Երբ Ժիրայր Սէֆիլյանը բարձրաձայնեց 800 հեկտար տարածքի կորստի մասին, նորմալ երկրում հրաժարականի պատճառ կդառնար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի վարչապետ Բենջամին Նեթանյահուի գլխին մութ ամպեր են կուտակվել, ճիշտ այնպես, ինչպես նրա քաղաքական գաղափարակից ու դաշնակից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում: Իսրայելի վարչապետին սպառնում են լրջագույն քրեական մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն պաշտոնանկության, այլեւ ընդհուպ ազատազրկման: Եվ այդ հանգամանքը ինքնին ցուցադրում է Իսրայել պետության ամրությունը, երբ պետության ղեկավարի կոռուպցիոն գործունեությունը հետեւողականորեն քննվում է իրավապահ համակարգի կողմից, այլ ոչ թե պարտակվում` ստի, կեղծիքի ու վախի քողով պատված:

Օրերս Իսրայելի ոստիկանությունը պաշտոնական հայտարարությամբ ազդարարեց, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել վարչապետ Բ. Նեթանյահուի մասնակցությամբ երկու կոռուպցիոն գործերով: Ըստ այդմ, իրավապահները բացահայտել են կաշառքի, կեղծիքի ու վստահության չարաշահման խոշոր դեպքեր: Վարչապետը կասկածվում է երկու քրեական գործերով, որոնք հայտնի են իբրեւ Գործ No 1000 եւ No 2000 պայմանական անուններով: Առաջինի դեպքում վարչապետը մեղադրվում է 2007-2016թթ. ընթացքում օտարերկրյա գործարարներից շուրջ 280 հազար ամերիկյան դոլարի նվերներ ստանալու մեջ, որոնց թվում` սիգարներ, շամպայն, զարդեղեն եւ այլն:

Գործում առանցքային դերակատարություն ունի իսրայելցի միլիարդատեր Արնոն Միլչանը, որի մատուցած ընծաների դիմաց, ըստ ոստիկանության, Նեթանյահուն փորձել է հարկային արտոնություններ սահմանել: Այս առումով ուշագրավ է նաեւ ոստիկանության այն պնդումը, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել Միլչանին կաշառավտության մեղադրանք ներկայացնելու համար: Վերջինս, սակայն, ժխտել է մեղադրանքների իսկությունը` միաժամանակ պնդելով, որ Նեթանյահուի հետ իր բարեկամական հարաբերությունները ավելի վաղ պատմություն ունեն, քան նշյալ ժամանակահատվածը, ուստի նվերները տրվել են ընկերական-բարեկամական հարաբերությունների համատեքստում, եւ իբրեւ կաշառք չպետք է ընկալել:

Իսկ ահա երկրորդ գործով Նեթանյահուն մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման համար, որը վերաբերում է իսրայելական հայտնի ընդդիմադիր թերթերից մեկին: Ըստ մեղադրանքի` թերթում իրեն դրական լույսի ներքո ներկայացնելու դիմաց վարչապետը խոստացել է արհեստական խոչընդոտներ հարուցել մրցակից պարբերականների համար։

Այժմ Իսրայելի ոստիկանությունը գործը ուղարկել է գլխավոր դատախազություն, որտեղ Իսրայելի գլխավոր դատախազը պետք է որոշի, թե արդյո՞ք առկա ապացույցները բավարար են` քրեական գործին դատաիրավական ընթացք տալու համար: Եթե դատախազը դրական որոշում կայացնի, Նեթանյահուն ստիպված կլինի անմիջապես հրաժարական տալու: Կարծիք կա, որ Նեթանյահուն կարող է անգամ ավելի վաղ հեռանալ, եթե նրա թիմակիցները երես թեքեն նրանից: Նեթանյահուն, արձագանքելով ոստիկանության հայտարարությանը, այն անհիմն է որակել` մեղադրելով իր հակառակորդներին ու լրատվամիջոցներին իրավիճակն արհեստականորեն բորբոքելու համար:

ետաքրքիր է, որ գործի շուտափույթ կարճման անհրաժեշտությունը վարչապետը կապել է առաջին հերթին պետության հեղինակության հետ` նշելով, որ իր նեղ-անձնական շահերի մասին չի էլ մտածում:

Նկատենք, Հայաստանում նույնպես, երբ ժամանակին բարձրաձայնվում էր Ռ. Քոչարյանի` ՀՀ նախագահի աթոռը ապօրինաբար ու հակասահմանադրական մեթոդներով զավթելու մասին, իշխանական ճամբարը կոչ էր անում ջուր չլցնել թշնամու ջրաղացին ու չխոսել ԼՂՀ քաղաքացի Քոչարյանի` ՀՀ նախագահ ընտրվելու հակասահմանադրականության վերաբերյալ: Նույնկերպ նաեւ 2008թ. կեղծված նախագահական ընտրությունների եւ մարտի 1-ի սպանդի դեպքում: Երբ ապրիլյան պատերազմից հետո պարզվեց, որ Հայաստանը կռվում էր 80-ականների զենքով, մինչդեռ գեներալիտետը վայելում էր գործարանից նոր բաց թողնված ջիպերի ողջ ընտրանին, կրկին խոսվում էր ներհայաստանյան կեղտոտ լվացքը հրապարակ չնետելու «հայրենանվիրության» մասին: Բայց որեւէ մի գեներալ այդպես էլ չպատժվեց բանակի ռեսուրսները գրպանելու մեղադրանքով:

Երբ Ժիրայր Սէֆիլյանը բարձրաձայնեց 800 հեկտար տարածքի կորստի մասին, իշխանական քարոզչամեքենան ատամներով հարձակվեց նրա վրա` պաշտպանելով Սերժ Սարգսյանի` գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը, մինչդեռ համընդհանուր անառողջ աղմուկի մեջ այդպես էլ անտեսվեց, թե արդյո՞ք այդ նույն գերագույն գլխավոր հրամանատարը պատասխանատու չէ տարածքային կորուստների համար, ինչը յուրաքանչյուր նորմալ երկրում անմիջապես հրաժարականի պատճառ կդառնար:

Ն. Հովսեփյան




Լրահոս