Կառավարությունը մեծ հաջողությամբ շարունակում է թվանկարչությունը` ցույց տալու համար, թե իրականացվել են վարչապետ Կարեն Կարապետյանի խոստումները: Խոսքը, մասնավորապես, վարչապետի՝ 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովելու հայտարարության մասին է: Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Կարեն Կարապետյանն աչքալուսանք է տվել, թե խոստումը ոչ միայն կատարվել է, այլեւ գերակատարվել: «Թվերը, որը ես եմ հայտարարել՝ 830-840 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին ամփոփված ունենք, եւ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էինք, իրագործվել է, 856 մլն, եթե հիշողությունս չի դավաճանում, որից 580 մլն-ը մասնավոր սեկտորից է»,- ասել է Կարապետյանը: Իսկ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են. «2017 թվականին պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ»: Միայն թե, նկատենք, իշխանությունները նրբորեն շրջանցում են ներդրումների աշխարհագրությունը: Սա պարզ պատճառով. օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարի սպասվածից քիչ են եղել, հիմնականում գումարը եկել է հանքարդյունաբերության ոլորտ, այն էլ օֆշորային երկրներից: Բայց որպեսզի կառավարությունը ցույց տա, թե ապահովել է խոստացված ցուցանիշը, հաշվարկներն անում է իր հնարած մեթոդաբանությամբ` ներառելով նաեւ այդ ընթացքում վերցված վարկային միջոցները, պետության կողմից ներդրված գումարները:
ՀՀԿ-ին դուր չի եկել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ միայն քննադատել էին երկրում տիրող իրավիճակը, այլեւ առաջարկների մեջ մատնանշել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու անհրաժեշտությունը: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ այս հայտարարությունը որակել է շահարկում` հավելելով, որ իրենք ԸՕ-ն չեն փոխի եւ ռեյտինգային ընտրակարգը չեն հանի: «Մենք նախքան կոալիցիա ձեւավորելու ժամանակաշրջանում նաեւ նման խոսակցություններ բանակցությունների ընթացքում ունեցել ենք: Սովորաբար քաղաքական ուժերը միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին: Սա ընդունելի չէ որեւէ քաղաքական ուժի համար, եւ կարող եմ ասել` ե՛ւ լավի, ե՛ւ վատի համար պատասխանատու են կոալիցիոն քաղաքական ուժերը` երկուսը միասին»,- ասել է նա:
Հայտնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում դժգոհել է, որ հայտնվել է պարապուրդի մեջ: «Ինձ նման դերասաններից շատերն այսօր սպասողական վիճակում են, հատկապես, եթե իրենք նախաձեռնող չեն, չեն ասի` ինձ դեր տվեք, եւ այլն։ Ես, այսպես ասած, նախահարձակ չեմ լինում, եւ հետո խաղացանկն էլ այնպիսին չէ, որ ասեմ` այս դերը ես ինչպե՜ս կխաղայի ու հետո պահանջ ներկայացնեմ թատրոնի ղեկավարությանը, որ այդ դերն ինձ տան: Չէ, հիմնականում ջահելներին են զբաղեցնում, նրանց խաղն էլ այն մակարդակի չէ, որ պետք է լիներ։ Այս պարագայում ստիպված լոյալ դիրք եմ գրավում, տարիներն անցնում են, իսկ ես պարապուրդի մեջ եմ»,- ասել է նա։ Գուժ Մանուկյանը նաեւ ասել է, որ մերժում է սերիալներում նկարահանվելու առաջարկները: «Եկել եմ այն եզրակացության, որ պահանջկոտ դերասաններ հեռուստաընկերություններին պետք չեն։ …Նրանք որակ ապահովելու խնդիր չունեն։ Սերիալներում չնկարահանվելու պատճառներից մեկն էլ իմ պրեստիժի հարցն է»։
Նախորդ տարվա սեպտեմբերին Երեւանի Վերնիսաժին հարող տարածքում կրակոցներ արձակելու եւ սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գնվող ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը, որ ավելի ուշ հայտնաբերվել էին Վրաստանում, դեռեւս չեն տեղափոխվել Հայաստան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 2017թ. հոկտեմբերին, երբ նրանք հայտնաբերվել էին Վրաստանում, ՀՀ գլխավոր դատախազությունը Հայաստան տեղափոխելու համար Վրաստանի իշխանություններին միջնորդություն էր ներկայացրել: Ըստ ընթացակարգի` ՀՀ դատախազության միջնորդությունը քննվել է Վրաստանի առաջին ատյանի դատարանում: Սակայն Բլբուլյանը եւ Կարադավիդովը բողոքարկել են Վրաստանի առաջին ատյանի դատարանի՝ իրենց ՀՀ-ին արտահանձնելու որոշումը Վրաստանի վերաքննիչ դատարան` այդպես երկարաձգելով գործընթացը: Ու հիմա «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ իրավապահները սպասում են Բլբուլյանի եւ Կարադավիդովի բողոքարկման գործընթացի ավարտին, որից հետո նոր կորոշվի նրանց տեղափոխման հարցը:
ՀԻՄԱ ԷԼ ՆԱՎԱՐԿՈՒՄ ԵՆՔ
Հայաստանի իշխանությունների համառ ինքնավստահությանը կարելի է նախանձել: Երբեմն նրանք այնպիսի համաձայնագրերի են միանում, որ Հայաստանում դրանց իրագործումն ամենավառ երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել:
Դեռ նախորդ տարի ԱԺ-ն կառավարության ներկայացմամբ վավերացրեց «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին», «Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագրերը: Համաձայնեք` իսկապես ֆանտաստիկայի ժանրից է: Բայց, դե, իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ երկրի ներսում լուծվել էին բոլոր խնդիրները (ասվածի ապացույցը կառավարության գրանցած աննախադեպ տնտեսական աճն է բոլոր ոլորտներով), Հայաստանն անշեղորեն բռնել էր Նյու Վասյուկիի վերածվելու ուղին: Ու դրանից հետո այլ բան չէր մնում, քան նվաճել տիեզերքը` սկսելով, իհարկե, Երկիր մոլորակին ամենամոտ արբանյակից՝ Լուսնից:
Միայն թե իշխանությունները դեպի տիեզերք ճանապարհին մոռացել էին մեկ այլ կարեւորագույն հարցի մասին՝ նավագնացությունը: Մոռացել էին, բայց հոգ չէ. արդեն շտկում են սխալը: Կառավարության առաջիկա նիստում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացնելու է նավագնացության մասին ԵԱՏՄ երկրների համաձայնագրին միանալու հարցը. այդ համաձայնագիրը կառավարությունում հաստատվելուց հետո պետք է ներկայացվի ԱԺ վավերացմանը: Համաձայնեք` սա իսկապես հայրենանվեր գործ է. ի վերջո, մեր գեներում դեռ չի մարել ծովից ծով Հայաստանի պատմական հիշողությունը: Ուստի նավագնացության մասին ԵԱՏՄ երկրների համաձայնագրին միանալը հայրենանվեր գործ է, ծովից ծով Հայաստանի տեսլականը թարմացնելու եւս մեկ փորձ: Ափսոս միայն, որ Հայաստանն այլեւս չունի այդ ծովերը, չկան անգամ նավարկելի գետեր. միայն Սեւանա լիճն է մնացել, այն էլ լճի մակարդակը կամաց-կամաց սկսել է նվազել: Երեւի դրա համար է, որ ՀՀ իշխանությունները մի փոքր համեստ են գտնվել ու, օրինակ, փոխադարձ ճանաչման ենթակա փաստաթղթերի մեջ նշել Հայաստանի Հանրապետության դեպքում ՀՀ անձնագիրը, իսկ ահա ԵԱՏՄ անդամ երկրներից Բելառուսի կամ ՌԴ-ի դեպքում նաեւ նավաստիի անձը հաստատող փաստաթուղթը: