Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցի շուրջ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Հիշո՞ւմ եք, երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց լուսանկարներ ինքնաթիռից, կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե նա մեկնել է մասնավոր օդանավով, որի համար պետական բյուջեից որեւէ գումար չի տրամադրվել: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ այցից առաջ` հունվարի 11-ին, վարչապետը պաշտոնական պատվիրակություն գործուղելու մասին որոշում է կայացրել, որտեղ եւ հանձնարարված է բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով: «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,- նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ:
Երեկ վարչապետի խոսնակը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում էր՝ չվերթը բյուջեի վրա նստել է զրո դրամ: Բայց փաստն այն է, որ իր որոշման մեջ վարչապետը հանձնարարել է բյուջեից գումար տրամադրել, ու նշված չէ, թե ինչքան: Ի դեպ, վարչապետը չարտերային չվերթով մեկնել էր նաեւ Ղազախստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. վերջին ուղեւորության մանրամասները եւս կառավարությունը գաղտնի է պահում, թեեւ այս դեպքում եւս հանձնարարական կա ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը բյուջեի միջոցներից կատարելու մասին:
2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսին այդ տարածքում տեղակայված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանք էր նաեւ առաջադրվել: Սակայն մինչեւ հիմա ամբողջական գումարը չի հայտնաբերվել. իրավապահները միայն 300 հազար դրամն են գտել Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործում քննվող հիմնական վարկածներից մեկի համաձայն` «Սասնա ծռերի» անդամներն իրավապահներին հանձնվելուց առաջ պարզապես այրել են գումարը` քաջ գիտակցելով` չեն կարողանա ծախսել այն: Կան եւս այլ վարկածներ՝ գումարը նրանք թաքցրել են գնդին հարակից որեւէ տարածքում՝ պատի մեջ, հողի տակ, կամ էլ փաթաթելով քարին` դուրս են նետել կոնկրետ ուղղությամբ: Չի բացառվում նաեւ, որ իրավապահներն իրենք են այդ օրերին «մեջ-մեջ» արել գումարը: Ամեն դեպքում, խոշոր այդ գումարը չկա ու թերեւս չի էլ գտնվի:
Ամուլսարի ոսկու հանքում տիրող խայտառակ վիճակին անդրադառնալու առիթներ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է ունեցել. այս հանքավայրը բնապահպանական լուրջ խնդիրներ է ստեղծել շրջակա միջավայրի համար: Բայց պարզվում է` ստեղծված իրավիճակը նաեւ պետական մարմինների, մասնավորապես բնապահպանության եւ ընդերքի տեսչության մեղքով է. այստեղ աշխատում են մարդիկ, որոնք չունեն համապատասխան մասնագիտական որակավորում եւ չեն կարող գլուխ հանել երկրաբանական խնդիրներից: Տեսչության ընդերքի վերահսկողության վարչության պետը Արամ Ստեփանյանն է, մասնագիտությամբ իրավաբան: Հանքային ջրերի եւ երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժինը ղեկավարում է Վահե Բարսեղյանը, որն ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, տնտեսագետի որակավորմամբ: Ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանն էլ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել: Ստացվում է` ոչ մասնագետները զբաղեցնում են մասնագիտական հաստիքներ, դրա համար էլ հանքերը անխնա դատարկում են մեր ընդերքը:
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը իր հաճույքների համար չի խնայում քաղաքային բյուջեի միջոցները: Միայն ամանորյա մեկ քեֆի համար քաղաքապետարանը ծախսել է 2 մլն 725 հազար դրամ կամ մոտ 5700 դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքապետարանը անցած տարվա դեկտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Հին Նորք-Մարաշ» ընկերության հետ եւ 250 հյուրերի համար խնջույք կազմակերպելու նպատակով ծախսել նշված գումարը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրում քաղաքապետարանից չեն մոռացել հետեւյալ մանրամասները նշել. «Ծառայությունը պետք է մատուցվի բարձրակարգ եւ նրբաճաշակ սրահում` 250 հյուրի համար նախատեսված հարմարություններով»: Քաղաքապետարանի աշխատակազմը պահանջել է, որ ամանորյա սեղանին մատուցվի երեք տեսակի տաք ուտեստ, չորս տեսակի աղցան, բնական եւ գազավորված հյութեր, օղի, հայկական կոնյակ, շամպայն, գինի, հանքային ջուր, տարբեր տեսակի մրգեր, քաղցրավենիք եւ թխվածքեղեն: Իսկ սրահը պետք է ունենա կենդանի երաժշտություն` բազմազան երգացանկով:
ՀԱՅԻ ԵՏԻՆ ԽԵԼՔՈՎ
Ռեյտինգային ընտրակարգի դեմ արդեն դժգոհում է իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն` բարձրաձայնելով ԸՕ-ում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Պատճառը պարզ է. ապրիլին սպասվող քաղաքական գործընթացներին ընդառաջ /ձեւավորվելու է նոր կառավարություն/` ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ից մի քանի պաշտոն ավելի պոկել:
Բայց անկախ նրանց քայլի դրդապատճառներից` պետք է արձանագրենք. ռեյտինգային ընտրակարգին դեմ է ողջ քաղաքական դաշտը՝ ոչ միայն խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը, այլեւ իշխանության մի մասը՝ հանձին ՀՅԴ-ի: Ու հիմա հերթական անգամ ստեղծվել է «կոնսենսուս մինուս ՀՀԿ» վիճակը: Իսկ ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգին կողմ է` քաջ գիտակցելով, որ ընտրակեղծիքների հնարավորություններն առավելագույնս չեզոքացնելու պայմաններում իրենք վերարտադրվելու հնարավորություններ չունեն:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ մեկնաբանել է, որ ռեյտինգային ընտրակարգն արդար չէ, անընդունելի է: «Սա դասական համամասնական ընտրակարգից շեղում է»,- շեշտել է նա: Նկատենք, սակայն, ժամանակին, երբ ԱԺ-ում ընդունվում էր ընտրական օրենսգիրքը, նույն ՀՅԴ-ն կողմ քվեարկեց` որեւէ դժգոհություն չհայտնելով: Հիմա իրենց քայլը բացատրում են ԸՕ-ի շուրջ «համախոհություն» ստեղծելու անհրաժեշտությամբ, որ իբր չէին ցանկանում խանգարել 4+4+4 ձեւաչափով բանակցություններին: Միայն թե, հիշեցնենք, նույն 4+4+4 բանակցությունների ժամանակ ընդդիմադիրները եւ քաղհասարակության ներկայացուցիչները համաձայնեցին ԸՕ նախագծին՝ ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ վերապահումներ ներկայացնելով եւ դեմ արտահայտվելով: Իսկ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն որեւէ վերապահում չունեին:
Հիմա` ԱԺ ընտրություններից 10 ամիս անց, ՀՅԴ-ն հասկացել է, որ այդ ընտրակարգն իրեն չի արդարացնում:
Դժվար չէ ենթադրել` որոշ ժամանակ անց ՀՅԴ-ն նաեւ հանդես կգա կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու նախաձեռնությամբ` մոռանալով, որ իրենք ամենամեծ ջատագովներն էին: Կպնդի, որ մեզ նման երկրին կառավարման նախագահական համակարգ է պետք: Այդպես կանի, որովհետեւ ժամանակը ցույց կտա՝ խորհրդարանական համակարգը արդարացված չէր, չի ապահովում երկրի անվտանգությունը, խարխլում է պետականության հիմքերը: Եւ հետո` տարբերություն չկա՝ իշխանությունը կենտրոնացած է նախագահի՞, թե՞ գերկենտրոնացած է վարչապետի ձեռքում, ասել է, թե լուրջ փոփոխություն չի եղել: Միայն թե, ափսոս, մինչ այդ ՀՀ-ն հերթական անգամ ենթարկված կլինի լրջագույն փորձությունների` դրանից բխող ողջ բացասական հետեւանքներով հանդերձ: Իսկը հայի ետին խելք: