2017 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ավարտեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների մասով նախաքննությունը եւ այն ուղարկեց դատարան: Շուտով կլրանա այս աղմկահարույց քրեական գործերով դատաքննության մեկնարկի մեկ տարին, սակայն ամենագլխավոր հարցերից մեկը մնում է օդից կախված:
14 միլիոնի առեղծվածը
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելուց եւ ինքնակամ հանձնվելուց հետո հատուկ քննչական ծառայությունը պաշտոնապես հայտնեց, որ ՊՊԾ գնդի վարչական շենքում տեղադրված է եղել բանկոմատ, որտեղից հափշտակվել է 14 միլիոն 808 հազար դրամ: Արդյունքում «Սասնա ծռերի» անդամներից Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, Գառնիկ Հովակիմյանին ՊՊԾ գնդի տարածքում եղած բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքն է: Բանն այն է, որ մինչեւ հիմա պաշտոնապես հայտնաբերվել է մեղսագրվող գումարից 300 հազար դրամը՝ Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ:
Ուշագրավն այն է, որ իրավապահները մեղադրանքը առաջադրել են, սակայն մեղադրյալները, մասնավորապես Արմեն Բիլյանի պաշտպան Արմինե Ֆանյանը, հայտնել էին, որ Արմենը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ հափշտակության լրացուցիչ մեղադրանքը: Իսկ փաստաբան Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արայիկ Հակոբյանի մասով գողոնը չկա, ու ինքն էլ չի հասկանում, թե ինչ կապ կարող է ունենալ այդ բանկոմատի հետ:
Ու, փաստորեն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ չնայած խմբավորման անդամներից 7 հոգու մեղադրանք է առաջադրվել` բանկոմատից գումար հափշտակելու համար, սակայն վերջիններս համոզված պնդում են, որ այդ գումարի հետ կապ չունեն: Ավելին` չկա նաեւ այն գումարը, որի հափշտակության մեջ մեղադրում են: Սա տարօրինակ է այն առումով, որ «Սասնա ծռերի» անդամներն այդ մի քանի օրը եղել են ՊՊԾ գնդի տարածքում, զրկված են եղել արտաքին աշխարհի հետ անմիջական շփումից, եւ այդ իսկ պատճառով նրանք չէին կարող գումարը դուրս ուղարկած լինել կամ ծախսել:
Եթե վերոնշյալ անձանց մեղադրանք է առաջադրվել, ապա նրանց մոտ պետք է հայտնաբերված լիներ գումարը, սակայն հափշտակված գումարից միայն 300 հազար դրամն է գտնվել: Իսկ ի՞նչ եղավ 14 միլիոն 508 հազար դրամը, հասկանալի չէ:
ՀՔԾ-ն` հափշտակված գումարի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել, թե, ի վերջո, բանկոմատից հափշտակված գումարի մյուս մասը` 14 միլիոն 508 հազարը, հայտնաբերվե՞ց, թե՞ ոչ: Մեր այս հարցմանն ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հայտնեցին.«Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ կազմակերպված խմբի անդամները ՊՊԾ գնդի բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան եւ այժմ դատաքննության փուլում է»:
Առաջ քաշված վարկածները
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթին հափշտակված գումարի ճակատագրից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես այն, որ վարկածներից մեկով` բանկոմատից հափշտակված գումարի մյուս մասը խմբի անդամներն այրել են: Ի դեպ, քննության փուլում, երբ իրավապահները չեն կարողացել գտնել գումարը, հենց այս վարկածն են առաջ քաշել:
Այսինքն՝ գումարը բանկոմատից հանելուց հետո, երբ «Ծռերը» հասկացել են, որ ստիպված են իրավապահներին հանձնվել, թեկուզ եւ վնաս տալու համար` փողը գնդի տարածքում այրել են. ո՛չ ինձ, ո՛չ քեզ սկզբունքով:
Վարկած 2` միգուցե գումարը ՊՊԾ գնդի տարածքում հողի մեջ են պահել կամ, ասենք, պատի քարերի մեջ, որեւէ հարմար տեղում, եւ իրավապահները չեն կարողացել մինչ օրս գտնել այն:
Վարկած 3` գումարը փաթաթել են քարի վրա եւ այն ՊՊԾ գնդի տարածքից դուրս են շպրտել. այդ դեպքում ո՞ւմ է հասել գումարը:
Վարկած 4՝ գուցե իրավապահները գտել ու իրե՞նք են «ո՛չ ինձ, ո՛չ քեզ» արել:
Վարկած 5՝ այդ գումարը բանկոմատում չի էլ եղել:
Ամենայն հավանականությամբ, իրավապահները առաջ քաշված վարկածների ուղղությամբ աշխատանքներ իրականացրել են, սակայն անարդյունք:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ բանկից պարզել. կորե՞լ է արդյոք գումարը, կամ գտնված մի մասը վերադարձվե՞լ է: Սակայն հրաժարվեցին մեկնաբանել՝ պատճառաբանելով իրավապահների մոտ տարվող քննության շարունակվող գործընթացը:
Այսպիսով` ՊՊԾ գնդի գրավումից երկու տարի անց անհետացած գումարը այդպես էլ չի հայտնաբերվել, եւ մնաց առեղծված, թե ում թեթեւ ձեռքով այն «հօդս ցնդեց»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ
Բարձրագույն դատական խորհրդի անդամների կազմի շուրջ քննարկումները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 70-ամյակը լրանալուց հետո, երբ վայր դնի լիազորությունները, նշանակվելու է բարձրագույն դատական խորհրդի նախագահ:
Եւ, ահա, բարձրագույն դատական խորհուրդը կազմված է լինելու 10 անդամներից, որոնցից հինգին նշանակելու է դատավորների ընդհանուր ժողովը, իսկ մյուս հինգին` խորհրդարանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գագիկ Հարությունյանի նշանակումը իրականացնելու է ոչ թե դատավորների ընդհանուր ժողովը, այլ խորհրդարանը:
Ինչեւէ, անդրադարձել էինք դատավորների շրջանում խոսակցություններին, որ դատավորները մեկ այլ դատարանից մեկ այլ դատարան են տեղափոխվում` բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար: Մասնավորապես նման քայլի էին դիմել ՀՀ վարչական դատարանի նախկին դատավորներ Կարեն Ավետիսյանը եւ Կարինե Բաղդասարյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Բաղդասարյանը հայտնել է, որ նման ցանկություն չունի, եթե անգամ նման առաջարկ էլ ունենա, ապա չի ցանկանա, քանի որ սիրում է դատավորի կենդանի աշխատանքը:
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի հետ:
-Պարո՛ն Ավետիսյան, Դուք ՀՀ վարչական դատարանից տեղափոխվեցիք վարչական վերաքննիչ դատարան, որպեսզի հետագայում բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվեք:
-Չէ՛, նման մտադրություն չի էլ եղել, առաջխաղացման ցուցակում եմ ընդգրկվել, խորհուրդը թեկնածությանս օգտին է քվեարկել, եւ ես տեղափոխվել եմ վարչական վերաքննիչ դատարան:
-Իսկ Դուք առաջարկ չե՞ք ստացել` բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար:
-Այդ մասին չեմ էլ մտածել, առավելեւս նշեմ, որ բարձրագույն դատական խորհրդի կազմում ընդգրկվելու համար պետք է 10 տարվա աշխատանքային փորձ, իսկ ես այդքանը չունեմ:
Նշենք, որ Կարեն Ավետիսյանը 2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, իսկ ահա ավելի ուշ հրաժարվել է այդ պաշտոնից եւ ՀՀ նախագահի` 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր: Ասել է, թե նա ունի դատավորի` ընդամենը 8 տարվա աշխատանքային փորձ:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆԻՑ
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Իտալիայի դեսպանից պարզաբանում է խնդրել Հռոմում ոստիկանության կողմից իրեն ձերբակալելու փորձի վերաբերյալ: «Դիմել եմ ՀՀ-ում Իտալիայի Արտակարգ եւ լիազոր դեսպանին. ՀՀ-ում, Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, Նորին գերազանցություն Ջովանի Ռիչուլիին. Ձերդ գերազանցություն ս/թ հունվարի 30-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները ինձ բերման ենթարկելու փորձ են արել` պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունները ինտերպոլի միջոցով իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել: Հայաստանի ոստիկանությունը հայտարարել է, որ իմ նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է դեռեւս 2009թ.: Ի վերջո, ի՞նչ հիմնավորմամբ էին Իտալիայի ոստիկանության ներկայացուցիչները փորձում ինձ բերման ենթարկել»,- սոցցանցի իր էջում գրել է պատգամավորը:
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Պատվիրակությունն այցելել է Հայաստան «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մասնագիտական կարծիք տրամադրելու նպատակով: ԱԺ փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ` նշելով, որ հեղինակների կողմից հաշվի են առնվել միջազգային չափանիշներն ու Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններից շատերը:
ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Երեկ «Սասնա ծռեր» 2 խմբի գործով նիստը հետաձգվել է: Խմբի 3 անդամների համար դատարան շտապօգնություն էր հրավիրվել: Բուժօգնությունը ստանալուց հետո Արամ Հակոբյանի վիճակը շարունակում էր մնալ վատ, նրան նիստերի դահլիճ չէին բերել: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը հայտարարել է, որ Արամ Հակոբյանի ինքնազգացողությունը վատ է, իսկ շտապօգնության բժիշկը նշել է, որ նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց եւ շտապ հետազոտության ենթարկել: Քանի որ Արամ Հակոբյանը նիստին չէր կարող մասնակցել, դատարանը նիստը հետաձգել է:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն արդեն մի քանի օր է` փոփոխություններ է կատարում համակարգում: Երեկ նրա հրամանով նշանակումներ են եղել Վայքում եւ Սյունիքում: Ոստիկանապետի հրամանով` Վայքի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ Գերասիմյանը, որը մինչ այս զբաղեցնում էր Վայոց ձորի մարզային վարչության շտաբի պետի պաշտոնը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ոստիկանապետի հրամանով Վայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել էր աշխատանքից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ է նշանակվել փոխգնդապետ Դավիթ Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության Սիսիանի բաժնի պետի տեղակալի պաշտոնը:
ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշել է, թե ՀՀ կառավարությունը չի զլանում ամեն օր տարբեր անակնկալներով զայրացնել ու զարմացնել ազգաբնակչությանը: Նա անդրադարձել է այն որոշմանը, համաձայն որի` այսուհետեւ կառավարության նիստերը պետք է անցկացվեն դռնփակ: «Եթե ԱԺ-ն հրապարակային է, ինչո՞ւ է կառավարությունը գաղտնի ուզում կյանքի կոչել այդ ամենը: Այդ ումի՞ց են ինչ ուզում թաքուն որոշել: Բա ո՞ւր էիք դուք, երբ կառավարությունը տասը տարի հակաժողովրդավարական հարցեր էր քննարկում»,-ասել է նա: Իսկ խոսելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հիմնավորման մասին, թե Գերմանիայում էլ նիստերը դռնփակ են, Գեւորգ Պետրոսյանը հորդորել է, որ եվրոպական փորձը չմեջբերել` հավելելով, թե այնտեղ գիտնականն ու մանկավարժը սոված չեն: