«Աշտարակ-Կաթ» ընկերությունից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին ՀՀ կառավարության շենքի դիմաց «Աշտարակ Կաթ» ընկերության գործունեությունից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պատրաստվում են հանդես գալ հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2016 թվականի դեկտեմբերի 19-ի վճռով ընկերությունը սնանկ էր ճանաչվել: «Աշտարակ կաթ»-ը պարտքեր ունի բանկերին, եւ ընկերության գույքի մեծ մասը գրավադրված է: Ի դեպ, նշենք, որ ընկերությունը շարունակում է գործել, բայց այն չի շահագործվում Ափոյանների ընտանիքի կողմից: Ինչպես հայտնի է` այժմ «Պարգեւ» ՍՊԸ-ի միջոցով «Անդրա Ռեմարա» ընկերությունը իրականացնում է «Աշտարակ կաթ»-ի առողջացման ծրագիրը: Ի դեպ, «Պարգեւ» ընկերությունը «Աշտարակ կաթ»-ի խոշոր պարտատերերից մեկն է, որն էլ գնելով գործարանի գույքը եւ ապրանքանիշը` փոխել է իրավաբանական հասցեն, ապա ընկերությունը գրանցել է նույն անվան տակ, բայց Արցախում։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի էր դարձել, որ «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանը դատական հայցեր է ներկայացրել ավելի քան 200 խանութպանների դեմ: Սնանկության գործով կառավարիչը պնդում է, որ տնտեսվարողները չեն կատարել հաշիվ-ապրանքագրերով սահմանված պարտավորությունները եւ չեն վճարել իրենց դեռ 2016թ. մատակարարված կաթնամթերքի դիմաց: Մինչդեռ խանութպանները պնդում են, որ մատակարարված ապրանքի դիմաց կանխիկ գումարը վճարել են, այն էլ՝ պարտաճանաչ կերպով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ նրանք այս առիթով  բողոքի մեծ ակցիա են անցկացնելու:




Լրահոս