ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՖՅՈՐԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանում մեկ տարվա ընթացքում 830-840 մլն դոլար ներդրում ապահովելու հայտնի խոստումն իրականացվել է, ավելին՝ նշված ցուցանիշները՝ գերակատարվել:

«Մենք այսօր ունենք հաստատված 3.2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է, եւ արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին։ Այսօր կառավարությունում քննարկվում են նաեւ 5,3 մլրդ դոլարի ծրագրեր, որոնք տրամաբանական են, որպես բիզնես կարող են աշխատել, հավելյալ արժեք ստեղծել, աշխատատեղեր»,- նախընտրական քարոզարշավի օրերին մի քանի անգամ գրեթե նույն ձեւակերպումներով հայտարարել է վարչապետ Կարապետյանը։
Երեկ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Փետրվարին բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն, իսկ այն թվերը, որը ես եմ հայտարարել՝ 830-840 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին ամփոփված ունենք, եւ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էինք՝ 856 մլն, եթե հիշողությունս չի դավաճանում, իրագործվել է, որից 580 մլն-ը մասնավոր սեկտորից է: Ցուցակը մոտ օրերս կլինի, կարող եք ուսումնասիրել»: Իսկ պատգամավորի հարցին, թե հիմնական ներդրումները, որոնք սպասում էինք, ՌԴ-ից են գալու, բայց կապված ԱՄՆ պատժամիջոցների հետ` ի՞նչ վտանգ կա, Կարեն Կարապետյանն ասել է, թե բոլոր ներդրումները ՌԴ-ից չեն: «Աշխարհագրությունը կտանք»,- ընդգծել է նա:
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից տրամադրեցին 2017թ. ընթացքում իրականացված ներդրումների վերաբերյալ տեղեկանք: Այնտեղ նշված է, որ նախարարության կողմից ներկայացվել է 70 ծրագիր, որոնք իրականացման տարբեր փուլերում են: Ըստ փաստաթղթի` ծրագրերի շրջանակում 2017 թվականին պետք է կատարվեր շուրջ 490 մլն դոլարի ներդրում եւ ստեղծվեր 7300 նոր աշխատատեղ: Տարվա արդյունքներով իրականացվել է շուրջ 506 մլն դոլարի ներդրում, սակայն ստեղծվել է շուրջ 5200 նոր աշխատատեղ: Ներդրումները կատարվել եւ աշխատատեղերը ստեղծվել են թեթեւ արդյունաբերության, հանքագործության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, ոսկերչության, ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության, խմիչքի արտադրության ոլորտներում:
Նկատենք, սակայն, հրապարակված 506 մլն դոլարը օտարերկրյա ուղիղ ներդրումները չեն: Կառավարությունն իր հաշվետվություններում որպես ներդրում ներկայացնում է նաեւ վարկային միջոցները եւ նման այլ ծրագրեր: Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների, դրանց աշխարհագրության մասին հարցերը կառավարությունը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը շատ հմտորեն շրջանցում են: Այդպես են վարվում, որովհետեւ օտարերկրյա ուղղակի ներդրումներն իրականում քիչ են, բայց կառավարությունը չի ցանկանում խոսել այդ մասին: Դեռ ավելին` վերջին տարիներին Հայաստանից ավելացել է օտարերկրյա կապիտալի արտահոսքը, եղած ներդրումներն էլ հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում են, այն էլ՝ օֆշորային գոտիներից:
Այս թեմային «Ժողովուրդ» օրաթերթն անդրադառնալու առիթներ բազմիցս է ունեցել: Ժամանակին տեղեկացրել ենք, որ կառավարությունն ըստ էության իր սեփական մեթոդաբանությունն է հորինել, որով էլ հաշվարկներ է կատարում, հանրությանը թվեր ներկայացնում: Ընդ որում, այդ մեթոդաբանությունը որեւէ առնչություն չունի ընդունված միջազգային չափանիշների հետ, որը կիրառում է ԱՎԾ-ն: Կառավարությունն այս քայլին է գնացել՝ ցույց տալու համար, թե վարչապետի խոստացած ցուցանիշներն ապահովվել են: Այն էլ հիմա, երբ Կարեն Կարապետյանի մոտ չի մարել ապրիլից հետո կառավարության ղեկավարի կամ գոնե առաջին փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու ձգտումը:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
2017 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից անդամների բացակայություններ չեն եղել: Այդ մասին է վկայում հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանի՝ ԱԺ նախագահին ներկայացրած տեղեկանքը: «Ժողովուրդ»-ը, սակայն, պարզեց, որ նոյեմբեր ամսվա ընթացքում հանձնաժողովը գումարել է երկու նիստ: Այդ նիստերին ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը ներկա չի եղել: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն ու ՀՅԴ-ի պատգամավոր Սուրեն Մանուկյանն էլ նիստերից բացակայել են մեկական անգամ: Դրանում համոզվելու համար բավական է դիտել նիստերի տեսագրություններն ու լուսանկարները: Թե ինչպե՞ս է տեղեկանքում միանգամայն այլ տվյալ ներկայացվել, դժվար չէ կռահել. Վ. Գրիգորյանը փորձել է չարձանագրել բացակայությունները, որպեսզի հետո գործընկերների աշխատավարձերից պահումներ չարվեն:

