Ավագանու 15 թեկնածու 9 տեղի համար. Ազատամուտում արտահերթ ընտրություններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 11-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել: Չնայած կառավարության որոշմամբ Ազատամուտի ավագանու լիազորությունները դադարեցվել են, սակայն Տավուշի մարզպետարանի կայքի «Համայնքի ավագանի» խորագրի ներքո զետեղված են Ազատամուտի ավագանու նախկին կազմի 9 անդամների վերաբերյալ տվյալներ: Հիշեցնենք` 3182 բնակիչ ունեցող գյուղի ավագանու նախկին կազմի 5 անդամներ ՀՀ վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, որով դադարեցվել են իրենց լիազորությունները եւ արտահերթ ընտրություններ նշանակվել:

Կառավարությունն այդ որոշումը կայացրել է այն հիմնավորմամբ, որ Ազատամուտի ավագանու 9 անդամներից 5-ը մեկ տարվա ընթացքում անհարգելի կերպով բացակայել են ավագանու նիստերի ավելի քան կեսից: Ազատամուտի ավագանու նախկին անդամներն ասում են, որ իրենք դատարան են դիմել, որովհետեւ կառավարության այդ որոշումը օրենքի խախտումով է ընդունվել, բացի այդ` ճիշտ չէ այն տեղեկությունը, թե ավագանու նշված անդամները բացակայել են ավագանու նիստերի կեսից ավելիից:

Իրենք նիստերին մասնակցել են, սակայն նիստերն արձանագրողներն իրենց մասնակցությունը չեն գրանցել: Ազատամուտի ավագանու անդամների հայցով ՀՀ վարչական դատարանում դատը չի մեկնարկել, իսկ համայնքի ավագանու նոր կազմի ընտրություններից հաշված օրեր են մնացել: Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարտի 11-ի ընտրություններում Ազատամուտ համայնքի ավագանու 9 տեղի համար գրանցված է 15 թեկնածու:

Այդ 15 թեկնածուներից 4-ը` Ալիկ Էլլարյանը, Մարտիկ Այվազյանը, Լուսինե Մատինյանը եւ Վարդուհի Օթարյանը, եղել են համայնքի ավագանու նախկին կազմում: Ավագանու 15 թեկնածուներից 10-ն առաջադրվել է ինքնաառաջադրմամբ, 5-ը` ՀՀԿ-ի կողմից: 15 թեկնածուներից 9-ն անկուսակցական է, 6-ր` ՀՀԿ, մեկը` ՀՅԴ անդամ: Ավագանու թեկնածուների մեջ կա սուպերմարկետի տնօրեն, Ազատամուտի համայնքային արվեստի դպրոցի դասատու եւ տնտեսվար, անհատ ձեռներեց, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի կիրակնօրյա դպրոցի համակարգող, «Վորլդ Վիժն» կազմակերպության սոցիալական աշխատող, Ազատամուտում գործող «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ի 2 բանվոր եւ այլն: Ազատամուտի ավագանու ընտրություններում թեժ պայքար է սպասվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս