օգնել ներդրողին: Մենք պետք է օգնենք ներդրողին, ոչ թե խանգարենք:
-Բայց Դուք ասում էիք, որ սովորաբար եթե ժամկետների մեջ չեն տեղավորվում, պետք է տուգանքներ կիրառել:
-Մենք տուգանքները կիրառում ենք: «Դվին» հյուրանոցային համալիրն ուներ 13 մլն դոլարի ներդրումային պարտավորություն, որը 100 տոկոսով իրականացրել է:
-Այսքան հյուրանոց մեր երկիրն ի՞նչ է անում, պարո՛ն Սահակյան:
-Տեսեք` կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր երկրին նույնիսկ պակասում են այդքան շատ հյուրանոցները: Եթե երկու, երեք գերատեսչություն միանգամից որոշում է որեւէ միջազգային միջոցառում իրականացնել, մենք խնդիր ենք ունենում: Իսկ Դուք գիտեք, որ նաեւ մեր երկրում տուրիզմն է զարգանում: Եթե չեմ սխալվում` 1,5 մլն տուրիստ ենք ունեցել 2017 թվականի ընթացքում:
-Հերթով բավական շատ շենքեր մասնավորեցվեցին: Հիմա մնացե՞լ է մի շենք, որ չի մասնավորեցվել:
-Խոսքը վերաբերում է պետակա՞ն սեփականությանը: Մենք ունենք հաշվառման բազա, որտեղ հաշվառվում է պետական սեփականությունը: Իհարկե, պետությունն ունի բավական մեծ հարստություն այդ առումով, դեռեւս:
-Այդ հարստությունը մնալո՞ւ է, թե՞ էլի գնալու է մասնավոր սեկտորին:
-Այդ հարստությունն արդյունավետ կառավարվելու է պետության կողմից: Ե՛ւ մասնավորեցումը, ե՛ւ արդյունավետ օգտագործումը պետական գույքի գերակայություններից մեկն է մեզ համար:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