ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐՆԻԿԸ` ԸՆԴԵՐՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի ընդերքն անխնա շահագործվում է, ընդ որում, շատ հաճախ առանց տարրական կանոնները պահպանելու, բազմիցս է խոսվել: Սակայն որեւէ էական առաջընթաց այս հարցում չկա: Ամենավառ ապացույցն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում տիրող խայտառակ վիճակն է, որի վրա պետական մարմիններն աչք են փակում:

Արդեն բարձրաձայնվել է խնդիրը, որ հանքավայրի շահագործումը, թափոնների կառավարումը շրջապատի համար բնապահպանական լուրջ խնդիրներ են ստեղծել, անգամ խոսում են հանքում ամիսներ առաջ տեղի ունեցած ինչ-որ փլուզման մասին: Ճիշտ է` դեռ հունվարի սկզբներին այս ընկերությունը հանդիպել էր բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ եւ համոզել, թե Ամուլսարի բնապահպանական բոլոր խնդիրները հնարավոր է կառավարել: Սակայն բնապահպանները հակառակն են պնդում` հիմնախնդիրը դեռ չի վերացել:
Նկատենք, որ այս իրավիճակը, սակայն, միայն Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ղեկավարության, հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի, գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի պատճառով չի ստեղծվել: Այս ամենի մեջ իրենց մեղքի բաժինն ունեն պետական կառույցները: Մասնավորապես Հայաստանում նախորդ տարի ստեղծվեց ՀՀ «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին» անունով մի կառույց, որը գործում է ՀՀ վարչապետին կից: Այս կառույցը պաշտոնապես կոչված է Հայաստանի Հանրապետության անունից իրականացնել վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաեւ կիրառել պատասխանատվության միջոցներ
– շրջակա միջավայրի պահպանության,
– բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության
– ընդերքօգտագործման բնագավառներում:
Իսկ ինչո՞վ է զբաղված այս մարմինը. առավել կոնկրետ` ընդերքի վերահսկողության վարչությունը, որն ունի ընդերքի շահագործման վերահսկողության բաժին: Հենց այս բաժնի ուղղակի գործառույթն է իրավիճակին տիրապետելը, հանքերի ինքնագործունեությունը կանխելը, ընդերքօգտագործման կանոնների պահպանմանը հետեւելը եւ, ամենակարեւորը, շրջակա միջավայրի պահպանության սուրբ գործը: Իսկ ինչո՞ւ չեն իրականացվում այս գործառույթները:
«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ ընդերքի վերահսկողության վարչությունում աշխատում են անձինք, որոնք չունեն մասնագիտական համապատասխան որակավորում, երբեւէ չեն աշխատել հանքարդյունաբերության ոլորտում: Դա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում ոլորտի գրագետ կառավարման հարցում: Համաձայնեք, որ շատ կարեւոր է՝ պետության կողմից ներկայացվող մասնագետը կամ ղեկավարը ոլորտից առնվազն տեղյակ պետք է լինի, որպեսզի գնահատի եւ պահպանի պետական շահը:
Իսկ ինչպե՞ս են աշխատում հիմա. մոտ երկու շաբաթում հաստատում են մետաղական հանքավայրի պաշարները՝ հիմնականում սենյակներում նստած, մի քանի օրվա ընթացքում ստուգում են այդ բարդ աշխատանքային գործընթացը եւ վերջում, Հայաստանում անշեղորեն գործող կանոնների համաձայն, ծանոթ-բարեկամի սկզբունքով տրամադրում են հանքի շահագործման թույլտվություններ: Այսինքն՝ հանքային պաշարներն առանց ուսումնասիրելու, հողի շերտերի մասին առանց պատկերացում կազմելու տնտեսագետի կամ իրավաբանի որակավորում ունեցող մասնագետները հանքերին լիցենզիա են տալիս կամ վերահաստատում են լիցենզիայի ժամկետը: Կոնկրետ հողի շերտերի մասին տարրական գիտելիքներ չունեցողները գնում (երբեմն ձեւական այցերով), շահագործվող հանքավայր են ստուգում եւ որոշում, թե ով որքան հանածո է հանում, ինչպես է վերամշակում, որքան եկամուտ ստանում եւ որքան «փայ տալիս» պետությանը:
Դե, իհարկե, նրանք բոլորը քաղծառայության մրցույթով են հաղթում, բայց որքանո՞վ է տրամաբանական կամ արդարացված, որ ոչ մասնագետները զբաղեցնում են մասնագիտական հաստիքներ: Որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, ներկայացնենք հայտնի ընտրակեղծարար Եղիշ Տերտերյանի ղեկավարած տեսչական մարմնի կառուցվածքը:
Ընդերքի վերահսկողության վարչության պետը Արամ Ստեփանյանն է՝ մասնագիտությամբ իրավաբան:
Հանքային ջրերի եւ երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժինը ղեկավարում է Վահե Բարսեղյանը, որն ավարտել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, տնտեսագետի որակավորում ունի:
Ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետ Հրաչյա Այվազյանն էլ, ոչ ավել, ոչ պակաս, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն է ավարտել:
Բայց սա դեռ ամենը չէ. ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վարչության ժամանակավոր պաշտոնակատարը Վրեժ Գալոյանն է, որն ավարտել է տնտեսագիտական համալսարանը (նախկին` Ժողինստիտուտ):
Հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը Արայիկ Միրզոյանն է, որն ավարտել է տնտեսագիտական համալսարանը:
Ջրերի եւ մթնոլորտի վերահսկողության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն է Արսեն Քամալյանը, որն ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական բաժինը:
Ստացվում է` ոչ մասնագետները զբաղեցնում են մասնագիտական հաստիքներ:
Ընդերքօգտագործման ոլորտում առկա խնդիրների, կոնկրետ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների` հանքավայրում առկա անկառավարելի իրավիճակի մասին պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ընդերքի վերահսկողության վարչության ընդերքի շահագործման եւ վերահսկողության բաժնի պետ, Երեւանի ավագանու անդամ Հրաչյա Այվազյանի հետ:
-Պարո՛ն Այվազյան, ակնհայտ է, որ ընդերքի վերահսկողությունը լավ չի իրականացվում երկրում, քանի որ Ձեր ղեկավարած վարչությունում ոլորտի հետ կապ չունեցող մարդիկ են աշխատում:
-Ներեցեք, իրավասու չեմ:
-Դուք ինքներդ ավարտել եք ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը եւ կապ չունեք ոլորտի հետ: Ինչպե՞ս կարող եք վերահսկել…
-Համալսարանի երկրաբանական ֆակուլտետն էլ եմ ավարտել:
-Բայց Դուք ընդերքի շահագործման վերահսկողության բաժնի պետն եք եւ Դուք պետք է վերահսկեք ընդերքօգտագործման կանոնների պահպանությունը: Օրինակ` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրում սարսափելի վիճակ է տիրում, որի պատասխանատուն հենց Դուք եք:
Հարցը հնչեցնելուց հետո Հրաչյա Այվազյանն անջատեց հեռախոսը: Այս պահվածքը երկու բանի մասին է վկայում. մեկ` որ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանն ավարտած երիտասարդը չի տիրապետում վարվեցողության տարրական կանոններին, նույնիսկ ռինգում չեն խռովում եւ թռնում մենամարտից, երկրորդ՝ նա այնքան անպատասխանատու է, որ հաշիվ չի տալիս իր արարքների համար: Երկու դեպքում էլ պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածք է: Իսկ նրա նմանների անպատասխանատու աշխատաոճի պատճառով հսկայական վնաս է հասցվում շրջակա միջավայրին, խաթարվում է մարդկանց առողջությունը, դատարկվում են մեր երկրի ընդերքի պաշարները:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՀՆԱՄԵՆԻ ՎԱՆՔԵՐԸ ԿՈՐԾԱՆՎՈՒՄ ԵՆ
Վերջին տարիներին Հայաստանում մեծահարուստները բազմաթիվ եկեղեցիներ են կառուցել, իսկ անտառներում եւ սարերում հնամենի եկեղեցիներն ու վանքերը անտերության են մատնված եւ ժամանակի ընթացքում կամաց-կամաց քանդվում են:
Հայ առաքելական եկեղեցին էլ հավանաբար տիրություն չի անում այն պատճառով, որ դրանք դժվարամատչելի տեղանքում են, եւ հնարավոր չէ կանոնավոր կերպով հոգեւոր արարողություններ կատարել: Եւ ենթադրվում է, որ գոնե պետությունը պետք է տեր կանգնի հնամենի կոթողներին, մանավանդ, երբ կա հուշարձանների պաշտպանությամբ զբաղվող կառույց:
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Կիրանց եւ Աճարկուտ գյուղերի շրջակա անտառներում են գտնվում Կիրանց, Առաքելոց, Սամսոնի եւ Դեղձնուտ վանքերը: 13-րդ դարում կառուցված Կիրանցի վանական համալիրը գտնվում է Կիրանց գետի ձախ ափին` անտառի բացատում: Վանքի ստեղծման ժամանակ այնտեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր: Վանական համալիրի բոլոր կառույցներն աղյուսաշեն են եւ այդ առումով հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից են: Աճարկուտ համայնքի ղեկավար Մանվել Ավետիքյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ Կիրանցի վանքը կանգուն է, սակայն վանքի լանջերին բուսնած ճառեր կան, որոնք էլ քայքայում են պատերը: Նրա խոսքերով` Աճարկուտի բնակիչ Հովիկ Ալավերդյանը մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության աշխատող էր, պարբերաբար Կիրանցի վանքը մաքրում էր աճած ծառերից, սակայն Հ. Ալավերդյանին աշխատանքից ազատել են: Առաքելոց վանքը Հայ առաքելական եկեղեցու հին կոթող է, գտնվում է Կիրանց գյուղից 3 կմ արեւմուտք, անտառապատ լեռների լանջերին: Սամսոնի վանքը կառուցված Խնձորկուտ կոչվող անտառապատ սարահարթի վրա, 12-13-րդ դարերում: Այդ վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցուց, մատուռից, գերեզմանատնից, բնակելի ու տնտեսական նշանակություն ունեցող օժանդակ շինություններից, որոնք կառուցված են մոխրագույն ավազով, սրբատաշ քարերով: Դրանք բոլորն էլ գտնվում են ավերված վիճակում: Ավերված վիճակում է նաեւ 12-13-րդ դարերի Դեղձնուտի վանքը, որը միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից է: Աճարկուտի գյուղապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպի նշված վանքերը տանող ճանապարհներ կան, սակայն Կիրանցի, Դեղձնուտի եւ Սամսոնի վանքեր կարելի է հասնել միայն բեռնատար, մեծ անցունողականություն ունեցող ավտոմեքենաներով: Զբոսաշրջիկները` հիմնականում պատմական հուշարձանների եւ էսքտրիմ տուրիզմի սիրահարները, այցելում են այդ վանքեր:
Ու ստացվում է, որ հարեւան ադրբեջանցիները իրենց համար պատմություն են հորինում, իսկ հայոց պատմության լուռ վկաները՝ վանքերը, աստիճանաբար կործանվում են, հենց իշխանությունների անտարբերության պատճառով:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ` ՀԱՐԿԵՐԻ ՆՎԱԶՄԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ վերջին երեք տարիներին հետեւողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի` ՀՀ պետական բյուջե վճարած հարկերը, թեեւ այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկատուների ցանկը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2015թ. ընթացքում ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 649.9 մլն դրամ, 2016թ.` 42 մլրդ 381.1 մլն դրամ, իսկ արդեն 2017թ. ռուսական ընկերության վճարած հարկերը կազմել են 39 մլրդ 717.6 մլն դրամ: Հարցի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը հարցում էր ուղղել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Պատասխանը հրապարակում ենք ամբողջությամբ:
«Հայտնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից վերջին երեք տարիներին վճարված հարկերի ընդհանուր գումարի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ ներքին շուկայում վաճառվող բնական գազի սակագների նվազեցմամբ, ինչի արդյունքում նվազել են սպառողների կողմից վճարվող գումարները, այդ թվում ընկերության կողմից վճարվող հիմնական հարկատեսակը՝ ավելացված արժեքի հարկը:
Նշենք նաեւ, որ 2016թ. հուլիսի 1-ից սակագները նվազել են 6-7%-ով, իսկ 2017թ. հունվարի 1-ից՝ շուրջ 7%-ով: Բացի այդ, ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարի նվազումը պայմանավորված է նաեւ վերջին երեք տարիների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատանքի վարձատրության ֆոնդի նվազմամբ»:

Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս