Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաքելական օրհնագիր է շնորհել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Օրհնագրում մասնավորապես գրված է. «Սուրբ Հայր Ֆրանցիսկոսը սրտանց հաղորդում է իր առաքելական օրհնությունը Սամվել Բալասանյանին՝ մաղթելով Աստվածային շնորհների առատություն՝ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Սուրբ եւ Անմահ Պատարագ էր մատուցել Գյումրու Վարդանանց հրապարակում, իսկ 2017 թվականի հունիսի 25-ին Եվրոպական հրապարակում՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոցի տարածքում, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախաձեռնությամբ բացվեց հուշակոթող որտեղ տեղադրված է այն նույն սեղանը, որի մոտ 2016 թվականի հունիսի 25-ին Ֆրանցիսկոս պապի ձեռամբ պատարագ մատուցվեց Գյումրու Վարդանանց հրապարակում: Խորանի կենտրոնում «Աստվածամայրը մանուկ Հիսուսի հետ» նկարն է, որի հեղինակը գյումրեցի գեղանկարիչ Ժակլինա Սարգսյանն է, իսկ ներսում՝ Պապի այցի մասին պատմող լուսանկարներ են փակցված: Խորանի մոտ տեղադրված է նույն այն խաչքարը, որ դրված էր բեմում 2016 թվականի հունիսի 25-ի: