ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է դիմել Անահիտ Քարիմյանը` պնդելով, որ քաղաքացի Գարիկ Հայկի Իսրայելյանն իրեն նյութական մեծ վնաս է հասցրել: Եւ հիմա Ա. Քարիմյանը պահանջում է Գարիկ Իսրայելյանին պատասխանատվության ենթարկել: Ներկայացնում ենք Քարիմյանի նամակն ու Իսրայելյանի պատասխանը:

«Երեւանի Մայակ թաղամասի 3/1 հասցեում գտնվող շենքը եւ հողամասը սեփականության իրավունքով պատկանում են ինձ: Շենքի արտաքին տեսքը ապահովելու համար շենքը կառուցված է որպես մեկ ամբողջական շինություն: Ինձ տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն` այն բաղկացած է 2 տարբեր նշանակության տարածքներից` բնակելի եւ հասարակական: Շենքի հասարակական նշանակության մասում իրականացվելու էր ռեստորանային գործունեություն, որի վերանորոգման համար անհրաժեշտ էր գումար եւ կահավորանք: Բավարար գումար չունենալու պատճառով դիմել եմ տարբեր բանկերի եւ ստացել մերժում` աշխատավարձի չափի մասին տեղեկանք չներկայացնելու պատճառաբանությամբ:
Շենքի վրա եղել է ցուցանակ` «Տրվում է վարձով կամ վաճառվում»: Մարդիկ սկսեցին հետաքրքրվել շենքով: Հերթական անգամ շենքը «նայողներից» մեկը մեզ հետ զրույցի ժամանակ ասաց, որ դիմենք նախկին «Բազալտ» գործարանի հետնամասում գտնվող «Սիրող Սրտեր» բնակելի թաղամասի տնօրեն Մհեր Ռաֆիկի Պետրոսյանին: Այդ նույն մարդը` «միջնորդը», Մհեր Պետրոսյանին ներկայացրել էր շենքը եւ տվել իմ հեռախոսահամարը:
Ինձ զանգահարեց Մ. Պետրոսյանն ու ասաց` եկել է` շենքը տեսնելու համար: Նա եկել էր իր գործընկերուհու` Աղավնու հետ: Շենքը վերջիններիս դուրը եկավ, ու որոշ ժամանակ անց Մհերը ինձ եւ ամուսնուս` Աշոտ Ռուբենի Տոնոյանին, կանչեց «Սիրող Սրտեր» թաղամաս: Խոսեցինք, եւ նա ասաց, որ կարող ենք փոխշահավետ գործարք կնքել. շենքը գրավադրել իրենց «Ընդ տանիք» կոոպերատիվով «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում, մեծ գումար ստանալ, կիսել 2 մասի եւ յուրաքանչյուրիս բաժին հասած գումարին համապատասխան հետվճար անել:
Շենքը պետք է գրավադրվեր «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում, սակայն Մհերն ասաց, որ ինչ-ինչ պատճառներով գրավադրելը ձգձգվում է: Նա առաջարկեց այլ բան. իր սանիկը` Գարիկ Հայկի Իսրայելյանը, որը «Ժպիտ» ակումբի նախագահն է (ազդեցիկ ու ճանաչված մարդ ՀՀ-ում), կարող է օգնել մեզ, որ շենքը երկամսյա ժամկետով գրավադնենք «Արարատբանկ» ԲԲԸ-ում, այնուհետեւ գրավից հանենք ու գրավադնենք «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում` ամրագրելով նախնական պայմանավորվածությունը: Մհերը մեր թղթերը տվել էր Գարիկին, որով նա ստացել էր վարկ ստանալու հնարավորություն:
Մհերն ասաց, որ Գարիկը որոշակի գումար կվերցնի, իսկ մեզ տրվող գումարը նպատակին ծառայեցնելուց հետո Գարիկը կօգնի խնջույքներ վարելու եւ կազմակերպելու գործում:
2014թ. փետրվարի 21-ին մեզ զանգեց Մհերն ու ասաց, որ շուտ գնանբ «Արարատբանկ» ԲԲԸ-ի գլխամաս, որտեղ մեզ սպասում էր Գարիկը: Ըստ Մհերի` շենքը գրավադնելու դիմաց մենք պետք է ստանայինք 50.000 ԱՄՆ դոլար եւ այդ գումարը օգտագործեինք շենքի վերանորոգման ծախսերի համար: Այդ ընթցաքում նույն անշարժ գույքը 2 ամիս հետո պետք է գրավադրվեր «ՎՏԲ-Հայաստան» բանկում: Պայմանագրերը ստորագրելու ժամանակ նկատեցինք, որ վարկի գումարը 50.000-ի փոխարեն նշված է 150.000 ԱՄՆ դոլար: Ես ու ամուսինս սկսեցինք դժգոհել: Մենք հրաժարվեցինք որեւէ բան ստորագրել:
Մհերը, օգտվելով մեր լարված վիճակից, համոզում էր ու ասում` իրեն եւ Գարիկին խայտառակ չանենք, ստորագրենք պայմանագիրը, եւ ամեն բան լավ կլինի, ընդամենը երկու ամսվա պատմություն է…:
Դժկամությամբ ստորագրեցինք, եւ քանի որ արդեն աշխատանքային օրն ավարտվում էր, շատ արագ գործարքը կնքեցինք: Նոտարը հրավիրված էր բանկ: Գումարը մնաց ստանալու հաջորդ օրը, որն ստացել էր Գարիկը` 150.000 ԱՄՆ դոլար: Սակայն ստացված գումարից մեզ ոչինչ չտվեցին` պատճառաբանելով, որ 2-ամսյա ժամկետից «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ում գրավադրելուց հետո մեզ խոստացված գումարը կտրվի: Բնականաբար այդ 2-3 ամիսը Գարիկը ժամանակին վճարումներն արեց: Հետո անսպասելիորեն Մհերը քաղաքից դուրս եկավ, ինչի պատճառով գույքի գրավադրման գործընթացը «Արարատբանկ» ԲԲԸ-ից չտեղափոխվեց «ՎՏԲ-Հայաստան բակ» ՓԲԸ:
Մեր հաջորդ հանդիպման ժամանակ Գարիկն ասաց, որ ինքը հնարավորություն ունի մեր նույն շենքը վերավարկավորելու 120.000 ԱՄՆ դոլարի չափով, ինչից հետո գումարը կստանա անձամբ եւ կտա մեզ, որպեսզի վարկային պայմանագրով ստանձնած վարկային գումարի մարման պարտավորոթյունները 120.000 դոլարի մասով կատարենք մենք:
21.08.2014թ. նա այդ գումարն առանց մեզ ստացավ ու չտվեց: Փոխարենն սկսեց ստել, խեղաթյուրել իրականությունը: Նա ասում էր` իբր գումարը նրան չեն տվել, մաս-մաս են տալու, քանի որ իմ ամուսին` Աշոտը, չէր ուզում ստորագրել, եւ ես էլ համոզում էի նրան, որ ստորագրի, բանկի տարեց աշխատակիցը` Համեստ Մուրադյանը, այդ մասին տեղեկացրել է «Արարատբանկ» ԲԲԸ-ի տնօրեն պարոն Օսիպյանին, նա էլ երկմտում էր գումարը տրամադրելու կամ չտրամադրելու վերաբերյալ…:
Գարիկը մշտապես փորձում էր մեզ վրա տպավորություն թողնել, թե ինքը քաղաքում ճանաչված մարդ է եւ ցանկացած հարց կարող է լուծել «վերեւներում»: Տարբեր միջոցառումների ժամանակ լուսանկարվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլ ազդեցիկ մարդկանց հետ: Նա միշտ ասում է, որ չկա մի հարց, որ ինքն իր լայն կապերի շնորհիվ չկարողանա լուծել: Մշտապես ասում էր, որ իրեն մեծ գումարներ են պարտք, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը 150.000 դոլար է իրեն պարտք, ինքն էլ վերջինիս փեսա Աշոտին է 15.000 դոլար պարտք` մեքենաների տեսքով: Ասում էր նաեւ, որ Բարսեղ Բեգլարյանի տղան` Հայկը, իր լավ ընկերն է, եւ ինքը խնդիր չունի, նրա միջոցով բանկում իր հարցերը կլուծի: Նաեւ ասում էր, որ անհրաժեշտության դեպքում Սերժ Սարգսյանի փեսայի` Հայկի միջոցով հարցերը կկարգավորի կամ ուղիղ կդիմի Ռիտա Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, եւ իր բոլոր հարցերը կլուծվեն:
Ելնելով վերոգրյալից` դիմում եմ Ձեզ եւ խնդրում հանձնարարել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշով հարուցել քրեական գործ Գարիկ Իսրայելյանի նկատմամբ: Խնդրում եմ` Գարիկ Իսրայելյանին եւ մյուս մեղավոր անձանց ենթարկել քրեական պատասխանատվության եւ վերադարձնել ինձնից խաբեությամբ եւ վստահությունս չարաշահելու միջոցով հափշտակած գույքն ու գումարները:
Ես` Անահիտ Քարիմյանս, պատրաստ եմ իրավապահ մարմիններին ներկայացնել բոլոր ապացույցները, թե ինչպես են խարդախությամբ տիրացել իմ ունեցվածքին: Ավելին` դիմել եմ իրավապահ մարմիններին, քրեական գործով ճանաչվել եմ տուժող, սակայն գիտեմ, որ մի ազդեցիկ զանգի միջոցով այն կկանխվի»:
Դիմող` Անահիտ Զալիկոյի Քարիմյան
(ք. Երեւան, Ջրվեժ, Մայակ, 3/8 տուն)
Խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Ժպիտ» ակումբի նախագահ Գարիկ Իսրայելյանի հետ, որն ասաց. «ՀՀ քննչական կոմիտեում կարճել են այդ գործը, այդպիսի բան չկա: Դա խարդախություն չէ: Քննչական կոմիտեն ավելի մասնագիտորեն եւ տառացիորեն կներկայացնի, թե ինչպես է եղել, քանի որ բոլորը քննվել են»:

 

 

ԾԽՈՂԸ ՀԻՎԱՆԴ Է
ՀՀ առողջապահության նախարարության` հանրային վայրերում ծխելն արգելող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է ԱԺ գեներալ-պատգամավոր Սերյան Սարոյանի եւ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ:
-Պարո՛ն Սարոյան, ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն` հասարակական, արգելված վայրերում ծխելու համար տուգանքները մեծացել են. խոսքը 250.000 դրամի մասին է: Մեծ տուգանք չե՞ք համարում:
-Ժողովուրդը մի բան ունի՞, որ մի հատ էլ 250.000 դրամ տա ծխելու համար:
-Իսկ հնարավո՞ր է` այդ որոշումը Ձեզ վրա էլ ազդի, եւ որոշեք այլեւս չծխել կամ քիչ ծխել:
-Չեմ կարա ասեմ, բայց 250.000-ը շատ-շատ է: Մեր ազգի համար չի:
-Իսկ Դուք կո՞ղմ եք, որ արգելվի:
-Ծխող մարդը հիվանդ է, ոնց որ հիվանդին ասես` դեղ մի՛ խմի: Էդ օրենք հանողը մի հատ պիտի մտածի: Ասենք` ինքը չի ծխում, բառադարի խոսում ա: Եթե մարդը կարա չծխի, ինքը կյանքում չի ծխի: Էդ մարդը իրոք հիվանդ է. մեկը` ես: Հիմա զոռով ասեն` մի՛ ծխի, եւ այլն…: Փող պոկելու ձեւ ա, էլի:
-ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասում էր, որ ծխող մարդիկ անհաջողակ են:
-Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա:
-Պարո՛ն Սարոյան, Ձեր կարծիքով` կգործի՞ այդ արգելքը:
-Չծխող մարդը նորմալ մարդ ա: Իսկ ծխող մարդը, իրոք, աննորմալ ա, իրոք հիվանդ ա:

Մելիք Մանուկյան
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն` հասարակական, արգելված վայրերում ծխելու համար տուգանքները մեծացել են. խոսքը 250.000 դրամի մասին է: Մեծ տուգանք չե՞ք համարում:
-Ծխելու դեմ պայքարելը շատ հիանալի բան է, բայց տուգանքի չափը շատ բարձր է:
-Դուք պայքարի ի՞նչ տարբերակ ունեք:
-Քիչ տուգանքներով կարելի է պայքարել: Օրինակ` ծխելու համար վայրեր հատկացնել: Տուգանքն էլ որոշ չափով քիչ լինի:
-Օրինակ` հնարավո՞ր է` տուգանքի այդքան մեծ չափը Ձեզ եւս ստիպի հրաժարվել ծխելուց կամ քիչ ծխել հասարակական վայրերում:
-Ես մինչեւ հիմա տենց էլ արել եմ: Շատ քիչ եմ ծխում, եթե ինձ է վերաբերում: Բայց մի հոգով չէ, պետք է ընդհանուր նայել: Ով ծխում է` կծխի: Բայց դժվարություն է մարդկանց համար, երբ տեղ ու հնարավորություն չկա ծխելու: Դա կարա սթրես առաջացնի եւ այլն:
-Ձեզ համար էլ է՞ այդ տուգանքը բարձր:
-Ինչ տարբերություն, բոլորի համար էլ բարձր է:
-ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասում էր, որ ծխող մարդիկ անհաջողակ են:
-Դա իրան կհարցնեք, ես ուրիշի ասածներին չեմ ուզում պատասխանել:
-Այսիքն` Դուք կողմ ե՞ք ծխելու դեմ պայքարին, բայց ոչ այսպես:
-Այո՛:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ




Լրահոս