 

 

ՆԵՐՈՒՄ Է ԽՆԴՐԵԼ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը, պատժի մեղմացման հարցով ներման խնդրագիր է ներկայացրել Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ 2014 թվականին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 17 տարվա ազատազրկման էր դատապարտել նրան Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Նա արդեն 5 տարի կրում է իր պատիժը «Արթիկ» ՔԿՀ-ում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանն ասաց. «Ամեն ինչ Դուք գիտեք, ինչ-որ Դուք գիտեք, մենք չգիտենք, բոլոր էս երկրի անցուդարձին, չգիտեմ` ինչ կա, չկա, բոլորից տեղյակ եք, Դուք ոչ թե չորրորդ իշխանություն եք, Դուք հա՛մ առաջին եք, հա՛մ երկրորդ եք, հա՛մ երրորդ, ես հեչ բանից խաբար չեմ»: Նշենք, որ ժամանակին այդ նույն ՔԿՀ-ում իր պատիժն է կրել նաեւ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակը, քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հայտնի փոխհրաձգությունից հետո:

 

 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՆՎԱԶՈՒՄ
««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն անցած տարում, 2016 թ. համեմատ, ավելի քան 5 մլրդ 783 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՊԵԿ 1000 խոշոր հարկատուների ցանկից: Ընկերությունը 2017թ. ընթացքում պետական բյուջե կատարել է 3 մլրդ 318 մլն 274 հազար դրամի հարկային վճարումներ՝ զբաղեցնելով 42-րդ տեղը: Մինչդեռ 2016թ. օդանավակայանը 17-րդ տեղում էր՝ վճարել էր 9 մլրդ 101 մլն 708 հազար դրամ հարկ: Հետաքրքիր է, որ ՔԱԳՎ տվյալներով` անցած տարում օդային փոխադրումները հենց այս օդանավակայանով զգալի ավելացել են: Հետեւաբար անհասկանալի է, թե ինչու է ընկերությունը այդչափ նվազեցրել հարկերը:

 

 

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ԻՑ
Բաքվում պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Բրիջիթ Բրինքն երեկ հայտարարել է, թե ԱՄՆ-ն ամբողջապես սատարում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Հակամարտությունը շարունակվում է արդեն 20 տարի: Սա երկար ժամանակահատված է: Ինչպես գիտեք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գտնվում են Բաքվում այդ հարցի քննարկման համար»,- նշել է նա: Բրինքի խոսքով` ԱՄՆ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին եւ դրան ամբողջական աջակցություն է ցուցաբերում:
 

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԼԻ
ԱԺ-ում` «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ այս նախագծով ուզում են համայնքներում ստեղծել Հանրապետական կուսակցության քաղաքական մոնոպոլիա: Նրա խոսքով` օրենքի նախագիծը լի է հակասություններով. «Ինչու, եթե դեռ չենք ավարտել համայնքների խոշորացման փուլերը, եթե գոնե մեկ խոշորացման հաջողված պատմություն չունենք, դուք ինքներդ նշեցիք, որ դեռ վաղ է խոսել խոշորացման երկրորդ փուլի մասին, հիմա բերում ենք նման նախագիծ: Դուք փորձում եք հիմա էլ համայնքներում ստեղծել ՀՀԿ-ի քաղաքական մոնոպոլիա»,-հայտարարել է Զոհրաբյանը: «Լսեք համայնքների կարծիքը: Սա կործանելու է համայնքները: Խիզախություն ունեցեք ասելու կառավարությանը, որ հետ տանի նախագիծը»,-ընդգծել է Ն. Զոհրաբյանը:

 

 

ՄԵՌՆԵԼԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՆ
Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը երեկ լրագրողների հետ զրույցում խոսել է հանրային վայրերում ծխելն արգելող օրինագծի վերաբերյալ: Պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի այն հայտարարությանը, թե «առողջապահության նախարարը չի ծխում, դրա համար էլ հաջողության մեջ մեռնում ա», Ալթունյանը կես կատակ-կես լուրջ պատասխանել է. «Մեռնելը մի 30-40 տարով հետաձգվել է»:

 

 

ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Նրանք մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի եւ ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երեւանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին: Քննարկվել են նաեւ Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, ինչպես նաեւ օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները:

 

 

ԿՀԱՆԴԻՊԵՆ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասել է, որ առաջիկա մեկ, երկու օրերի ընթացքում դաշինքը հանդիպում կունենա նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ: «Հանդիպմանը մասնակցելու են խորհրդարանական խմբակցության պատգամավորները. բազմաթիվ են հարցերը, որոնք հուզում են պատգամավորներից շատերին: Պատգամավորներից որեւէ մեկը կաշկանդված չէ իրեն հուզող բազմաթիվ հարցեր ուղղելու նախագահի թեկնածուին»,-նշել է Տոնոյանը: Հարցին, թե Ա. Սարգսյանի անձի հանդեպ դրական տրամադրվածություն ունե՞ն իրենց խմբակցությունում, Տոնոյանն ասել է. «Շատ տարբեր են եղել գնահատականները, սակայն դրանց բովանդակային մասին կանդրադառնամ այն ժամանակ, երբ արդեն իսկ նախագահի թեկնածուի հետ հանդիպումը կայացած կլինի»:




Լրահոս