Վարչապետ Կարեն Կարապետյանի` Դավոսի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով Շվեյցարիա այցը լայն քննարկումների առարկա դարձավ: Սա այն բանից հետո, երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց օդանավից լուսանկարներ: Այդպես պարզ դարձավ, որ նա Շվեյցարիա էր մեկնել չարտերային թռիչքով՝ առանձին օդանավով: Ընդ որում, դա նախագահին սպասարկող օդանավը չէր. այդ օրերին Սերժ Սարգսյանն էլ իր հերթին էր արտասահմանյան այց կատարել. նա Ֆրանսիայում էր:
Կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե վարչապետը Շվեյցարիա է մեկնել մասնավոր ինքնաթիռով, որի համար, ուշադրություն, բյուջեից որեւէ գումար չի ծախսվել: Իսկ թե կոնկրետ ո՞վ է իր ինքնաթիռը տրամադրել վարչապետին, եւ, ընդհանրապես, թռիչքի ծախսերն ո՞վ է հոգացել, կառավարությունը խնամքով գաղտնի է պահում: Այնինչ` այս հարցը կարեւոր է, թեկուզ եւ այն առումով, որ չարտերային թռիչքները բավական թանկ հաճույք են, հետեւաբար, հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ կառավարության ղեկավարին ո՞վ է տասնյակ հազարավոր դոլարների լավություն արել:
Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ը երեկ պարզեց, որ վարչապետը դեռ հունվարի 11-ին որոշում է կայացրել Դավոսյան այցի մասին` այնտեղ առանձին կետով անդրադառնալով նաեւ ինքնաթիռով ուղեւորությանը եւ հանձնարարել՝ բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով: «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության` 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,- նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ:
Վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում համոզում էր. «Չվերթը բյուջեի վրա նստել է 0 դրամ, մնացած ծախսերը` Շվեյցարիայում պատվիրակության մնալու հետ կապված, հատկացվել է արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից: Այստեղ արտառոց որեւէ բան չկա»: Իսկ այն դիտարկմանը, թե մասնավոր օդանավ չի տրամադրվում, այդ դեպքում ո՞ւմ էր պատկանում ինքնաթիռը, վարչապետի մամուլի խոսնակը հրաժարվեց պատասխանել:
Համաձայնեք` խիստ տարօրինակ է, թեկուզ եւ այն պատճառով, որ վարչապետի որոշմամբ հանձնարարություն է եղել պետական բյուջեից չվերթի կազմակերպման հետ կապված ծախսեր կատարել, մինչդեռ հիմա նրա խոսնակը պնդում է, որ որեւէ գումար չեն ծախսել այդ նպատակով: Այս դեպքում ստացվում է, որ վարչապետի որոշումը չի կատարվել, մինչդեռ պետք է կատարվեր: Մեկ փաստ էլ. արդարացումները, թե վարչապետը մեկնել է մասնավոր ինքնաթիռով, այնքան էլ իշխանությունների օգտին չեն խոսում, քանի որ այս դեպքում էլ չի բացառվում` գործ ունենանք կոռուպցիայի դրսեւորման հետ: Համենայն դեպս, մասնավորը հենց այնպես ահռելի միջոցներ չի ծախսի վարչապետի չարտերային ուղեւորությունների համար, այլ դա անում է որոշակի ակնկալիքով, օրինակ՝ բիզնեսում արտոնությունների տեսքով:
Այս սկանդալը, թերեւս, բավական թանկ է նստել Կարեն Կարապետյանի վրա, եւ արդեն Ղազախստան՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, նա թեեւ կրկին չարտերային թռիչքով էր մեկնել, բայց լուսանկարներ չէր հրապարակել: Ղազախստան ուղեւորության մասին կայացրած որոշման մեջ եւս վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր. «Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության` 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»: Ու կրկին պարզ չէ՝ որքա՞ն գումար է ծախսվել այդ նպատակով: Նշենք, որ սովորաբար չարտերային թռիչքների գները սկսվում են 25-30 հազար եվրոյից:
Մինչ այդ, մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Կարապետյանը Ղազախստանում իջեւանել էր Rixos Almaty թուրքական հյուրանոցում: Այն բավականին հայտնի հյուրանոցային ցանց է: Լինելով հինգաստղանի հյուրանոց եւ գտնվելով քաղաքի կենտրոնում` այստեղ ծառայությունները բավական թանկարժեք են. ամենամատչելի սենյակի արժեքը սկսվում է 200 դոլարից: Բնական է` առանձին ինքնաթիռով Ղազախստան հասնելուց հետո իշխանավորները չեն մնացել հյուրանոցի էժան սենյակներում, այլ գերադասել են մի փոքր ավելի ճոխ պայմաններում անցկացնել այդ երկու օրը: Ու, ըստ այդմ, կարող ենք որոշակի պատկերացում կազմել գործադիր մարմնի ղեկավարի եւ նրան ուղեկցող պատվիրակության այցելության` մեր երկրի բյուջեի վրա արժեցած ծախսի մասին: Բավական է միայն նշել, որ պատվիրակությունը18 հոգանոց է եղել:
Հ.Գ. Մեկ փաստ էլ. Ղազախստան այցի ժամանակ Կարեն Կարապետյանն իր անվտանգությունն ապահովելու համար երեք թիկնապահ է տարել, Դավոսյան համաժողովին՝ չորս թիկնապահ: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Կարեն Կարապետյանն այդքան շատ թիկնապահով շրջում, այն էլ այնպիսի միջոցառումների ժամանակ, որտեղ ընդունող պետությունն արդեն իսկ անվտանգությունն ապահովելու համար լուրջ միջոցներ է ձեռնարկում: Թե՞ Կարապետյանն իր անվտանգությունը չի վստահում հյուրընկալող կողմերին:
ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՄՇՏԱՊԵՍ ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Ինչպես հայտնի է՝ պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում անհարգելի բացակայությունների համար: Ընդ որում, խոսքը ոչ միայն ԱԺ նիստերից, այլեւ հանձնաժողովների նիստերից բացակայությունների մասին է: Հանձնաժողովի նախագահները յուրաքանչյուր նիստի վերջում պետք է գրություն ուղարկեն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ ներկայացնելով, թե ովքեր են բացակայել նիստերից: Սակայն ոչ միշտ են ներկայացված փաստերը համապատասխանում իրականությանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովում, օրինակ, 2017թ. դեկտեմբեր ամսին նիստերից պատգամավորների բացակայություններ չեն եղել. այդպես է նշված հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի ներկայացրած փաստաթղթում: Դեկտեմբեր ամսվա ընթացքում այս հանձնաժողովը գումարել է 5 նիստ: Սակայն դրանցից միայն մեկին է մասնակցել ՀՀԿ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, մյուս դեպքերում նա բացակա է եղել: Նիստերից հաճախ բացակայողների թվում են նաեւ Արգամ Աբրահամյանը, ով հանձնաժողովի նախագահի տեղակալն է, Արթուր Գեւորգյանն ու Արմեն Բաբայանը: Սակայն բոլոր բացակայությունների մասին տեղեկանքում ոչ մի խոսք: Թերեւս այս պատգամավորները մշտապես խիստ զբաղված են լինում, եւ բացակայություններն էլ հարգելի են:
ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ ԿԳ նախարարության, «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դատական հայց է ներկայացրել նախկին աշխատակիցներից Վահանուշ Ասատրյանը: Վերջինս պահանջում է վերականգնել իրեն նախկին աշխատանքին եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը: Ի դեպ, տեղեկացանք, որ Վահանուշ Ասատրյանից բացի` «Դիլիջանի պետական քոլեջի» դեմ դատարան է դիմել նաեւ Աննա Թամրազյանը: Նրա պահանջը եւս նույնն է՝ վերականգնել նախկին աշխատանքին: Փաստորեն, «Դիլիջանի պետական քոլեջում» վերջերս կադրային ջարդ է եղել, եւ հիմա դրա հետեւանքով նախկին աշխատակիցները դատարան են դիմել:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ԻՆ «ՔՑԵԼ ԵՆ»
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում: Ռաֆայել Հարությունյանը, լինելով կահույքի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Կահույքի աշխարհ» ՍՊ ընկերության տնօրեն, վարկային միջոցներ ստանալու համար դիմել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ: Նա ստացել է վարկը: Ավելի ուշ նշված գումարից մարվել է 340 հազար 291 ԱՄՆ դոլար, իսկ մնացած մասը չի մարվել ինչի հետեւանքով բանկին պատճառվել է խոշոր չափի վնաս: Հարուցվել է քրեական գործ, եւ Ռաֆայել Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ քաղաքից չհեռանալու մասին: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, ինչ բանկին «քցում են»: Բանկի նախկին կառավարիչ Արա Կիրակոսյանը եւս նման խնդրի առաջ էր կանգնել:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ
Շվեյցարիայի Համադաշնության ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանը, երեկ ՀՀ ԱԺ-ում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, ասել է, թե այն պատկերացնում է բանակցությունների ճանապարհով: Նա նշել է, որ Արցախի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի վրա: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, ինչպես մյուս ժողովուրդները: Խնդրի լուծումը հարկավոր է պատկերացնել բանակցությունների միջոցով, որոնց հիմքում կլինեն ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,- ասել է խորհրդի նախագահը: «Պետք է ասեմ, որ ՀՀ-ն ԵԱՀԿ գործընթացի անդամ է եւ հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է գիտականորեն արձանագրվի, փաստագրվի ու ներկայացվի, որպեսզի միջազգային իրավական ատյանները հարկ եղած դեպքում կարողանան անդրադառնալ, հնարավորության դեպքում նաեւ հակազդել»,-նշել է նա:
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեկորդ է սահմանում նաեւ թեկնածության համար անհրաժեշտ ստորագրությունների առումով: ՌԴ ԿԸՀ-ի անդամները միաձայն հաստատել են գործող նախագահին մարտին կայանալիք ընտրություններում որպես թեկնածու գրանցելու որոշումը: Ըստ օրենքի` ինքնաառաջադրված թեկնածուն գրանցման համար պետք է ներկայացնի 300 հազար ձայն: ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պանֆիլովան հայտարարել է, թե անվավեր է ճանաչվել Պուտինի համար ներկայացված ստորագրությունների ընդամենը 0,39 տոկոսը, ինչը «ռեկորդային ցուցանիշ է»:
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԽԱԼ
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն այս փուլում ի վիճակի չէ պրոցեսների վրա ազդել: Նա անդրադարձել է ներկա եւ նախկին կառավարությունների աշխատանքին. «Անցած երեք վարչապետները` ե՛ւ Տիգրան Սարգսյանը, ե՛ւ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ Կարեն Կարապետյանը, մեծ քաղաքական սխալ են թույլ տվել, որ դառնալով վարչապետ` չեն կարողացել ձեւակերպել այն խնդիրը, որի շուրջ նրանք գործում են: Չեն կարողացել, որովհետեւ սերված են քաղաքական մեծամասնությունից եւ չեն կարող գնահատական տալ այն քաղաքական մեծամասնությանը, որ իրենց նշանակել է պաշտոնների»:
ԲՈՅԿՈՏ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» որոշել է բոյկոտել ապրիլի 11-ին տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններն ու բողոքի ակցիաներ իրականացնել: Ադրբեջանի նախագահական հերթական ընտրությունները նշանակված էին 2018թ. հոկտեմբերի 17-ին, որն արդեն հայտարարվել էր որպես ոչ աշխատանքային օր: Այժմ երկրում հայտարարվել են արտահերթ ընտրություններ եւ այն էլ նախընտրական քարոզարշավն սկսվելուց ընդամենը 5 օր առաջ: Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է հրամանագիր երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: