Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո կառավարման ողջ լծակները կենտրոնանալու են վարչապետի ձեռքում. այդ մասին են վկայում իշխանությունների կողմից պարբերաբար ներկայացվող օրենսդրական նախաձեռնությունները: Եվ քանի որ այս պահի դրությամբ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի միակ եւ հիմնական թեկնածուն, փորձ է արվում հենց նրա համար որքան հնարավոր է` ավելի լայն լիազորություններ սահմանել: Քանի որ օրենսդրական այդ նախաձեռնությունները հեղինակել էր ՀՀ արդարադատության նախարարությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի հետ:
-Պարո՛ն Հարությունյան, «Ներման մասին» օրենքով նախագահը ներում շնորհելու է միայն վարչապետի առաջարկությամբ: Ստացվում է՝ այս լիազորությունից նա եւս զրկված է լինելու, սա նույնպե՞ս վարչապետին է տրվում:
-Առաջին հերթին` այո՛: Այսինքն` վարչապետն այն անձն է, որը պետք է առաջարկությամբ հանդես գա, նախագահի առաքելությունը միշտ պետք է տեսնել: Խորհրդարանական համակարգում նախագահն ունի երկու կարեւոր առաքելություն: Առաջինը` պետության գլուխ լինելն է: Մոնարխիաներում, եթե Դուք նայեք, դարձյալ շատ հաճախ մոնարխն է այսօր, որ շնորհում է ներումը, բայց երբեք ինքը որոշում չի կայացնում: Իրեն այդ հարցը ներկայացնում է վարչապետը, որոշ դեպքերում` նաեւ արդարադատության նախարարը: Այսինքն` դերակատարումն առաջին հերթին դրված է գործադիր իշխանության վրա: Եթե նայեք, Միացյալ Թագավորությունում եւս որոշ խնդիրներ լուծվում են թագուհու միջոցով, բայց նա դերակատարում ունի զուտ որպես պետության գլուխ, այսինքն՝ արարողակարգային է: Երկրորդ կարեւոր առաքելությունը, որը վերապահված է մեր նախագահին, դա Սահմանադրության պահպանմանը հետեւելն է: Եվ եթե ներկայացվել է մի առաջարկություն, որը հակասում է Սահմանադրությանը… ինչ է նշանակում` հակասում է Սահմանադրությանը, օրինակ` օրենքներին չենք հետեւել եւ այլն, որոնք հաստատում է խորհրդարանը, եւ վարչապետը չի հետեւել այդ օրենքին, ապա, բնականաբար, նախագահը կարող է ոչ միայն մերժել, այլեւ վեճը տանել Սահմանադրական դատարան:
-Տեսակետներ են հնչում, որ այս բոլոր փոփոխությունները կատարվում են Սերժ Սարգսյանի համար, քանի որ հենց նա է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն:
-Անկախ Սերժ Սարգսյանի անձից, ես մեկնաբանությունը նման ձեւով չէի տա, որովհետեւ, ի վերջո, մենք ընդունել ենք Սահմանադրություն, որը կոնկրետ անձի հետ կապված չէ: Եվ որեւէ մեկը չի կարող երաշխավորել, եթե այս անգամ լինի վարչապետ Սերժ Սարգսյանը, չնայած նա դեռ իր դիրքորոշումը կարտահայտի, անգամ այդ դեպքում սա վերաբերում է յուրաքանչյուր վարչապետի, որը կգլխավորի գործադիր մարմինը:
-Դուք խոսեցիք խորհրդարանի դերի մեծացման մասին, սակայն ԱԺ նախագահը փաստացի զրկված է շատ լիազորություններից:
-Ազգային ժողովի նախագահի լիազորությունները հիմնականում սահմանափակվում են Ազգային ժողովով:
-«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնեցին ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցի մասին: ՀՅԴ-ն եւս դեմ չէ այդպիսի փոփոխություններին: Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀԿ-ն:
-Նախ` բազմիցս եմ ասել՝ եկեք սխալներ չներմուծենք մեր տերմինաբանության մեջ: Սա կոչվում է համամասնական ընտրակարգ՝ բաց ցուցակներով: Պետք է վերլուծություն կատարել, եւ Դուք կտեսնեք երկրներ, որտեղ բաց ցուցակով ընտրված անձանց թիվն ավելի մեծ է, քան այն անձանց թիվը, ովքեր ընտրվում են փակ ցուցակով: Այս առումով, իհարկե, քաղաքական շահարկումները եւ գնահատականներ խորհրդարանում կարող են հնչել, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ընտրել ենք շատ ժողովրդավարական համարվող մի մոդել: Համակարգը, որը մենք ենք ընդունել, ունի շատ կարեւոր դրական առանձնահատկություն. Դուք այսօր չեք գտնի որեւէ քաղաքացու, ով ընտրություն է կատարել եւ չգիտի, թե իր տարածքը ով է ներկայացնում: Կարող է՝ նա այդ թեկնածուին ձայն էլ չի տվել, բայց գիտի, թե իրեն ով է ներկայացնում: Պատասխանատվության սկզբունքն ամենակարեւորներից է, որպեսզի կայանա ժողովրդավարությունը:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ 12 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ Է ՊԵՏՔ
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը նախաձեռնել է փետրվարի 16-ին անցկացնել ԱԺ արտահերթ նիստ եւ այդ ընթացքում քննարկել «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու հարցը: Ըստ նրանց` օրենսդրական այս փոփոխությունը հնարավորություն կտա խուսափելու հետզհետե սպասվող գնաճից, քանի որ այն հետեւանք է հարկային դրույքաչափերի բարձրացման:
Արտահերթ նիստ անցկացնելու համար ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ չէ այս հարցով արտահերթ նիստ անցկացնելուն, եւ միանալու են «Ելք»-ի նախաձեռնությանը: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը երեկ խորհրդարանում հայտարարեց, թե իրենք կմիանան «Ելք»-ի ստորագրահավաքին: Ի պատասխան` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Աչքներս լույս լինի, մի հատ էլ արտահերթ նիստ ենք անելու»:
Եվ չնայած Էդուարդ Շարմազանովի այս աչքալուսանքին, ՀՀԿ-ականները դեռ չեն որոշել՝ կապահովեն արտահերթ նիստ անցկացնելու համար անհրաժեշտ քվորումը, թե ոչ: Բանն այն է, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է ընդամենը 27 ստորագրություն, սակայն արդեն քվորման համար այդ թիվը բավական չէ: Քվորումի համար ԱԺ կանոնակարգ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետք է գրանցվեն պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին. «Ազգային ժողովի նիստն իրավազոր է, եթե նիստի սկզբում սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին»,- նշված է օրենքում:
Այս խորհրդարանում պատգամավորների ընդհանուր թիվը 105 է, եւ կեսը կազմում է 52-ից ավելի խորհրդարանական: «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները միասին ունեն 40 պատգամավոր: Կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն էլ ունի 7 պատգամավոր: Ասել է, թե անգամ եթե նրանք էլ միանան ընդդիմադիր խմբակություններին, քվորումի հարցը չի լուծվի, ու «Ելք»-ը ՀՀԿ-ի հույսին է մնալու: Քվորում ապահովելու համար նրանց անհրաժեշտ է նվազագույնը 12 պատգամավորի ներկայություն, որպեսզի նիստն իրավազոր համարվի, եւ քննարկումները սկսվեն: Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները խուսափում էին ասել՝ իրենք կներկայանան արտահերթ նիստին, թե ոչ: Օրինակ` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, թե կքննարկեն, կորոշեն: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւս հարցը քննարկելու ջատագովներից է՝ նշելով, թե ժամանակ դեռ շատ կա, մինչ այդ իրենց դիրքորոշումը կհայտնեն: «Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, միշտ եմ մասնակցում նիստերին եւ պարտավոր եմ մասնակցել՝ անկախ նրանից՝ քաղաքական մեծամասնությունը կամ փոքրամասնությունը դրանք կբոյկոտե՞ն, թե՞ ոչ», – հավելեց Շարմազանովը:
Իսկ ահա ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն նշեց, թե թանկացումների հետ կապված իրենց տեսակետներն ունեն: «Դրան եթե կհամապատասխանի, լավ, մենք որեւէ բանին միանալու խնդիր չունենք, բայց դա պետք է քննարկվի, տեսնենք՝ ինչ են ասում», – նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Եվ չնայած ՀՀԿ-ականները նշում են, թե դեռ վերջնական որոշում չունեն, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ զուտ քվորում ապահովելու համար անհրաժեշտ թվով ՀՀԿ-ականներ ներկա լինեն դահլիճում, գրանցվեն, սակայն դուրս գան եւ հրաժարվեն մասնակցել հետագա քննարկումներին:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՏՈՒԳԱՆՔԸ ՄԵԾ Է
Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բուռն է ընդունվել նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսված է հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց բացասական վերաբերմունքը չեն թաքցրել խմբակցության ներսում խոսակցությունների ժամանակ: Ավելին` հնչել են առաջարկներ, որ մինչեւ այդ օրինագիծը կառավարության նիստում հաստատելն ու ԱԺ ուղարկելը, պետք է փոփոխություններ անել, ըստ որի` ծխողների եւ չծխողների համար հանրային վայրերում առանձին հատվածներ սահմանվեն, քանի որ կարծում են՝ անխտիր բոլոր տեղերում ծխելն արգելելը սխալ է: Ինչ վերաբերում է տուգանքների չափին, ապա առաջարկ է եղել դրանք նվազեցնել:
ԿԵՂԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐՈՎ
Այս տարվա մարտի 11-ին ՀՀ Արարատի եւ Լոռու մարզերի գյուղերում կանկացվեն ՏԻՄ ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի են ունենալու Արարատ մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար եւ Լոռու մարզի Դեբետ գյուղերում: Բնականաբար, առաջադրված թեկնածուները գործող ՀՀԿ-ական գյուղապետեր են: Օրինակ` Դարբնիկ համայնքի ղեկավարի համար առաջադրվել են երկու թեկնածու՝ ՀՀԿ-ական գործող գյուղապետ Դավիթ Գզիրյանը եւ անկուսակցական ինքնառաջադրված Ռաֆիկ Վիրաբյանը: Նույն իրավիճակն է նաեւ Զորակ եւ Խաչփար գյուղերում: Ըստ որոշ տեղեկությունների՝ առաջադրված երկու թեկնածուներն էլ կեղծ են: Նրանք իրենց թեկնածությունները ձեւական են առաջադրել, որպեսզի ապահովեն ՏԻՄ ընտրություններ: Իսկ ահա Դեբետ գյուղում առաջադրված թեկնածուն միակն է, բայց ոչ գործող գյուղապետը, այլ գյուղի մշակույթի կենտրոնի դաշնակցական տնօրեն Արայիկ Սարգսյանը:
ՍԵՎԱՆԸ` ՍԹՐԵՍԻ ՄԵՋ
Սեւանա լճում ջրի մակարդակը վերջին 15 տարվա ընթացքում նվազեցվել է ընդամենը 5 անգամ. այդ մասին երեկ մամուլի ասուլիսին հայտարարել էր ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Պաշտոնյան մանրամասնել է, որ 2017թ. Սեւանում ջրի մակարդակը նվազել է 4 սմ-ով, մինչ այդ՝ 2014 թվականին, մակարդակը իջել էր 3 սմ-ով, սակայն 2016, 2015-ի համեմատ, լճի մակարդակը 27 սմ-ով ավելացվել է: Բնապահպան Վիկտորյա Բուռնազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, թե ռազմավարական նշանակություն ունեցող մեր միակ քաղցրահամ ջրի պաշարը` Սեւանը, վտանգված է: Իսկ ամեն անգամ կատարվող լրացուցիչ ջրառը սթրես է եղել լճի համար: «Իշխանությունները, անտեսելով բոլոր խնդիրները, ամեն անգամ թույլատրվածից ավելի շատ են ջրառ իրականացրել: Հիմա լիճը հասցվել է այն վիճակին, որ չի կարող ինքնամաքրվել, ինչը բավական լուրջ խնդիր է»,- ասաց նա: