Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը կարծում է, որ Սահմանադրությամբ հաջորդ նախագահի վրա ոչ միայն նոր, խորհրդարանական նախագահի մշակույթի ստեղծման, այլև նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը ձևավորելու խնդիր է դրված: Այս մասին Սարգսյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
– Բոլորին հանդիպեցիք՝ քաղհասարակություն, կուսակցություններ: Կախվա՞ծ էր Ձեր պատասխանը նաև այս հանդիպումներից: Ի՞նչը Ձեզ համոզեք, որ Դուք ընդունեք այդ առաջարկը:
– Նախ, իհարկե, բոլորի հետ չհանդիպեցի: Ծրագրում եմ շարունակել իմ հանդիպումները: Եվ, ճիշտն ասած, մինչ խորհրդարանում Հանրապետության նախագահի ընտրության օրը, քանի որ թիվը շատ մեծ է, հույս ունեմ, դրանից հետո շարունակեմ: Ճիշտն ասած, այս պահին հետաքրքրությունը իմ մեջ այնքան մեծ է, որ եթե նույնիսկ չընտրվեմ, կուզենամ ավելի խորը հասկանամ, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ենք մենք և ուր ենք գնալու: Կա՞ր արդյոք մեկ բան, որ ինձ դրդեց ասել «այո»: Գործոնները շատ են․ սկսած մեծ պատասխանատվությունից, որ իմ առջև դրվեց, որին «ոչ» ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ: Երկրորդը, շատ լավ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Սակայն, երբ դու Հանրապետության նախագահի թեկնածու ես, և մարդկանց ես հանդիպում, լինի քաղաքական [գործչին] կամ պարզ գյուղացուն կամ արդյունաբերողին, Արցախում լինի, Գյումրիում, լրիվ ուրիշ մոտեցում կա և՛ քո մեջ, և՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես:
Ավելի բաց ցանկությամբ շփվում են հետդ և իրենց սպասելիքն են քեզ ասում: Իհարկե, սպասելիքների սպեկտը շատ անսպասելիորեն կամ սպասելի, շատ մեծ է:
Շատերը կարծում են, որ Հանրապետության հաջորդ նախագահը՝ չորրորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ: Եվ կա մյուս ծայրահեղությունը, որ, իներցիայով մտածելով, Հանրապետության նախագահը ամեն ինչ կարող է: Իրականությունը ինչ-որ տեղ երկուսի մեջտեղում է: Եթե առանձնացնելու լինեմ մեկ պատասխան, ես կարծում եմ, մեր նոր Սահմանադրությամբ, քանի որ Հանրապետության նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված շատ մեծ պարտականություններ և լիազորություններ՝ Սահմանադրության մեջ ձևակերպված, նախ և առաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի այդ շրջանակի ներսում: Հետևաբար մեծ խնդիր է դրվում չորրորդ նախագահի վրա՝ ինչ-որ ձևով ձևավորել նոր նախագահի կերպարը, նրա լիազորությունները, նրա ներկայությունը: Եվ նաև՝ ինչ-որ ձևով մշակույթ ստեղծել նոր, խորհրդարանական նախագահի: