Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Բարձր գնահատելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում և քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային համաձայնագրում:

Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը:

Հյուրի խնդրանքով ներկայացնելով պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին, նախարար Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը: «Նման հայտարարություններ անելու համար մեծ իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը», – նկատել է Վիգեն Սարգսյանը: ՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության մի շարք օրակարգային հարցեր և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:




Լրահոս